Հա

Քաղաքական

03/03/2018 - 11:10

Ռ. Սաֆրաստեան. «Աշխարհը հասկացաւ, որ Թուրքիան մտաւ գործընթացի մէջ, եւ ինքն էլ վիժեցրեց արձանագրութիւնները՝ մեծացնելով անվստահութիւնն իր նկատմամբ»

«tert.am»-ի հետ զրոյցում ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայի արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն Ռուբէն Սաֆրաստեանն անդրադառնում է հայ-թուրքական արձանագրութիւնների չեղարկումից յետոյ միջազգային հանրութեան հնարաւոր դիրքորոշումներին, թուրք-ամերիկեան յարաբերութիւնների լաւացման համար ստեղծւած 3 յանձնաժողովների գրանցելիք արդիւնքներին: Ըստ Սաֆրաստեանի՝ կայ կարմիր գիծ, որից այն կողմ թուրք-ամերիկեան յարաբերութիւնները չեն կարող վատանալ եւ նոյնպիսի կարմիր գիծ, որից այն կողմ ռուս-թուրքական յարաբերութիւնները՝ լաւանալ: 

«alikonline.ir» - «tert.am»-ի հետ զրոյցում ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայի արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն Ռուբէն Սաֆրաստեանն անդրադառնում է հայ-թուրքական արձանագրութիւնների չեղարկումից յետոյ միջազգային հանրութեան հնարաւոր դիրքորոշումներին, թուրք-ամերիկեան յարաբերութիւնների լաւացման համար ստեղծւած 3 յանձնաժողովների գրանցելիք արդիւնքներին: Ըստ Սաֆրաստեանի՝ կայ կարմիր գիծ, որից այն կողմ թուրք-ամերիկեան յարաբերութիւնները չեն կարող վատանալ եւ նոյնպիսի կարմիր գիծ, որից այն կողմ ռուս-թուրքական յարաբերութիւնները՝ լաւանալ:

 

- Պարո՛ն Սաֆրաստեան, ինչպէս եւ յայտարարել էր նախագահ Սերժ Սարգսեանը ՄԱԿ-ի ամբիոնից՝ 2018-ի գարունը դիմաւորելու ենք առանց հայ-թուրքական արձանագրութիւնների, դրանք չեղարկւեցին: Ինչպէ՞ս, ի՞նչ պաշարով դուրս եկան կողմերը այս պրոցեսից, ի՞նչ տւեց այն կողմերին:

Կամ չտւեց:

- Արձանագրութիւնների չեղարկումը Հայաստանի կողմից միանգամայն սպասելի ու տրամաբանական էր. թուրքական կողմի ոչ պատշաճ գործողութիւնների պատճառով, ըստ էութեան, դրանք գոյութիւն չունեցող փաստաթղթեր են: Նրանք վիժեցրին գործընթացը, որը կապւած էր արձանագրութիւնների հետ, եւ կարծում եմ՝ համաշխարհային հասարակական կարծիքը, խոշոր տէրութիւնները շատ լաւ հասկացան, որ Թուրքիան մտաւ այդ գործընթացի մէջ, եւ ինքն էլ վիժեցրեց: Դա նշանակում է, որ աշխարհում աւելի մեծացաւ անվստահութիւնը թուրքական կողմի նկատմամբ.  տարիների ընթացքում մենք տեսնում ենք դժգոհութիւն եւրոպական շատ առաջատար երկրների, ԱՄՆ-ի կողմից թուրքական կողմի նկատմամբ, թուրքական դիւանագիտութեան նկատմամբ: Եւ կարծում եմ՝ թուրքական դիւանագիտութեան գործողութիւնները՝ կապւած արձանագրութիւնների հետ, մէկ անգամ եւս հաստատեցին, որ թուրքական դիւանագիտութեան նկատմամբ անվստահութիւնն ունի բոլոր հիմքերը աշխարհում գոյութիւն ունենալու համար:

 

- Կան այլ կարծիքներ, մասնաւորապէս, որ այդ արձանագրութիւնները դէ ֆակտօ գոյութիւն չունէին, չեղարկումը դէ ֆակտօ Թուրքիան էր արել, եւ Երեւանը դէ իւրէ չպէտք է դա անէր, որպէսզի Թուրքիային այստեղ-այնտեղ խօսելու հնարաւորութիւն չտալ, որ, տեսէք՝ առաջին քայլն արեց Հայաստանը:

- Թուրքիան, ինչպէս ասացի, վիժեցրեց այս գործընթացը, սկսեց նախապայմաններ առաջ քաշել՝ Ադրբեջանի հետ կապւած. Թուրքիայի կողմից եղան գործողութիւններ, որոնք դիւանագիտական առումով անընդունելի են: Եւ Հայաստանի կողմից փաստաթղթերի չեղարկումը, ինչպէս ասացի, տրամաբանական էր: Ես կարծում եմ, որ մեր դիւանագիտութիւնը պէտք է կարողանայ աշխարհին շատ յստակ ներկայացնել մեր դիրքորոշումը: Եւ այս առումով, թուրքական դիւանագիտութիւնը, չեմ կարծում, որ որեւիցէ բան շահեց: Կարծում եմ՝ կորցրեց:

 

- Երբ պրոցեսը նոր-նոր էր նախաձեռնւում, շատերն այն կարծիքին էին, որ Հայաստանն այդ արձանագրութիւնների շնորհիւ դարձաւ միջազգային խաղացող։ Յիշենք՝ ինչպէս էին երկու գերտէրութիւնները Ցիւրիխում քաջալերում Նալբանդեանին ստորագրել այս փաստաթուղթը, իսկ Թուրքիային էլ դա տւեց այն, ինչին ձգտում էր՝ «0 պրոբլեմ հարեւանների հետ»: Հիմա, երբ այս ամէնը չկայ, կարելի՞ է ասել, որ կողմերը չունեն այս երկու ենթադրեալ առաւելութիւնները:

- Առանձնապէս չեմ հաւատում, որ Թուրքիան որեւիցէ առաւելութիւն ստացաւ այս արձանագրութիւններից եւ նշեցի, որ Թուրքիան, հակառակը, աւելացրեց աշխարհում իր դիւանագիտութեան, արտաքին քաղաքականութեան նկատմամբ անվստահութիւնը: Եւ նրանք ոչ մի բան չշահեցին, այլ կորցրին: Իսկ Հայաստանը, հետեւողականօրէն Թուրքիայի նկատմամբ իր արտաքին քաղաքական գիծը վերահաստատելով, այն է, որ Թուրքիայի հետ պատրաստ է միջպետական յարաբերութիւնների կարգաւորմանը առանց որեւէ նախապայմանի, աւելացնում է մեր դիւանագիտութեան գնահատականը, որովհետեւ ժամանակակից աշխարհի համար դիւանագիտական յարաբերութիւնները կարգաւորելու համար նախապայմաններ առաջ քաշելն անհասկանալի է: Իսկ թուրքական դիւանագիտութիւնը ոչինչ չշահեց:

 

- Հնարաւոր համարո՞ւմ էք, որ երկրները, որոնք այս պրոցեսը նախաձեռնել էին, կրկին փորձեն:

- Հակառակը՝ կարծում եմ, որ չկայ որեւէ նախադրեալ, որ սկիզբ կառնի նոր գործընթաց, որի նպատակը կը լինի 2 երկրների միջեւ յարաբերութիւնների կարգաւորումը:

 

- Ամերիկեան կողմից եւ՞ս չի կարող լինել:

- Ամերիկեան կողմի դիրքորոշումը շատ յստակ արտայայտւած է 92 թւականից, երբ այն ժամանակւայ Պետքարտուղար Բեքերն այցելեց Հայաստան եւ շատ յստակ յայտարարեց, որ ԱՄՆ-ը շահագրգռւած է, որ երկու երկրների միջեւ լինեն նորմալ յարաբերութիւններ: Բայց մենք տեսնում ենք, որ այս տասնամեակների ընթացքում թուրքական կողմը Հայաստանի վրայ ճնշում գործադրելու, պարտադրելու իր ցանկութիւնը չի փոխում: Եւ ամերիկացիները, իհարկէ, հիմա էլ են շահագրգռւած, որ հայ-թուրքական յարաբերութիւնները կարգաւորւեն, բայց հաշւի առնելով, որ Թուրքիան նման համառութիւն է ցուցաբերում՝ չեմ կարծում, որ որեւիցէ դրական տեղաշարժ կը լինի:

 

- Մի շարք դիւանագէտներ, փորձագէտներ կարծիք են յայտնել, որ մեթոդաբանական խնդիր կայ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման եւ հայ-թուրքական հաշտեցման գործընթացները մէկտեղելու մէջ: Կիսո՞ւմ էք այս մօտեցումը:

- Ոչ: Պէտք է թուրքական կողմից լինեն նախանշաններ, որ պատրաստ են այդ յարաբերութիւնները կարգաւորել: Եթէ դրանք չկան, ինչպէ՞ս կարող է 2 երկրների միջեւ յարաբերութիւնների կարգաւորման որեւիցէ գործընթաց սկսել: Կողմերից երկուսը պէտք է պատրաստ լինեն։

 

- Երեւանի՝ հայ-թուրքական յարաբերութիւններին վերաբերող դիւանագիտութեան շրջանակներում կարող է մտել նոր՝ տարածաշրջանում թուրք-քրդական յարաբերութիւնների, Սիրիայում այս իրավիճակի գործողութիւնների հարցը:

- Չեմ կարծում, որ Երեւանն այս հարցում իրեն դիրքաւորելու խնդիր պէտք է ունենայ: Տեսակէտի կողմնակիցն եմ, որ մենք չպէտք է փորձենք ներգրաււել գործընթացների մէջ, որում չենք կարող որոշիչ դեր ունենալ: Մտածենք Մերձաւոր Արեւելքում գտնւող մեր հայրենակիցների մասին, նրանց օժանդակելու մասին, բայց չդիրքաւորւենք:

 

- Թիլերսոն-Չաւուշօղլու հանդիպման ժամանակ յայտարարւեց, որ թուրք-ամերիկեան յարաբերութիւններում լարւածութեան պատճառների ուսումնասիրման յանձնաժողով պէտք է ստեղծւի: Լարւածութեան թուլացում կը լինի՞։

- Այո, թուրք-ամերիկեան յարաբերութիւնները ներկայում բաւականին լարւած են, բայց համոզւած եմ, որ այն երբեք չի յանգեցնի թուրք-ամերիկեան բարձր մակարդակի յարաբերութիւնների շատ իջեցմանը: Այսինքն՝ Թուրքիան եւ ԱՄՆ-ը դաշնակիցներ են, Թուրքիան ՆԱՏՕ-ի մաս է կազմում: Երկրորդ, այո, Թիլսերսոն-Չաւուշօղլու-Էրդողան հանդիպումներով թուրք-ամերիկեան յարաբերութիւնները որոշ չափով կարգաւորւելու են: Եւ մենք տեսնում ենք, որ ստեղծւել են 3 աշխատանքային խմբեր, որոնք մարտի կէսերին պէտք է աշխատանքի արդիւնքները զեկուցեն ղեկավարներին: Եւ դրանից յետոյ երկու երկրների բարձր մակարդակի հանդիպումներ կունենան: Իսկ թուրք-ամերիկեան յարաբերութիւններում շատ կարեւոր է Գիւլէնի արտայանձնումը: Եւ հիմա, կարծում եմ, կարող են որոշակի կոմպրոմիսների գնալ: Ինչպէս նաեւ «S-400»-ի գործարքը Ռուսաստանի հետ:

 

- Վիժեցում հնարաւո՞ր է:

- Այո, միանգամայն։ Իր ռազմական պահանջներից ելնելով՝ Թուրքիան կը գործարկի, բայց այստեղ կայ նաեւ շանտաժի մաս:

 

- Գիւլէնի արտայանձնումն ու այդ համակարգերի հարցը Թուրքիայի համար համարժէ՞ք կարեւորութեան հարցեր են։

- Չեմ կարող ասել՝ ինչպէս կաւարտւեն բանակցութիւնները, բայց որոշ չափով սեղանին դրւած են այս հարցերը: Իսկ Գիւլէնը կարեւոր է, որ նա Թուրքիայում ղեկավարում է ցանց, որը ազդում է այս երկրում քաղաքականութեան վրայ: Իհարկէ, այն վերջին տարիներին լուրջ հարւածներ է ստացել, բայց կարեւոր է այն առումով, որ Գիւլէնը գործիչ էր, որին ամերիկացիները պատրաստւում էին մի պահ օգտագործել Էրդողանին երկընտրանք ստեղծելու համար:

 

- Հետեւաբար՝ թուրք-ամերիկեան ջերմացում սպասում էք:

- Այո:

 

- Ռուս-թուրքական յարաբերութիւնները գնալով ջերմանում են: Այնքան, որ արդէն ընդհուպ դաշնակցային են համարւում:

- Համաձայն չեմ: Ինչպէս թուրք-ամերիկեան յարաբերութիւներում կայ կարմիր գիծ, որից այն կողմ այդ յարաբերութիւնները չեն կարող վատանալ, այնպէս էլ թուրք-ռուսականում կայ կարմիր գիծ, որից այն կողմ չեն կարող լաւանալ, որովհետեւ այս երկու երկրները մնում են հակառակորդներ՝ ռազմավարական մակարդակով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։