Հա

Քաղաքական

04/03/2018 - 10:30

Կոնստանտին Կալաչով. «Հայ-թուրքական ներկայիս յարաբերութիւնները չեն կարող դիտարկւել առանց Ադրբեջանի»

«Դիտարկել Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնները երկկողմ հարթութեան մեջ՝ հնարաւոր չէ: Հայ-թուրքական ներկայիս յարաբերութիւնները չեն կարող դիտարկւել առանց Ադրբեջանի: Ցիւրիխեան արձանագրութիւնները զրոյացնելը, դրանք առոչինչ յայտարարելը, այս պայմաններում, միանգամայն հասկանալի է, որովհետեւ Թուրքիան դրանք ստորագրելու համար նախապայմաններ էր դնում Ղարաբաղի հետ կապւած»,- ասաց Կոնստանտին Կալաչովը:

«alikonline.ir» - Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորումը կախւած է Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրադարձութիւններից: «tert.am»-ի հետ զրոյցում ասաց ռուսաստանեան Քաղաքական փորձագիտական խմբի ղեկավար Կոնստանտին Կալաչովը:

Վերջինս նշեց, որ Թուրքիան «պաշտպան» է կանգնում Ադրբեջանին՝ սատարելով ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման ադրբեջանական մօտեցումը, ինչի արդիւնքում էլ հայ-թուրքական արձանագրութիւնները չաշխատեցին:

«Դիտարկել Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնները երկկողմ հարթութեան մեջ՝ հնարաւոր չէ: Հայ-թուրքական ներկայիս յարաբերութիւնները չեն կարող դիտարկւել առանց Ադրբեջանի: Ցիւրիխեան արձանագրութիւնները զրոյացնելը, դրանք առոչինչ յայտարարելը, այս պայմաններում, միանգամայն հասկանալի է, որովհետեւ Թուրքիան դրանք ստորագրելու համար նախապայմաններ էր դնում Ղարաբաղի հետ կապւած»,- ասաց փորձագէտը:

Կալաչովի խօսքով՝ հայ-թուրքական սահմանը փակ է Թուրքիայի, ոչ թէ Հայաստանի նախաձեռնութեամբ, իսկ կողմերի միջեւ առկայ տարակարծութիւնները պատմական արմատներ ունեն: Յայտնի է, որ դրանցից մէկը, նրա խօսքով, վերաբերում է հէնց Լեռնային Ղարաբաղի հակամարտութեանը, միւսը՝ Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանը:

«Հասկանալի է, որ Թուրքիան պատրաստ չէ ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը: Բայց սա դժբախտութեան կէսն է: Միւս կէսը՝ Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման հարցն է: Հասկանալի է, որ Թուրքիան ոչ միայն ուզում փոխել իր մօտեցումները, այլեւ չի կարող, որովհետեւ թուրք-ադրբեջանական յարաբերութիւնները ամրանում են: Թուրքիայի համար աւելի կարեւոր են Ադրբեջանի հետ յարաբերութիւնները, որոնք պատմական են, քան գործընկերութիւնը Հայաստանի հետ»,- նշեց Կոնստանտին Կալաչովը:

Ըստ նրա՝ պատերազմի հաւանականութիւնը մեծանում է, երբ դիւանագիտութիւնը այլեւս չի աշխատում: Այս առնչութեամբ նա չբացառեց, որ Թուրքիան Ադրբեջանի «ձեռքերով» պատերազմական գործողութիւններ սկսի Ղարաբաղի նկատմամբ:

«Յոյս ունեմ, որ Ադրբեջանի ղեկավարը հաւասարակշիռ կը գտնւի, չի գնայ աւանտիւրաների, բայց ոչինչ բացառել չի կարելի: Ալիեւի յայտարարութիւնները, թէ նա վերադարձնելու է Երեւանը, նպատակ ունեն ներքին լսարանի տրամադրւածութիւնը բարձրացնել»,- նշեց նա:

Փորձագէտը նկատեց, որ կարեւոր է Ռուսաստանի դերը: Նրա խօսքով՝ ՌԴ-ն հետաքրքրւած է ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորմամբ եւ ուժերի բալանսի ապահովմամբ:

«Ռուսաստանը գուցէ, տպաւորութիւն լինի, որ հետաքրքրւած է Ղարաբաղեան հակամարտութեան սառեցմամբ, բայց իրականում ՌԴ-ն պարզապէս չի ուզում, որ լինի էսկալացիա»,- ասաց Կալաչովը:

Միջազգային հանրութիւնը, փորձագէտի համոզմամբ, տարբերակում է, թէ ով է զրոյացրել հայ-թուրքական արձանագրութիւնները, հակառակ դէպքում եւրոպական երկրները չէին ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը:

«Անցել է 100 տարի, բայց խնդիրները մնացել են: Շատերը կարծում են, որ Արեւմտեան Հայաստանը պէտք է վերադարձւի Հայաստանին, շատերը կարծում են, որ Հայաստանում պէտք է լինի Արարատ: Այս եւ այլ հարցերի շուրջ այդպէս էլ չի յաջողւել համաձայնութեան գալ, խնդիրները մնացել են: Յարաբերութիւնները շարունակւում են էմոցիոնալ մնալ»,- շեշտեց նա:

Հայերի նկատմամբ, Կալաչովի խօսքով, աշխարհը լաւ է տրամադրւած, Հայաստանն ընկալւում է որպէս ժողովրդավար երկիր, բայց Թուրքիայի նկատմամբ չկա նման վերաբերմունք, ինչի վկայութիւնն է ԵՄ-Թուրքիա լարւած հակամարտութիւնը:

«Հայաստանը շահեկան դիրքերում է»,- եզրափակեց Կոնստանտին Կալաչովը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։