Հա

Քաղաքական

07/03/2018

ՄԽ համանախագահ. «ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենեակի ընդլայնումը կը նպաստի շփման գծում լարւածութեան նւազեցմանը»

Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը ռազմական ճանապարհով լուծում չունի: Այդ մասին ադրբեջանական «Թրենդ» գործակալութեանը տւած հարցազրոյցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրու Շոֆէրը: 

«alikonline.ir» - Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը ռազմական ճանապարհով լուծում չունի: Այդ մասին ադրբեջանական «Թրենդ» գործակալութեանը տւած հարցազրոյցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրու Շոֆէրը: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Շոֆէրն ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան բանակցային գործընթացին եւ կը շարունակի ակտիւ համագործակցել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ որպէս ԵԱՀԿ ՄԽ համանախագահ:

«Մենք համոզւած ենք, որ ներկայիս ստատուս քւոն չի կարող պահպանւել երկարաժամկէտ հեռանկարում եւ որ հակամարտութեան կարգաւորման ռազմական ճանապարհ գոյութիւն չունի»,- նշել է նա:

Շոֆէրի խօսքով՝ Ժնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վճռականութիւնը՝ ինտենսիւացնել բանակցային գործընթացը եւ լրացուցիչ քայլեր ձեռնարկել լարւածութեան նւազման ուղղութեամբ, արտացոլում է այդ իրողութիւնը:

Ընդգծելով, որ ԱՄՆ-ն, որպէս համանախագահ երկիր, յանձնառու է բանակցային գործընթացին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ Շոֆէրը նշել է, որ համանախագահները պատրաստ են աշխատել կողմերի հետ ցանկացած ձռևաչափով, որը կը նպաստի երկարաժամկէտ կարգաւորմանը:

Անդրադառնալով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենեակի ընդլայնմանը՝ Շոֆէրը նշել է, որ այդ քայլը շփման գծի երկայնքով լարւածութեան նւազեցման համար միջոցներ ձեռնարկելու կողմերի յանձնառութեան վկայութիւնը կը դառնայ:

Ամերիկացի համանախագահի խօսքով՝ բանակցային գործընթացում դրական առաջընթացի համար անհրաժեշտ են ինչպէս կողմերի, այնպէս էլ համանախագահների եւ միջազգային հանրութեան երկարատեւ անկեղծ ջանքերը, ինչը հակամարտութեան կողմերից կը պահանջի դժւար որոշումների կայացում:

Ինչ վերաբերում է տարածաշրջան հերթական այցի ամսաթւերին, նա նշել է, որ ՄԽ համանախագահներն այժմ չունեն ժամանակացոյց այդ առնչութեամբ, բայց նրանք շարունակում են կողմերի հետ խորհրդակցութիւնները՝ հաշւի առնելով տարածաշրջանում ընտրութիւնների ընթացիկ շրջանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։