Հա

Քաղաքական

10/03/2018 - 10:00

ՀՀ-ը պէտք է ներդրումներ անի, որ «Պարսից ծոց-Սեւ ծով» միջանցքի ծրագիրն իրականանայ, բայց ակնյայտ է, որ ֆինանսական ռեսուրսներ չկան

Իրանագէտ Արմէն Իսրայէլեանի խօսքով՝ Իրանի եւ Հայաստանի օրակարգերում մշտապէս տեղ է զբաղեցնում Հայաստանը Պարսից ծոցից Սեւ ծով տարանցիկ միջանցք դարձնելու ծրագրի մասին քննարկումը։ 

«alikonline.ir» - Իրանագէտ Արմէն Իսրայէլեանի խօսքով՝ Իրանի եւ Հայաստանի օրակարգերում մշտապէս տեղ է զբաղեցնում Հայաստանը Պարսից ծոցից Սեւ ծով տարանցիկ միջանցք դարձնելու ծրագրի մասին քննարկումը։ Նա «Tert.am»-ի հետ զրոյցում նկատեց, որ այն մեծածաւալ ծրագիր է՝ կազմւած տարբեր բաղադրիչներից:

«Տարբեր ծրագրերի իրականացումը կը բերի այդ միջանցքի ձեւաւորմանը»,- նշեց նա՝ յաւելելով, որ դրան նպաստող մի շարք ծրագրեր, մասնաւորապէս, Մեղրիում Ազատ տնտեսական գօտու ձեւաւորումը, իրականացել են: «Դրա ակտիւ գործունէութիւնը կը բերի այլ ենթակառուցւածքների զարգացման։ Նախ՝ մեր երկու երկրների միջեւ պէտք է զարգանան տնտեսական յարաբերութիւնները, որ այն էֆեկտին յանգեցնի, որ ծրագրին միանան նաեւ այլ երկրներ»:

Յիշեցնենք, որ աւելի վաղ՝ փետրւարի 17-ին տեղի ունեցած Միւնխէնի անվտանգութեան համաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանն իր ելոյթի ընթացքում նշել էր, որ Հայաստանը Սեւ ծովի եւ Պարսից ծոցի միջեւ տարանցիկ միջանցք ձեւաւորելու հարցով բանակցութիւններ է վարում բոլոր շահագրգիռ երկրների հետ:

Այս ծրագրի մասին Հայաստան կատարած իր այցի ընթացքում յայտարարեց նաեւ Բուլղարիայի նախագահը: Նշենք, որ վերջերս Երեւանում լրագրողների հետ զրոյցում Իրանի Իսլամական Հանրապետութեան տրանսպորտի եւ քաղաքաշինութեան նախարարութեան ներկայացուցիչ Մեհտի Աշֆարին նշել էր, որ ծրագիրը հայ-իրանական համագործակցութեան կարեւոր ուղղութիւններից է:

«Այդ ծրագրի բանակցութիւնները շարունակւում են: Իրանում էլ քննարկել ենք հարցը, մենք պատրաստակամ ենք մասնակցելու ծրագրին: Արդէն պէտք է միւս երկրները վերջնական համաձայնութեան գան, որ այն իրականութիւն դառնայ»,- ասել էր նա:

Իրանի համար Հայաստանը, ըստ Արմէն Իսրայէլեանի, Եւրոպային միանալու տեսանկիւնից է դիտարկւում: Նրա խօսքով՝ Իրանը Ռուսաստանի շուկայ հասնելն էլ է այս համատեքստում դիտարկում, բայց հաշւի է առնւում, որ ռուս-վրացական յարաբերութիւններն այնքան էլ լաւ չեն․ այդ իսկ պատճառով այս ուղղութեամբ հիմնական միջանցք է համարւում Ադրբեջանը:

«Ես կարծում եմ՝ Իրանը Ադրբեջանի հետ իր համագործակցութիւնն այս հարցում կը պահի: Դա նրան եւ՛ տնտեսական, եւ՛ քաղաքական յաւելեալ ազդեցութիւն է տալիս: Իրանի դէպքում, արտաքին քաղաքականութեան առաջնահերթութիւնների մէջ, յատկապէս՝ Ռոհանիի կառավարման շրջանում, հարեւանների հետ տնտեսական յարաբերութիւնների խորացումը տարբեր ոլորտներում շատ կարեւորւում է»,- ասաց նա։

Միեւնոյն ժամանակ, իրանագէտը նկատեց՝ հայկական ուղղութիւնը Իրանի համար կարեւոր է եւ իւրայատուկ: Նշեց, որ Հայաստանով անցնելը Իրանի համար ձեռնտու է նրանով, որ նախ ճանապարհը կարճ է եւ անվտանգ:

«Հայ-իրանական յարաբերութիւններում փոխվստահութեան բարձր մակարդակ կայ: Հայաստանը դիտւում է անվտանգ ուղի, որտեղով Իրանը կը կարողանայ երկարաժամկէտ պլանով ծրագրեր իրականացնել: Մենք պարզապէս պէտք է կարողանանք այս գործօններից առաւելագոյն օգուտներ քաղել: Հայաստանը միակ երկիրն էր, որ յայտարարեց Իրանի հետ առանց վիզայի ռեժիմի անցնելու մասին եւ այդ գործընթացը առանց խոչընդոտների իրականացրեց»,- նշեց նա:

Պատասխանելով դիտարկմանը, թէ նոյնքան արագ չեն իրականացւում Իրանի հետ ծրագրերն այլ ոլորտներում, յատկապէս՝ էներգետիկ ծրագրերը, Իսրայէլեանը նշեց․ «Իհարկէ, պէտք է այդ ծրագրի ուղղութեամբ գործնական քայլեր արւեն, ճանապարհները կառուցւեն: Ես որքան որ տեղեակ եմ, Հիւսիս-Հարաւ աւտոճանապարհի կառուցումն ընթացքի մէջ է, երկրորդ փուլում է: Ակնյայտ է, որ եթէ ճանապարհները լաւը չեղան, այդ ծրագիրը հնարաւոր չէ իրականացնել»:

Հարցադրմանը՝ արդեօք ՀՀ իշխանութիւնները գործնական քայլեր անում են Պարսից ծոցից Սեւ ծով տարանցիկ միջանցք դառնալու ուղղութեամբ,Արմէն Իսրայէլեանը պատասխանեց․ «Վերջին տարիների ընթացքում Հայաստանն աւելի ակտիւ գործունէութիւն է ծաւալում: Իհարկէ, դրանք բաւարար չեն, բայց մի քանի ծրագրեր կան, որ մշակւել են եւ իրականացման փուլում են, հետեւողական աշխատանքի շնորհիւ հնարաւոր կը լինի ընդլայնել երկկողմ ծրագրերի շրջանակը»:

Փորձագէտը նկատեց՝ ծրագրի իրականացումը մեծ ֆինանսական ռեսուրսների հետ է կապւած, յիշատակեց, որ հայկական կողմը փորձել է ներգրաւել շատ կողմերի՝ ԵԱՏՄ-ը մէջտեղ բերելով, Չինաստանը ներգրաւելով: «Իհարկէ, եթէ ցանկանում ենք, որ ծրագիրն իրականանայ, հայկական կողմը պէտք է ներդրումներ անի, բայց ակնյայտ է, որ այդ ֆինանսական ռեսուրսներն էլ չկան, որ ներդրումներ անելով՝ հայկական կողմը շահագրգռի նաեւ այլ երկրների: Դա, առաջին հերթին, իհարկէ, Հայաստանին է պէտք»,- ասաց նա:

Դիտարկմանը, թէ կարծիք կայ, որ Հայաստանն այսպիսի իրավիճակներում, երբ յատկապէս Իրանի հետ համագործակցութեան մասին է խօսք լինում, յոյսը դնում է իրանական կողմի վրայ, որ Իրանը պէտք է ներդրումներ անի, Արմէն Իսրայէլեանը պատասխանեց․

«Իրանում էլ խնդիրներ կան՝ կապւած առաջնահերթութիւնների հետ: Բնականաբար, Իրանում ֆինանսական միջոցներ կան եւ նաեւ կան քաղաքական շրջանակներ, որոնք որ հակւած չեն Ադրբեջանի հետ Իրանի յարաբերութիւնները զարգացնելուն: Սա ուրախանալու կամ հանգստանալու համար չեմ ասում: Պարզապէս պէտք է փորձագիտական դաշտի, հանրային դիւանագիտութեան շնորհիւ կապեր ստեղծել, այնպիսի կարծիք ձեւաւորել, որ Հայաստանի հետ յարաբերութիւնների խորացումը լինի Իրանի առաջնահերթութիւններից մէկը»:

Մենք խնդիր ունենք հիմա Իրանին ներկայացնել իր շահն այս գործընթացում՝ յատկապէս այս տարածաշրջանում: Սա Արմէն Իսրայէլեանի համոզումն է: «Այստեղ կայ կարճաժամկէտ եւ երկարաժամկէտ առաջնահերթութիւնների հարց: Ցաւօք սրտի, կարճաժամկէտ պլանով, ներկայ Իրանում աւելի ձեռնտու է աւելի արագ ծրագրերով տնտեսական աճ արձանագրել, փորձել առաւելագոյն արդիւնքի առումով: Բայց կարծում եմ, որ հեռանկարային կտրւածքով՝ Իրանում շատ լաւ գիտակցում են, որ Հայաստանի հետ յարաբերութիւնների խորացումն ունի իր կարեւորութիւնը»,- եզրափակեց իրանագէտը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։