Հա

Քաղաքական

28/02/2018 - 10:38

Մարդու իրաւունքների խորհրդի 32-րդ նստաշրջանին Հայաստանը ներկայացնում է Ցեղասպանութեան կանխարգելման բանաձեւ

ՀՀ արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանը փետրւարի 27-ին Ժնեւում ելոյթ է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների խորհրդի 32-րդ նստաշրջանին, որին մասնակցում էին շուրջ մի քանի տասնեակ երկրների արտգործնախարարներ եւ բազմաթիւ միջազգային կազմակերպութիւնների ղեկավարներ։

«alikonline.ir»- ՀՀ արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանը փետրւարի 27-ին Ժնեւում ելոյթ է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների խորհրդի 32-րդ նստաշրջանին, որին մասնակցում էին շուրջ մի քանի տասնեակ երկրների արտգործնախարարներ եւ բազմաթիւ միջազգային կազմակերպութիւնների ղեկավարներ։ Այս մասին «Արմէնպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարութեան մամուլի, տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից՝ յաւելելով. «Իր խօսքում Էդւարդ Նալբանդեանը անդրադարձաւ այս տարի նշւող երկու կարտւոր յոբելեաններին՝ Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագրի եւ Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնւենցիայի 70-ամեակներին՝ նշելով, որ Մարդու իրաւունքների պաշտպանութեան հիմնարար փաստաթղթի դրոյթներն այսօր էլ խախտւում են աշխարհի շատ մասերում։

Այս համատեքստում Հայաստանի արտաքին գործերի նախարարն ընդգծեց. «Երեսուն տարի առաջ՝ 1988 թ. փետրւար ամսւայ այս նոյն օրերին, հայկական ջարդեր տեղի ունեցան Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում, որի արդիւնքում բազմաթիւ հայեր սպանւեցին, վիրաւորւեցին եւ արտաքսւեցին։ Բռնութիւններն իրագործւեցին Ադրբեջանի իշխանութիւնների կողմից` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` ինքնորոշման խաղաղ ձգտումների համար հայերին պատժելու նպատակով: Այդ վայրագութիւնների պատճառով էր, որ Խաղաղութեան Նոբելեան մրցանակակիր Անդրէյ Սախարովը գրեց` «Եթէ մինչեւ Սումգայիթն որեւէ մէկի մօտ դեռ կասկած կարող էր լինել, ապա այդ ողբերգութիւնից յետոյ ոչ մէկի մօտ բարոյական հնարաւորութիւն չմնաց Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի տարածքային միաւորման վրայ պնդելու համար»:

Սումգայիթեան կոտորածը լայնօրէն դատապարտւեց միջազգային հանրութեան կողմից, այդ թւում, Եւրոխորհրդարանի կողմից՝ համապատասխան բանաձեւի ընդունմամբ: Ցաւօք, այս յանցագործութեան կազմակերպիչներն ու իրագործողները ըստ արժանւոյն պատիժ չկրեցին: Ինչպէս բազմիցս է տեղի ունեցել մարդկութեան պատմութեան ընթացքում, անպատժելիութիւնը բերում է նոր ոճրագործութիւնների, ինչպիսիք էին հայկական կոտորածները եւ էթնիկ զտումները Բաքւում, Կիրովաբադում (Գանձակում), Մարաղայում եւ շատ այլ վայրերում։

Ադրբեջանը դիմում է ամէն միջոցի ձգտելով կոծկել այս ոճրագործութիւնները, խուսափել պատասխանատւութիւնից եւ շեղել ուշադրութիւնը դրանցից` շինծու մեղադրանքներով, ներառեալ այսպէս կոչւած Խոջալուի քարոզչական արշաւով, փորձելով իրեն ներկայացնել որպէս զոհ, իսկ հայերին վարկաբեկել նրանց պիտակաւորելով իբր բռնութիւններ իրականացրած կողմ։

Սա Ադրբեջանի հակահայկական այլատյաց քաղաքականութեան մասն է կազմում։ Մինչ օրս Ադրբեջանը չի դադարեցրել հայերի նկատմամբ այլատեացութեան քաղաքականութիւնը: ՄԱԿ-ի Ռասայական խտրականութեան վերացման կոմիտէն, Ռասիզմի ու անհանդուրժողականութեան դէմ եւրոպական յանձնաժողովը եւ շատ այլ մարդու իրաւունքներով զբաղւող կառոյցներ մտահոգութիւն են յայտնել Ադրբեջանում քաղաքական առաջնորդների, կրթական հաստատութիւնների եւ լրատւամիջոցների կողմից հայերի նկատմամբ մշտապէս կիրառւող ատելութեան քարոզի առնչութեամբ եւ որ ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ է մեծացել` անսալով ատելութեան այս հռետորաբանութեանը։ Նմանօրինակ հակահայկական քարոզչութիւնն է, որ հրահրել է հայերի նկատմամբ շարունակական վայրագութիւններ, ներառեալ 2016 թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զինւած ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրաւունքի կոպտագոյն խախտումները` երեխաների, կանանց, ծերերի սպանութիւնները, դիակապտութիւնները, գերեւարւած զինւորների` տխրահռչակ ահաբեկչական կազմակերպութիւններին բնորոշ ոճով գլխատումները»։

Խօսելով միջազգայնօրէն չճանաչւած կարգավիճակներով տարածքների բնակչութեան նկատմամբ խտրականութեան դրսեւորման անթոյլատրեիլութեան մասին, նախարար Նալբանդեանն ասաց. «Երբ առկայ է կեանքի անմիջական սպառնալիք, առաջնային նշանակութիւն է ձեռք բերում հակամարտութեան գօտում բնակւող անձանց համար ՄԱԿ-ի համապատասխան գործակալութիւնների եւ յատուկ ընթացակարգերի հասանելիութեան ապահովումը, մարդասիրական օգնութեան տրամադրումը:Զաւեշտալի է, երբ զանգւածային յանցագործութիւններ իրականացնողների հետ խորհրդակցում են միջազգային կազմակերպութիւնների ներգրաւման եւ մարդասիրական օժանդակութիւն տրամադրելու վերաբերեալ նրանց թոյլտւութիւնը ստանալու շուրջ։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չպէտք է զրկւի մարդու իրաւունքների հարցերով զբաղւող կազմակերպութիւնների հետ համագործակցելուց Ադրբեջանի առարկութեան պատճառով, մի երկրի, որը տխրահռչակ է հէնց մարդու իրաւունքների ոտնահարմամբ։

Համընդհանուր հռչակագիրը սահմանում է, որ մարդու անհատական եւ հաւաքական իրաւունքների եւ հիմնարար ազատութիւնների իրականացումը չպէտք է պայմանաւորւած լինի տարածքի կարգավիճակով, ուր բնակւում է ժողովուրդը: Սա պէտք է լինի առաջնորդող սկզբունք բոլոր նրանց համար, ովքեր հաւատարիմ են Հռչակագրի համընդհանուր կիրառմանը՝ առանց որեւէ «գորշ գօտիներ» թողնելու այնտեղ, որտեղ մարդիկ զրկւած են իրենց իրաւունքների իրականացման համար միջազգային աջակցութիւնից: Ուշացած արձագանքը, իրավիճակի հետաձգւած դիտարկումը, կանխարգելիչ միջոցառումների բացակայութիւնը հռչակւած յանձնառութիւնների եւ տեղում դրանց իրականացման միջեւ առկայ բացթողումներն են: Հիրաւի, «իրաւունքի կիրառման հետաձգումը իրաւունքի մերժումն է»:

Ցանկանում եմ մէջբերել Համընդհանուր հռչակագրի հեղինակներից մէկի` Էլէոնոր Ռուզւելտի խօսքերը. «մենք չենք կարող ունենալ խաղաղութիւն կամ խաղաղութեանը նպաստող միջավայր, քանի դեռ չենք ճանաչում անհատների իրաւունքները»։

Էդւարդ Նալբանդեանի ելոյթում կարեւոր տեղ էր յատկացւած ցեղասպանութիւնների եւ մարդկութեան դէմ յանցագործութիւնների կանխարգելման գործում միջազգային հանրութեան ջանքերում Հայաստանի նախաձեռնութիւններին։ ԱԳՆ ղեկավարը տեղեկացրեց, որ Մարդու իրաւունքների խորհրդի 32-րդ նստաշրջանին Հայաստանը ներկայացնում է Ցեղասպանութեան կանխարգելման բանաձեւ, որով Կոնւենցիայի ընդունման 70-ամեակը նշւելու է գործողութիւնների յստակ առաջարկութիւններով և անդրադարձ է կատարւելու այս ուղղութեամբ ՄԱԿ-ի եւ նրա անդամ երկրների գործունէութեանը

«2015 թ. Հայաստանի նախաձեռնութեամբ ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների խորհուրդը միաձայն ընդունեց Ցեղասպանութեան կանխարգելման բանաձեւ: Որպէս դրա շարունակութիւն` կրկին մեր նախաձեռնութեամբ, ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը հռչակեց Ցեղասպանութեան յանցագործութեան զոհերի յիշատակի միջազգային օր: Ինչպէս վերջերս նշել է ՄԱԿ-ի Գլխաւոր քարտուղարի տեղակալ Մայքլ Մեոլլերը. «Հայաստանն առաջատար դեր է ստանձնել 1948 թւականին ընդունւած Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնւենցիայի կիրառման պաշտպանութեան գործում»:

Աշխարհի տարբեր մասերում՝ հէնց մեր աչքերի առջեւ, կատարւող էթնիկ եւ կրօնական խմբերի դէմ ինքնութեամբ պայմանաւորւած յանցագործութիւնները, բացայայտ կերպով ի ցոյց են դնում, որ աշխարհը զերծ չէ այս «նողկալի արհաւիրքից» եւ կանխարգելման օրակարգի վերակենդանացմանն ուղղւած միջազգային ջանքերի կրկնապատկումը շարունակում է հրամայական մնալ:

Մարդու իրաւունքների խորհրդի այս նստաշրջանին Հայաստանը ներկայացնում է Ցեղասպանութեան կանխարգելման բանաձեւ, որով Կոնւենցիայի ընդունման 70-ամեակը նշւելու է գործողութիւնների հստակ առաջարկութիւններով եւ անդրադարձ է կատարւելու այս ուղղութեամբ ՄԱԿ-ի եւ նրա անդամ երկրների գործունէութեանը: Դեկտեմբերի 9-ին մենք Երեւանում հիւրընկալելու ենք Ընդդէմ Ցեղասպանութեան յանցագործութեան երրորդ գլոբալ ֆորումը։ Այն կարեւոր հարթակ կը հանդիսանայ այս զազրելի յանցագործութեան դէմ մեր միասնական պայքարի վճռականութեան արտացոլման, դրա շուրջ իրազեկւածութեան բարձրացման եւ կրթութեան խրախուսման միջոցով Ցեղասպանութիւնների կանխարգելման համար»,- ասաց Հայաստանի արտգործնախարարը։

Անդրադառնալով մարդու իրաւունքների պաշտպանութեան բնագաւառում Հայաստանի յանձնառութիւններին եւ դրանց կատարմանը նախարար Նալբանդեանն ասաց. «Հայաստանը շարունակում է իրականացնել Մարդու իրաւունքների պաշտպանութեան գործողութիւնների ազգային ծրագիրը, որի հիմնական նպատակն է մարդու իրաւունքների պաշտպանութեան ոլորտում միասնական քաղաքականութեան փաստաթղթի ձեւաւորումը: Մենք պարտաճանաչ կերպով ՄԱԿ-ի պայմանագրային մարմիններին ենք ներկայացրել Հայաստանի ազգային զեկույցները եւ դրանց իրականացման հաշւետւութիւնները: Հայաստանը սատարում է Համընդհանուր պարբերական վերանայման գործընթացը եւ պատրաստւում է կամաւոր հիմունքներով ներկայացնել Համընդհանուր պարբերական վերանայման երկրորդ միջնաժամկէտ զեկոյցը:

Մեր երկիրն աւարտին է հասցնում անցումը կառավարման խորհրդարանական համակարգին: Անցումային ողջ գործընթացի ժամանակ` ներառեալ Սահմանադրական հանրաքւէն, Հայաստանի առանցքային օրէնքներում համապատասխան փոփոխութիւնները եւ խորհրդարանական ընտրութիւնները իրականացւել են ներառական մթնոլորտում՝ միջազգային մեր գործընկերների հետ սերտ համագործակցութեամբ ,եւ ի ցոյց են դրել, որ մեր երկրում հիմնարար ազատութիւնների պաշտպանութեան ոլորտում արձանագրւած առաջընթացը կայուն է եւ անշրջելի:

Մենք շարունակելու ենք բարեփոխումների գործընթացը Հայաստանում` հենւելով նաեւ մեր գործընկերների, այդ թւում` ՄԱԿ-ի կողմից տրամադրւած աջակցութեան վրայ:

Պարոն նախագահ, ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի շարունակական յանձնառութիւնն` առաւել ամրապնդելու ժողովրդավարական հաստատութիւնները, օրէնքի գերակայութիւնը, դատական համակարգը, արդիւնաւէտ կառավարումը, որոնք շարունակում են կարեւոր տեղ զբաղեցնել մեր առաջնայնութիւններում»։  

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։