Հա

Քաղաքական

03/03/2018 - 11:20

ՀՀ գործող նախագահն ընդունել է նորընտիր նախագահին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանն ընդունել է Ազգային ժողովի կողմից մարտի 2-ին ՀՀ նախագահ ընտրւած Արմէն Սարգսեանին, ով Սահմանադրութեան համաձայն պաշտօնը կը ստանձնի ՀՀ նախորդ նախագահի լիազօրութիւնների աւարտման օրը:

«alikonline.ir» - ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանն ընդունել է Ազգային ժողովի կողմից մարտի 2-ին ՀՀ նախագահ ընտրւած Արմէն Սարգսեանին, ով Սահմանադրութեան համաձայն պաշտօնը կը ստանձնի ՀՀ նախորդ նախագահի լիազօրութիւնների աւարտման օրը: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Սերժ Սարգսեանը շնորհաւորել է Արմէն Սարգսեանին ՀՀ նախագահի պաշտօնում ընտրւելու կապակցութեամբ, մաղթել յաջողութիւններ եւ վստահութիւն յայտնել, որ Հայաստանի համար ապագայ տարիները լինելու են լաւագոյն ձեռքբերումների տարիներ:

«Յարգելի՛ պարոն Սարգսեան, սրտանց շնորհաւորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետութեան նախագահ ընտրւելու կապակցութեամբ: Սա, անշուշտ, շատ կարեւոր իրադարձութիւն է մեր ժողովրդի եւ պետութեան կեանքում եւ, իհարկէ, շատ կարեւոր հանգրւան է խորհրդարանական ժողովրդավարութեան կայացման ճանապարհին: Վստահ եմ, որ Դուք լաւագոյնս էք կատարելու Հայաստանի Հանրապետութեան նախագահի պարտականութիւնները:

Այս ընթացքում ուշադրութեամբ հետեւելով Ձեր հանդիպումներին՝ ես ուղղակի համոզւած եմ, որ ամէն ինչ լաւ է լինելու: Մինչեւ Ձեր պարտականութիւնների ստանձնումը մնացել է քառասուն օր: Այս քառասուն օրերի ընթացքում Դուք ամբողջովին կարող էք ապաւինել իմ աշխատակազմի, մեր պետական կառոյցների բոլոր պաշտօնեաների աջակցութեանը եւ տնօրինէք այդ ժամանակը ինչպէս կը ցանկանաք, որովհետեւ այդ դժւար եւ պատւաբեր պարտականութիւնները կատարւում են ի շահ մեր ժողովրդի: Մէկ անգամ եւս սրտանց շնորհաւորում եմ Ձեզ»,- ասել է նախագահ Սերժ Սարգսեանը:

Հանրապետութեան նորընտիր նախագահ Արմէն Սարգսեանը շնորհակալութիւն է յայտնել Նախագահ Սերժ Սարգսեանին շնորհաւորանքի եւ բարեմաղթանքների համար:

«Պարո՛ն Նախագահ, կրկին թոյլ տւէք Ձեզ շնորհակալութիւն յայտնել Ձեր բարի եւ դէպի մեր հայրենիքի ապագան նպատակաուղղւած խօսքերի համար: Իհարկէ, ինչպէս Դուք նշեցիք՝ ընտրւելուց առաջ ժամանակ ունէի ոչ միայն մտածելու, այլ նաեւ գործելու՝ հանդիպելու մեր հայրենակիցներին տարբեր երկրներում՝ սկսած հայրենիքից՝ Հայաստանից, հայրենի Արցախից, հանդիպելու ե՛ւ ղեկավարությանը, ե՛ւ առանձին անհատների, տարբեր կուսակցութիւնների ու սփիւռքի կառոյցների: Աւարտելով այդ հանդիպումները եւ այսօր ընտրւելով Հայաստանի Հանրապետութեան յաջորդ նախագահ՝ թոյլ տւէք նախ եւ առաջ իմ երախտագիտութեան խօսքը ասել Ձեզ՝ որպէս Հայաստանի Հանրապետութեան երրորդ նախագահի, որպէս ազգային հերոսի եւ առաջնորդի, որ իր կեանքի երեսուն տարիները նւիրել է իր ժողովրդին, իր հայրենիքին՝ սկսած Արցախի ազատամարտից մինչեւ այսօր: Եւ թոյլ տւէք նաեւ իմ երախտագիտութիւնը յայտնել յատկապէս Ձեր նախագահութեան տարիներին այն կառուցողական աշխատանքի համար, որ Դուք կատարել էք: Սա, պարո՛ն նախագահ, ես ասում եմ որպէս Հայաստանի պարզ քաղաքացի եւ մէկը, ով վերջին առնւազն մէկուկէս ամսւայ ընթացքում հանդիպելով առանձին հայրենակիցների, նրանցից շատերից լսել է այս խօսքերը: Իհարկէ, շատ գնահատելի է վերջին տարիների ընթացքում Ձեր տեսլականը եւ փոփոխութիւնները, որոնք կատարւում են մեր հայրենիքում՝ անցումը դէպի նոր՝ խորհրդարանական կառավարման հանրապետութեան, որը նոր դռներ է բացում ժողովրդավարութեան ամրապնդման համար:

Անշուշտ, Հայաստանի անդամակցութիւնը Եւրասիական տնտեսական միութեանը, Հայաստանի շատ աւելի խորը յարաբերութիւնները եւ պայմանաւորւածութիւնները Եւրոմիութեան հետ, մասնակցութիւնը նոր բազմաթիւ միջազգային կառոյցներում եւ, ընդհանրապէս տնտեսութեան մէջ տեղի ունեցող նոր դրական փոփոխութիւնները հիմք են տալիս վստահութեամբ նայելու ապագային եւ ինձ մեծ լաւատեսութիւն են ներարկում, որ ապագայ տարիները՝ առնւազն եօթ տարին, որ ես պէտք է ծառայեմ որպէս Հանրապետութեան նախագահ, լինելու են ակտիւ աշխատանքի տարիներ: 

Պարո՛ն Նախագահ, ինչպէս ասել եմ եւ՛ Ձեզ, ե՛ւ շատ գործընկերների, պատրաստ եմ լիովին նւիրւելու այս գործին Սահմանադրութեամբ նախատեսւած նախագահական գործունէութեան սահմաններում՝ ամբողջ սրտով, հոգով եւ իմ փորձառութիւնը, իմ գիտելիքները ներդնելով այդ շատ կարեւոր գործին: Գործի, որը իրականում նաեւ շարունակութիւնն է Հանրապետութեան առաջին, երկրորդ եւ Ձեր նախագահութեան տարիների»,- ասել է նորընտիր նախագահ Արմէն Սարգսեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։