Հա

Քաղաքական

05/03/2018

Բաքւի ապտակն Անկարային, կամ մենք ոչ մի դէպքում չենք պարտւում

Այսուհետ ե՛ւ ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգաւորման հարցում, ե՛ւ տարածաշրջանային գործընթացներում Հայաստանը կարող է ազատ գործել։ Խօսքն, իհարկէ, աղմուկ արած ցիւրիխեան արձանագրութիւնների մասին է, որոնք արդէն ինը տարի է, ինչ օդում կախւած էին։ Կախւած էին այն պահից, երբ թուրքական դիւանագիտութիւնը սկսեց նախապայմաններ ներկայացնել:

«alikonline.ir» - Ցիւրիխում Հայաստանին ստիպեցին ստորագրել արձանագրութիւնները, սակայն մանեւրի հնարաւորութիւն դեռ կար: Նման կարծիքի է «Sputnik» Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհեանը:

Անկարայի նախապայմանները, որոնցով փորձում էին ճնշել Երեւանին, երկու ուղղւածութիւն ունէին։ Ու եթէ առաջին նախապայմանը (համաշխարհային հանրութիւնից 1915 թւականին Օսմանեան կայսրութիւնում իրագործված Հայոց Ցեղասպանութեան ճանաչում չպահանջել) Ադրբեջանի հետ ոչ մի ուղիղ առնչութիւն չունէր, ապա թուրքական նախապայմանների երկրորդ ուղղութիւնն անմիջապէս առնչւում էր հէնց ղարաբաղեան հիմնախնդրին։

Եւ ընդհանրապէս, պէտք է յիշել, որ Եւրոպայում վերջին` հայ-թուրքական փակ սահմանը հէնց ղարաբաղեան հիմնախնդրի ու պատերազմի հետեւանք է։ Պատերազմի, որը Հայաստանին պարտադրեց իր արեւելեան հարեւանը։ Աւելի ճիշտ՝ ոչ թէ բուն պատերազմի հետեւանք է, այլ Ադրբեջանի կրած պարտութեան։

Միաժամանակ, Արեւմուտքը մեկնարկում էր «ցիւրիխեան արձանագրութիւնների» ու «ֆուտբոլային դիւանագիտութեան» նախագիծն այն հաշւարկով, որ ոչ մի կողմը չպէտք է որեւէ նախապայման ներկայացնի։ Որ Հայաստանը ոչ մի կերպ դա չի կապելու Ցեղասպանութեան ճանաչման հետ, որ Թուրքիան այնքան սթափ կը գտնւի, որ կը հասկանայ` որքան սերտ են կապւած Ցիւրիխում ստորագրւած փաստաթղթերը Եւրոմիութիւն իր մտնելու հեռանկարի հետ։ Այն ժամանակ, այն քաղաքական իրավիճակում դա անհրաժեշտ էր Անկարային։

Այդպիսով, հէնց նոյն Արեւմուտքը, ոչ մի ռիսկի չգնալով, իր համար լայն դուռ էր բացում դէպի Հարաւային Կովկաս, որտեղ Ռուսաստանն էր տիրում, որի ազդեցութեան դէմ եւ փորձում էին պայքարել, ու առաջին հերթին` ամերիկացիները։ Ի զուր չէ, որ ստորագրման արարողութեանը Ցիւրիխ էր եկել տիկին Քլինթոնը, որն այն ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի պաշտօնն էր զբաղեցնում։ Ու ի զուր չէ, որ այն ժամանակ համաշխարհային լրատւամիջոցները բացայայտօրէն գրում էին, որ Վաշինգտոնը ճնշում է գործադրում Երեւանի վրայ, որպէսզի արձանագրութեան ստորագրութիւնը տեղի ունենայ առանց նախապայմանների։

Եւ իսկապէս, Հայաստանն այդ փաստաթղթերի ստորագրման վերաբերեալ «ասելու բան ունէր»` կապւած 1915 թւականին Թուրքիայի իրագործած Հայոց Ցեղասպանութեան հետ։ Պաշտօնական Երեւանն իսկապէս լուրջ ռիսկի էր դիմում, քանի որ աշխարհասփիւռ հայութիւնը հիմնականում դէմ էր արձանագրութիւնների ստորագրմանը։ Իսկ հայկական սփիւռքը՝ քաղաքական գործօն է, որի հետ ստիպւած են հաշւի նստել ոչ միայն Երեւանում, այլեւ Մոսկւայում, Վաշինգտոնում, Փարիզում․․․

Հայ դիւանագիտութեանն իսկապէս «ճզմեցին», թէեւ այն ժամանակ չարժէր դա պարտութիւն համարել։ Քանի որ իրականում հայ-թուրքական սահմանի բացումը` իր բացասական կողմերով հանդերձ, մեծ հաշւով դրական գործօն է։ Թէկուզ էնց լոգիստիկայի առումով, ասենք, այն, որ Հայաստանը ելք կը ստանայ դէպի եւրոպական սպառողական շուկայ՝ շրջանցելով Սեւ ծովը։

 

Թուրքիան Ադրբեջանի ճնշմանը ենթարկւեց ու շատ բան կորցրեց

Ինչեւիցէ, արդիւնքում Հայաստանը ստորագրեց արձանագրութիւնները, թէեւ դժւարութեամբ, բայց առանց նախապայմանների։ Սակայն Թուրքիան քաղաքական առումով այդքան ամուր չգտնւեց։ Ու եթէ Երեւանն ինչ-որ իմաստով իր սփիւռքի կամքին դէմ գնաց, ապա Թուրքիան իր «սփիւռքի» (նկատի ունենք Բաքուն, որի հետ նրանք, ինչպէս յայտնի է «երկու պետութիւն, մէկ ազգ» են կազմում) դէմ չկարողացաւ գնալ։

Ադրբեջանն այս տարիներին իսկապէս լուրջ ճնշում է գործադրել «աւագ եղբօր» վրայ։ Թուրքական դիւանագիտութիւնը, մեծ հաշւով, ստիպւած էր քաղաքական ասպարէզում մի բան անել ու ղարաբաղեան հիմնախնդրի վերաբերյալ նախապայման առաջադրել։

Ստացւում է, որ Թուրքիան, որին իսկապէս Արեւմուտքի հետ լաւ, վստահելի յարաբերութիւններ են պէտք, ստիպւած ստախօսի դերում յայտնւեց՝ խախտելով նախապայմանների մասին պայմանաւորւածութիւնը։ Իսկ գլոբալ քաղաքականութեան մէջ դա նշանակում է, որ թուլութիւն ես դրսեւորում։ Հարկ եղած ժամանակ քո հակառակորդները կարող են օգտւել այդ թուլութիւնից։

Նման անազնիւ մօտեցումը ցիւրիխեան արձանագրութիւններին Արեւմուտքին զրկեց Հարաւային Կովկաս տանող դուռը բացելու հնարաւորութիւնից։ Իսկ այդ դռան յետեւում Ռուսաստանի հետ քաղաքական ազդեցութեան համար պայքարելու հնարաւորութիւններն էին թաքնւում։

Ադրբեջանի ազդեցութեանը ենթարկւելով`Թուրքիան պարտւեց աւելի գլոբալ հարցում` եւրոպացիների ու ամերիկացիների վստահութիւնը կորցրեց։ Ով գիտի՝ ինչպէս վերջին տասնամեակում կը զարգանային իրադարձութիւնները Հարաւային Կովկասում ու Մերձաւոր Արեւելքում, եթէ Անկարան կատարէր արձանագրութիւններով նախատեսւած իր պարտականութիւնները։ Ի՞նչ յարաբերութիւններ կունենային այսօր Թուրքիան ու Միացեալ Նահանգները։

Միւս կողմից էլ՝ գլոբալ քաղաքական ասպարէզում միամիտ մարդիկ չկան։ Բոլորն էլ հասկանում են, որ Թուրքիան մտածւած էր առաջին պլան հանում այդ նախապայմանները, որպէսզի չխօսի ամենակարեւորի մասին։ Որ Հայաստանը պէտք է պաշտօնապէս հրաժարւէր համաշխարհային հանրութեան կողմից Ցեղասպանութեան ճանաչման հետ կապւած քաղաքականութիւնից։

Հայաստանը, որը համաձայնել էր նախապայմանների բացակայութեանը, այդ առումով ազատ էր իր գործողութիւններում։ Այն, որ 2015 թւականի ապրիլի 24-ին Պուտինն ու Օլանդը մասնակցում էին Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի միջոցառումներին, ուժեղ հարւած էր Անկարայի համար։ Հասկանալի դարձաւ, որ արձանագրութիւնները մի կողմ, սակայն Հայաստանը մտադիր չէ հրաժարւել Հայոց Ցեղասպանութեան ճանաչման պայքարից։

«Կրտսեր եղբօր» պահանջը՝ արձանագրութիւններն առանց Արցախի հետ կապւած նախապայմանի չստորագրելու մասին, Թուրքիայի համար փրկարար միջոց էր։

 

Սերժ Սարգսեան «․․․մենք ոչ մի դէպքում չենք պարտւում»

Եւ ամենակարեւորը։ Այդ համատեքստում պէտք է հասկանալ մի կարեւոր բան․ Երեւանն արձանագրութիւնները չեղեալ համարեց ոչ այն պատճառով, որ Թուրքիան ղարաբաղեան թեման էր որպէս նախապայման ներկայացնում։ Թուրքական դիւանագիտութիւնը ցանկացած դէպքում ղարաբաղեան կարգաւորման գործընթացին չի կարող միջամտել։ Թէկուզ միայն այն պատճառով, որ այն միանշանակ պաշտպանում է հակամարտող կողմերից մէկին։ Դա արդէն բաւարար է համաշխարհային քաղաքականութեան նորմերի խախտման համար։

Կտրւեց այն թելը, որն Անկարային թոյլ կը տար գոնէ երրորդ երկրների` համաշխարհային գերտէրութիւնների միջոցով ազդել Երեւանի վրայ ղարաբաղեան կարգաւորման հարցում։

Հարաւային Կովկասում ու Միջին Ասիայում քաղաքական իրադարձութիւնների զարգացման այս փուլում Հայաստանին գործողութիւնների ազատութիւն է պէտք։ Թէկուզ հէնց միայն այն բանի համար, որ կարողանայ կառուցել սեփական քաղաքականութիւնը՝ չնայելով այն պայմանաւորւածութիւններին, որոնց նա ստիպւած էր համաձայնել Արեւմուտքի ճնշման տակ։

Այսօր իրավիճակն այլ է, հէնց նոյն ամերիկացիների գործը չէ՝ արդեօ՞ք հայ-թուրքական սահմանը բաց կը լինի՞, թէ՞ ոչ։ Ղարաբաղեան կարգաւորման հարցում էլ Թուրքիան, որի հետ Հայաստանը քաղաքական նախագծում ներառւած էր, աւելի շատ է խանգարում, քան այն պայմաններում, երբ Հայաստանը Թուրքիայի հետ չունի եւ ոչ մի դիւանագիտական, քաղաքական ու տնտեսական յարաբերութիւններ։ 

Այստեղ Անկարան արդեէն չի կարող ո՛չ ուղղակիօրէն, ո՛չ խոշոր խաղացողների օգնութեամբ ազդել Երեւանի պահւածքի վրայ` ո՛չ քաղաքական ասպարէզում, ո՛չ ղարղաբաղա-ադրբեջանական շփման գծում։

Իսկ եթէ խօսենք աւելի գլոբալ ասպեկտների մասին, ապա այսուհետ Հայաստանն ազատ է իր գործողութիւններում. նա հնարաւորութիւն կը ստանայ կառուցել իր արտաքին քաղաքականութիւնը՝ չնայելով ո՛չ ԵԱՏՄ-ին, ո՛չ էլ Եւրոմիութեանը։ Միաժամանակ պահանջելով հարկ եղած ուշադրութիւն` պայմանաւորւած է Հայաստանը մնացած աշխարհից շրջափակող երկու պետութիւնների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի առկայութեամբ։

Իրաւացի էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը, երբ ինը տարի առաջ ցիւրիխեան արձանագրութիւնների ստորագրման ժամանակ ասաց, որ մենք ոչ մի դէպքում չենք պարտւում։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։