Հա

Քաղաքական

11/03/2018 - 09:40

Թուրքագէտ. «Առնւազն 10 տարւայ կտրւածքով հայ-թուրքական յարաբերութիւններում որեւէ հեռանկար չեմ տեսնում»

Առաջիկայ առնւազն 10 տարիների կտրւածքով հայ-թուրքական յարաբերութիւններում որեւէ հեռանկար չեմ տեսնում:

«alikonline.ir» - Առաջիկայ առնւազն 10 տարիների կտրւածքով հայ-թուրքական յարաբերութիւններում որեւէ հեռանկար չեմ տեսնում: Այս մասին «Tert.am»-ի հետ զրոյցում ասաց թուրքագէտ Յակոբ Չաքրեանը:

«Տարածաշրջանում՝ Սիրիայում լարւած վիճակ է, հետեւաբար միջազգային հանրութեան ուշադրութիւնը սեւեռւած է այդտեղ: Այս պայմաններում սպասել, որ մեծ տէրութիւնները որեւէ շահագրգռւածութիւն կը ցուցաբերեն Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման հարցում, իրատեսական չէ: Տարածաշրջանում կոնֆլիկտները լուծելուց յետոյ գուցէ զբաղւեն Հայաստան-Թուրքիա յարաբերութիւններով, բայց տարածաշրջանի խնդիրներն էլ հեշտլուծելի չեն»,- նկատեց թուրքագէտը:

Ինչ վերաբերում է յարաբերութիւնների կարգաւորման հարցում կողմերի շահագրգռւածութեանը, Յակոբ Չաքրեանը նշեց, որ Թուրքիան դիւանագիտական յարաբերութիւնները հաստատման համար 1991-ից նախապայմաններ է ներկայացնում:

Նրա խօսքով՝ այս 27 տարիների ընթացքում Թուրքիայում առնւազն 7-8 կառավարութիւն փոխւել է, բայց Հայաստանի նկատմամբ դիրքորոշումը չի փոխւել:

Յիշեցնենք, որ մարտի 1-ին նախագահ Սերժ Սարգսեանը յայտարարեց 2009 թւականին ստորագրւած հայ-թուրքական արձանագրութիւններն առոչինչ ճանաչելու մասին՝ հաւատարիմ մնալով նախորդ տարի ՄԱԿ-ի գլխաւոր Ասամբլեայում արած յայտարարութեանը, թէ 2018-ի գարունը Հայաստանը դիմաւորելու է առանց «սին» հայ-թուրքական արձանագրութիւնների:

Անդրադառնալով տարածաշրջանում, մասնաւորապէս՝ Սիրիայում Թուրքիայի վարած քաղաքականութեանը, թուրքագէտն ասաց, որ դա աւելի է մեծացնում է թուրք-ամերիկեան լարւածութիւնը, բայց Ռուսաստանի համար այն ձեռնտու քաղաքականութիւն է:

«Թուրք-ամերիկեան լարւածութեան հիմքում ընկած է ամերիկացիների քրդական ծրագիրը, իսկ թուրքերը խիստ անհանգստացած են, որ եթէ չվտարեն քրդերին Եփրատից մինչեւ Միջերկրական ընկած հատւածը, ապա կը ստեղծւի մի միջանցք Հիւսիսային Իրաքից մինչեւ Միջերկրական: Թուրքիան կը դադարի լինել տարանցիկ միջանցք եւ Արեւմուտքի համար կը կորցնի իր երբեմնի նշանակութիւնը: Արեւմուտքը, ունենալով քրդական միջանցք, այլեւս Մերձաւոր Արեւելք ներթափանցելու համար Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքի կարիքը չի զգայ»,- ընդգծեց նա:

Փոխարէնը, թուրք-ամերիկեան լարւածութեան մեծացումը, ըստ նրա, օգնում է Ռուսաստանի դիրքերի ամրապնդմանը Սիրիայում: Այդ պատճառով է, որ ՌԴ Թուրքիայի գործողութիւններին ըմբռնումով է մօտենում:

Յիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը իշխող կուսակցութեան հետ հանդիպման ժամանակ յայտարարել է. «Այսօր մենք Աֆրինում (Սիրիայի հիւսիսում) ենք, վաղը կը լինենք Մանբիջում, որպէսզի մաքրենք ահաբեկիչներին (քրդերին)»: Ի տարբերութիւն Աֆրինի, Մանբիջում նաեւ ամերիկեան զօրքեր են տեղակայւած, որոնք պնդում են, թէ թուրքական բանակի յարձակման դէպքում կարող են հակահարւած տալ:

Թուրքագէտ Յակոբ Չաքրեանը թուրքական զօրքերի Մանբիջ մտնելու հաւանականութիւնը շատ ցածր է գնահատում, քանի որ ամերիկացիները բաւականին կոշտ զգուշացրել են. «Չեմ կարծում, որ Թուրքիան այդպիսի հանդգնութիւն ունենայ: ԱՄՆ-ը այդ դէպքում, եթէ ոչ ուղիղ հակահարւածով, ապա առնւազն կարող է նաեւ Թուրքիային միջազգային այնպիսի կացութեան մէջ դնել, որ թուրքերը կը դժւարանան ուշքի գալ»:

«Առանձնապէս տարածաշրջանի ռազմաքաղաքական հաւասարակշռութիւնը չի փոխւի, դա կը փոխւի այն ժամանակ, երբ դէ ֆակտօ մասնատւած Սիրիան դառնա դէ իւրէ մասնատւած, եւ եթէ ստեղծւի քրդական միացեալ պետութիւն: Սա, իհարկէ, կը փոխի ռազմաքաղաքական իրավիճակը, բայց քիչ հաւանական է: Իսկ թուրք-ամերիկեան լարւածութիւնը, կարծում եմ՝ ժամանակաւոր է, նրանք երբեմնի դաշնակիցներ են, շատ նեղն ընկան, իրար հետ լեզու կը գտնեն»,- ասաց Յակոբ Չաքրեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։