Հա

Քաղաքական

02/03/2018

ԿԱՐԵՒՈՐ. Հայ-թուրքական արձանագրութիւնները պաշտօնապէս չեղարկւեցին

ՀՀ նախագահ, Ազգային անվտանգութեան խորհրդի նախագահ Սերժ Սարգսեանն այսօր հրաւիրել է Ազգային անվտանգութեան խորհրդի նիստ:

«alikonline.ir» - ՀՀ նախագահ, Ազգային անվտանգութեան խորհրդի նախագահ Սերժ Սարգսեանն այսօր հրաւիրել է Ազգային անվտանգութեան խորհրդի նիստ: Գրում է «yerkir.am»-ը:

Մինչեւ օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը ՀՀ նախագահը նախ նիստին մասնակցող բոլոր գործընկերների անունից շնորհաւորել է Գագիկ Յարութիւնեանին՝ Ազգային ժողովում լայն համաձայնութեամբ Բարձրագոյն դատական խորհրդի անդամի պաշտօնում ընտրւելու կապակցութեամբ եւ բարեմաղթել, որ դատական խորհրդի անդամ իր միւս գործընկերների հետ միասին նա յաջողութեամբ իրականացնի խորհրդի սահմանադրական գործառույթը, այն է՝ ապահովել դատարանների եւ դատաւորների անկախութիւնը:

ԱԱԽ նիստի օրակարգի շրջանակներում քննարկման է ներկայացւել 2009 թւականի հոկտեմբերին Ցիւրիխում ստորագրւած հայ-թուրքական արձանագրութիւնների մասին հարցը, որի վերաբերեալ զեկուցել է արտաքին գործերի նախարար Էդւարդ Նալբանդեանը:

Հանրապետութեան նախագահը նիստի բացման խօսքում հակիրճ անդրադարձել է տարածաշրջանում ապահով ու համերաշխ ապագայ կերտելու տեսլականով իր նախաձեռնութեամբ սկիզբ դրւած` առանց նախապայմանների Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին եւ դրանից յետոյ տեղի ունեցած զարգացումներին. Նախագահ Սարգսեանը մասնաւորապէս ներկայացրել է ցիւրիխեան արձանագրութիւնների ստորագրումից յետոյ միջպետական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացն առաջ մղելու ուղղութեամբ Հայաստանի ջանքերն ու ի հակառակ դրա՝ միջազգային հանրութեան առջեւ իր ստանձնած պարտաւորութիւնների կենսագործման ուղղութեամբ տարիներ շարունակ Թուրքիայի կողմից դրական տեղաշարժի բացակայութիւնը:

Սերժ Սարգսեանը յիշեցրել է, որ Հայաստանը տարբեր առիթներով յայտարարել է, որ այս հարցում Թուրքիայի կողմից յիշեալ քաղաքականութիւնը չփոխւելու դէպքում, Հայաստանը ցիւրիխեան արձանագրութիւնները կը յայտարարի առ ոչինչ եւ 2018 թւականի գարուն կը մտնի առանց դրանց:

«Յարգելի՛ գործընկերներ,

Յիշում էք, որ բոլորիդ համաձայնութեամբ, երբ ես նախաձեռնեցի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւններն առանց նախապայմանի կարգաւորելու գործընթացը, առաջնորդվում էի տարածաշրջանում ապահով եւ համերաշխ ապագայ կերտելու տեսլականով: Հայաստանն արեց հնարաւորը մեր Հանրապետութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան յարաբերութիւնները կարգաւորելու բեռը գալիք սերունդներին չթողնելու համար: Մեր ցանկութիւնն այդ էր, որպէսզի այդ բեռը մենք կրենք, աւարտենք գործընթացը եւ չթողնենք նրանց ուսերին: Սակայն արձանագրութիւնների ստորագրումից յետոյ անցած ինը տարիների ընթացքում Անկարան, վերադառնալով իր անհիմն նախապայմաններին, ոչ միայն որեւէ քայլ չարեց արձանագրութիւնները վաւերացնելու եւ ուժի մեջ մտնելու համար, այլեւ որեւէ կասկած չթողեց, որ նա չի պատրաստւում այդ գործընթացը իրականացնել: 2017 թւականի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի ամբիոնից ես յայտարարեցի, որ Թուրքիայի կողմից արձանագրութիւնների վաւերացման գործընթացը ըստ պատշաճի չիրականացնելու պարագայում մենք գարուն ենք մտնելու այդ արձանագրութիւններն առ ոչինչ յայտարարւած, այսինքն՝ առանց այդ արձանագրութիւնների: Հիմա եկել է որոշում կայացնելու ժամանակը, եւ այսօրւայ մեր քննարկման թեման հէնց դա է: Այս հարցով խօսքը տրամադրում եմ արտաքին գործերի նախարարին, որ նա հանգամանօրէն մէկ անգամ եւս անդրադառնայ հարցին»,- ասել է նախագահ Սերժ Սարգսեանը՝ յաւելելով, որ Հայաստանը, նախաձեռնելով այս գործընթացը, գիտակցում էր, որ այն միանշանակ չի ընդունւելու իր հասարակութեան բոլոր անդամների ու յատկապէս սփիւռքի հայրենակիցների կողմից, որոնք Ցեղասպանութիւն վերապրածների սերունդներ են, այդուհանդերձ, գնաց այդ քայլին`գիտակցելով դրա անհրաժեշտութիւնը:

Արտաքին գործերի նախարարի զեկոյցից յետոյ խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիրքորոշումները հարցի վերաբերեալ՝ նշելով, որ հարեւան Թուրքիան չօգտւեց ընձեռւած պատմական հնարաւորութիւնից, աւելին՝ առաջ քաշած իր նախապայմաններով ոչ միայն չնպաստեց Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների կարգաւորմանը, այլեւ բարդութիւններ ստեղծեց ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգաւորման բանակցային գործընթացում՝ նպաստելով Ադրբեջանի դիրքորոշման առաւել կարծրացմանը: ԱԱԽ անդամներն ընդգծել են, որ ստեղծւած իրավիճակում Հայաստանին այլընտրանք չի մնում, քան դադարեցնել արձանագրութիւնների կնքման ընթացակարգերը:

Նրանք նաեւ նշել են, որ Հայաստանն աւելի շատ հիմքեր ուներ Թուրքիային նախապայմաններ առաջադրելու, սակայն ընտրեց հարեւանների հետ յարաբերութիւնների կարգաւորմամբ խաղաղ եւ կայուն տարածաշրջան ունենալու հեռանկարը:

Քննարկման արդիւնքում անվտանգութեան խորհուրդը միաձայն հաւանութիւն է տւել 2009 թւականի հոկտեմբերի 10-ին Ցիւրիխում ստորագրւած «Հայաuտանի Հանրապետութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան միջեւ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու մասին» եւ «Հայաuտանի Հանրապետութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան միջեւ յարաբերութիւնների զարգացման մասին» արձանագրութիւնների կնքման ընթացակարգերի դադարեցմանը:

Ամփոփելով նիստը` նախագահը մէկ անգամ եւս շեշտել է, որ Թուրքիան խախտելով ընդունւած միջազգային պրակտիկան եւ այն հանձնառութիւնները, որ պետութիւնները ունեն միջազգային հանրութեան առջեւ, ուղղակի կոպիտ ձեւով չվաւերացրեց այդ արձանագրութիւնները՝ առաջ քաշելով դրանց հետ կապ եւ որեւէ աղերս չունեցող նախապայմաններ:

«Մէկ անգամ եւս ուզում եմ կրկնել, որ մենք որեւէ մեկի հետ յարաբերութիւններում նախապայմաններ չենք առաջադրում, եւ որեւէ մեկի նախապայմաններ առաջադրելու պրակտիկան ուղղակի մեզ մօտ չի անցնելու: Մենք փոքր պետութիւն ենք, չունենք ոչ հզօր ռազմական, ոչ տնտեսական ներուժ, բայց մենք անկախ պետութիւն ենք եւ գործելու ենք միայն ի շահ մեր պետութեան եւ մեր ժողովրդի:

Եւ հաշւի առնելով մեր համաձայնութիւնը այս հարցում՝ ես նիստից յետոյ անմիջապէս կը ստորագրեմ հրամանագիր այս ընթացակարգը դադարեցնելու մասին: Խնդրում եմ արտաքին գործերի նախարարին՝ մեր այս որոշման մասին ծանուցել Թուրքիային, որից յետոյ այդ համաձայնագրերով ստանձնած որեւէ պարտաւորութիւն մեզ համար իրաւական որեւէ նշանակութիւն չի ունենալու»,- ընդգծել է նախագահ Սարգսեանը՝ նշելով, որ այս հարցի կապակցութեամբ Հայաստանի մօտեցումների մասին նամակով տեղեկացրել է նաեւ արձանագրութիւնների ստորագրման արարողութեանը ներկայ բոլոր կողմերին, մասնաւորապէս՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ եւ Շւէյցարիայի նախագահներին, Եւրոպական միութեան խորհրդի նախագահին, ինչպէս նաեւ Եւրոպայի խորհրդի գլխաւոր քարտուղարին՝ շնորհակալութիւն յայտնելով նրանց եւ բոլոր այն երկրներին ու միջազգային կազմակերպութիւններին, ովքեր աջակցութիւն են ցուցաբերել այս նախաձեռնութեանը:

«Ես ուզում եմ մեր հանրութեան եւ ձեր ուշադրութիւնը հրաւիրել երկու հանգամանքի վրայ: Հանգամանք առաջին՝ իմ խորին համոզմամբ, մեր անցած ճանապարհը շատ օգտակար էր: Երբ մենք սկսում էինք բանակցային գործընթացը, բնական է, որ կանխատեսում էինք երկու ելք՝ դրական կամ բացասական: Եւ եկանք այն եզրակացութեան, որ երկու պարագայում էլ մենք շահող ենք. կը ստացւի յարաբերութիւններ հաստատել՝ դա կը բխի երկու ժողովուրդների շահերից, չի ստացւի, ապա միջազգային հանրութիւնը միջեւ վերջ կը համոզւի, որ յարաբերութիւնների բացակայութիւնը պէտք է փնտրել այլ տեղ, համենայնդէպս ոչ Հայաստանի գործելաոճում: Եւ կարծում եմ՝ մենք դրան ամբողջովին հասել ենք: Չկա մի միջազգային կառույց, չկա շատ թե քիչ միջազգային գործընթացներին մասնակցող որեւէ պետութիւն, որն ունենայ այլ կարծիք: Եւ այդ կարծիքը բազմաթիւ անգամ մենք լսել ենք հրապարակավ՝ թէ գնդակը ում դաշտում է, թէ ում պատճառով չեն վաւերացւում այս արձանագրութիւնները: Հանգամանք երկրորդ՝ ինչպես ասացի, մեր սկզբունքային դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ մենք խորապէս համոզւած ենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւններ հաստատելը, այնուհետեւ այդ յարաբերութիւնների զարգացումը բխում է մեր երկու ժողովուրդների շահերից: Գիտէք, իհարկէ, շահը ակնյայտ է, բայց միշտ վազել այդ շահի հետեւից՝ յոյս չունենալով, որ որեւէ պարագայում կարող ես հասնել, այդ ընթացքում կարող ես շատ բան կորցնել: Ուստի, մենք պատրաստ կը լինենք Թուրքիայի հետ յարաբերութիւններ հաստատել, եթէ այս գիտակցումը լինի նաեւ թուրքական կողմի մօտ: Եթէ վաղը, միւս օրը կը լինեն առաջարկութիւններ, մենք պատրաստ կը լինենք այս առաջարկութիւնները քննարկել, իսկ մինչ այդ մենք կաշխատենք զարգանալ այնպէս, ինչպէս մինչեւ հիմա էինք զարգանում առանց Թուրքիայի հետ ունենալով դիվանագիտական յարաբերութիւններ»,- ընդգծել է ՀՀ նախագահը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։