Հա

Քաղաքական

01/03/2018

Արցախի ԱԺ-ն Սումգայիթի կոտորածի 30-րդ տարելիցի կապակցութեամբ յայտարարութիւն է ընդունել

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը փետրւարի 28-ի լիագումար նիստում ընդունել է յայտարարութիւն Սումգայիթ քաղաքի հայ բնակչութեան կոտորածի 30-րդ տարելիցի կապակցութեամբ: Ստորեւ ներկայացնում ենք յայտարարութիւնն ամբողջութեամբ:

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը փետրւարի 28-ի լիագումար նիստում ընդունել է յայտարարութիւն Սումգայիթ քաղաքի հայ բնակչութեան կոտորածի 30-րդ տարելիցի կապակցութեամբ: Ստորեւ ներկայացնում ենք յայտարարութիւնն ամբողջութեամբ:

«1988 թւականի փետրւարի 27-29-ը, Բաքւից ընդամենը 30 կմ. հեռաւորութեան վրայ գտնւող Սումգայիթ քաղաքի հայ բնակչութեան հանդէպ Ադրբեջանի իշխանութիւնների կողմից իրականացւել է կոտորած եւ բռնի տեղահանութիւն։ Նախապէս ծրագրւած վայրագութիւններին զոհ են գնացել հարիւրաւոր հայեր, մեծ մասամբ՝ կանայք, երեխաներ եւ ծերեր, հազարաւոր հայեր զանգւածային բռնութիւններով տեղահանւել են, իսկ նրանց պատկանող գոյքը՝ հափշտակւել։

Սումգայիթում կազմակերպւած յանցագործութիւնը ադրբեջանական իշխանութիւնների՝ Նախիջեւանի օրինակով խտրականութեան, էթնիկ զտումների եւ հայաթափման խորհրդային տարիներին անպատիժ իրագործւող քաղաքականութեան հերթական դրսեւորումն էր, որը շարունակւեց Բաքւում, Գանձակում, Հիւսիսային Արցախի միւս հայաբնակ վայրերում։ Այդ վայրագութիւններով Բաքւի իշխանութիւնները սպառնում էին իր իրաւունքների պաշտպանութեան համար ոտքի ելած արցախահայութեանը՝ պատանդ դարձնելով Արեւելեան Անդրկովկասի հայութեանը: Մինչդեռ այդ օրերին Արցախում ծաւալւող համաժողովրդական ազատագրական պայքարը կոչւած էր վերջ դնելու հայ մարդու ազգային արժանապատւութեան հանդէպ ոտնձգութիւններին եւ ադրբեջանական իշխանութիւնների ցեղասպան քաղաքականութեանը:

Յարգելով սումգայիթեան եղեռնագործութեանը զոհ դարձած անմեղ հայերի յիշատակը եւ համոզւած լինելով, որ պետական մակարդակով իրականացւած հայ բնակչութեան ջարդերն ու կոտորածը անպատիժ թողնելը յանգեցրեց զանգւածային նոր յանցագործութիւնների եւ Ադրբեջանի կողմից նորանկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ժողովրդի դէմ պատերազմի՝ Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը.  դատապարտում է խտրականութեան, այլատյացութեան եւ անհանդուրժողականութեան ցանկացած դրսեւորում, գտնում է, որ պաշտօնական Բաքուն ցայսօր շարունակում է լինել Ցեղասպանութեան քաղաքականութեան կրողը, որի վերջին վկայութիւնը 2016 թ. ապրիլին Արցախի քաղաքացիական բնակչութեան հանդէպ իրականացւած յանցագործութիւններն են,

վերահաստատում է, որ Արցախի Հանրապետութիւնը հետեւողական է լինելու բռնութիւնների եւ տեղահանման ենթարկւած ադրբեջանահայութեան իրաւունքների վերականգնման ու պաշտպանման գործում, կոչ է անում խորհրդարանական կառոյցներին, միջազգային իրաւապաշտպան կազմակերպութիւններին Սումգայիթի հայ բնակչութեան զանգւածային ջարդերի ու կոտորածի 30-րդ տարելիցի կապակցութեամբ դատապարտել Բաքւի կողմից ադրբեջանահայութեան դէմ իրագործած Ցեղասպանական ակտերը»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։