Հա

Քաղաքական

22/02/2018

ՀՀ ԱԳ նախարար. «Բեռլինի պատի անկումից գրեթէ 30 տարի անց Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի հետ իր սահմանը»

Հայաստանն ակնյայտօրէն ձեռնարկում է հնարաւոր բոլոր ջանքերը տարածաշրջանում համագործակցութեան մթնոլորտը բարելաւելու համար, սակայն հակամարտութիւնները եւ բաժանարար գծերը շարունակում են խոչընդոտել համագործակցային մթնոլորտի ձեւաւորմանը:

«alikonline.ir» - Հայաստանն ակնյայտօրէն ձեռնարկում է հնարաւոր բոլոր ջանքերը տարածաշրջանում համագործակցութեան մթնոլորտը բարելաւելու համար, սակայն հակամարտութիւնները եւ բաժանարար գծերը շարունակում են խոչընդոտել համագործակցային մթնոլորտի ձեւաւորմանը:

Ինչպէս յայտնում են ՀՀ ԱԳՆ լրատւական ծառայութիւնից, նման յայտարարութեամբ Եւրոպական խորհրդարանում հանդէս է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդւարդ Նալբանդեանը: Տեղեկացնում է «tert.am»-ը:

«Բեռլինի պատի անկումից գրեթէ երեսուն տարի անց Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի հետ իր սահմանը: Երբ տասը տարի առաջ նախագահ Սերժ Սարգսեանը ստանձնեց պաշտօնը, նա նախաձեռնեց Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առանց որեւէ նախապայմանների յարաբերութիւնների կարգաւորման գործընթաց: Թուրքիան համաձայնեց առաջ շարժւել այս հիմքի վրայ, եւ մէկ տարի անց Ցիւրիխում Հայաստանը եւ Թուրքիան երկու արձանագրութիւն ստորագրեցին այս ուղղութեամբ»,- նշել է Նալբանդեանը՝ յաւելելով, որ ստորագրումից անմիջապէս յետոյ Թուրքիան հետ կանգնեց պայմանաւորւածութիւններից:

ՀՀ ԱԳ նախարարի խօսքով՝ Անկարան ոչ միայն ձեռնպահ մնաց արձանագրութիւնների վաւերացումից, այլեւ վերադարձաւ նախապայմանների լեզւին, որը որդեգրել էր գործընթացի մեկնարկից առաջ: Թուրքիան փորձեց հայ-թուրքական կարգաւորման գործընթացը կապել Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման հետ` հիմնւած ադրբեջանական կողմի անհիմն պահանջների վրայ: «Թուրքական կողմի իւրաքանչիւր փորձ միջամտելու ղարաբաղեան գործընթացին կամ յարաբերութիւնների կարգաւորումը կապելու Լեռնային Ղարաբաղի բանակցութիւնների հետ վնասում է երկու գործընթացներին էլ: Սա այն դիրքորոշումն է, որը բազմիցս ընդգծւել է ողջ միջազգային հանրութեան կողմից: Գործընթացի սկզբից ի վեր թուրքական կողմի հետ մեր շփումներում, ինչպէս նաեւ հրապարակայնօրէն յստակ նշել ենք, որ Հայաստանը երբեւէ հարցականի տակ չի դնելու Հայոց Ցեղասպանութեան փաստը կամ դրա միջազգային ճանաչման կարեւորութիւնը: Իրական հաշտեցումը հիմնւած չէ անցեալը մոռանալու կամ երիտասարդ սերնդին ժխտողականութեան հեքիաթներով սնուցելու վրայ»,- շեշտել է Նալբանդեանը:

Նրա խօսքով՝ Հայաստանը չէր պահանջում Թուրքիայի կողմից Ցեղասպանութեան ճանաչումը որպէս յարաբերութիւնների կարգաւորման նախապայման: Որքան էլ որ տարօրինակ է, հէնց Թուրքիան, որը հարիւր տարի շարունակ շարունակաբար ժխտել է Ցեղասպանութիւնը, փորձեց շահարկել այդ խնդիրը` այն օգտագործելով որպէս նախապայման: «Անդրադառնալով այս խնդրին Եւրոխորհրդարանի պատերի ներքոյ իմ ելոյթում՝ չեմ կարող չնշել, որ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման վերաբերեալ առաջին բանաձեւերից մէկն ընդունւել է հէնց այստեղ դեռեւս 1987 թւականին։ Կը ցանկանայի օգտւելով առիթից շնորհակալութիւն յայտնել Եւրոպական խորհրդարանին Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեայ տարելիցին իր սկզբունքային դիրքորոշումն արտայայտելու համար»,- ընդգծել է Էդւարդ Նալբանդեանը։

Հայաստանի արտգործնախարարի խօսքով՝ Թուրքիայի հետ կարգաւորման գործընթացը կարող էր նոր հնարաւորութիւններ ստեղծել ինչպէս երկու ժողովուրդների, այնպէս էլ ընդհանուր առմամբ տարածաշրջանի համար: «Հայաստանը ջանք չի խնայել, որ գործընթացը յաջողութեամբ պսակւի։ Թուրքիան բաց թողեց հաշտեցման պատմական հնարաւորութիւնը: Հայաստանը նախապայմանների լեզւով չի խօսում, բայց չի էլ ընդունի որեւէ մէկի կողմից նախապայմանների առաջադրումը։ Ինչպէս անցեալ շաբաթ օրը Միւնխէնի անվտանգութեան խորհրդաժողովի ժամանակ ունեցած իր ելոյթում ընդգծել է ՀՀ նախագահ Սարգսեանը. «Մենք չենք կարող յաւէրժ սպասել Թուրքիայի պատասխանին»,- նշել է Էդւարդ Նալբանդեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։