Print this page
22/02/2018 - 08:10

Հայաստան է ժամանել Լիաբանանի նախագահ Միշէլ Աունը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի հրաւէրով երէկ՝ փետրւարի 21-ին Հայաստան է ժամանել Լիբանանի Հանրապետութեան նախագահ Միշէլ Աունը:

«alikonline.ir» - ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի հրաւէրով երէկ՝ փետրւարի 21-ին Հայաստան է ժամանել Լիբանանի Հանրապետութեան նախագահ Միշէլ Աունը: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

«Զւարթնոց» օդանաւակայանում Լիբանանի նախագահի պատւիրակութեանը դիմաւորեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դաւիթ Լոքեանը: Նշենք, որ նախագահի պատւիրակութեան կազմում են նաեւ ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտէի ներկայացուցիչ եւ խորհրդարանի հայ պատգամաւոր Յակոբ Բագրատունին եւ զբօսաշրջութեան նախարար, ՀՅԴ անդամ Աւետիս Կիտանեանը:

Երեւան ժամանելուց յետոյ Միշէլ Աունն այցելել է Ծիծեռնակաբերդ համալիր։ Աունը լիբանանեան պատւիրակութեան անդամների ուղեկցութեամբ ծաղկեպսակ է դրել Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակի յուշարձանի մօտ, եղել է Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտում:

Երէկ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացել է նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Լիբանանի նախագահի հանդիպումը:

Լիբանանի Հանրապետութեան նախագահի գլխաւորած պատւիրակութիւնն այցելել է նաեւ Մայր Տաճար, ծանօթացել տաճարի Աւանդատուն-թանգարանում ցուցադրւող հայ հոգեւոր մշակոյթի արժէքներին:

Յիշեցնենք, որ այցի շրջանակներում նախատեսւած են Լիբանանի Հանրապետութեան նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագոյն ղեկավարութեան՝ նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի հետ:

ՀՀ նախագահի նստավայրում հայ-լիբանանեան բարձր մակարդակի բանակցութիւնների աւարտին նախագահներ Սերժ Սարգսեանը եւ Միշէլ Աունը ԶԼՄ-ների առջեւ հանդէս կը գան հանդիպման արդիւնքներն ամփոփող յայտարարութիւններով:

Նախատեսւած են նաեւ նախագահ Միշէլ Աունի այցելութիւնները Մատենադարան եւ «Թումօ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

Յարակից լուրեր