Հա

Քաղաքական

11/03/2018 - 13:50

Շիրակ Թորոսեան. «Վրաստանի եւ Ադրբեջանի ռազմական համագործակցութիւնն այս փուլում վտանգաւոր չէ, Իրանն ու Վրաստանը թոյլ չեն տայ, որ հակահայկական առանցք ձեւաւորւի»

Վրաստանի եւ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչութիւնների կողմից ստորագրւած 2018-ի ռազմական համագործակցութեան ծրագիրն աւելի շատ նախկինում դրւած հիմքերի արդիւնք է, այսինքն՝ Վրաստանի վրայ ունեցած թուրք-ադրբեջանական տնտեսական ազդեցութեան:

«alikonline.ir» - Վրաստանի եւ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչութիւնների կողմից ստորագրւած 2018-ի ռազմական համագործակցութեան ծրագիրն աւելի շատ նախկինում դրւած հիմքերի արդիւնք է, այսինքն՝ Վրաստանի վրայ ունեցած թուրք-ադրբեջանական տնտեսական ազդեցութեան:

«Tert.am»-ի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց ԱԺ Արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցութեան պատգամաւոր Շիրակ Թորոսեանը՝ նկատելով, որ ռազմական այս համագործակցութիւնը դեռեւս Սաակաշւիլիի օրօք ձեւաւորւած Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան լուրջ համագործակցութիւն շարունակութիւնն է:

Նա նշեց, որ, թէեւ Վրաստանը մշտապէս հաւաստիացնում էր, որ խնդիրներ չկան, միեւնոյնն է, այն ժամանակ այդ համագործակցութեան մէջ հակահայկականութիւնն իսկապէս ակնառու էր:

«Այսօր, ելնելով այն իրավիճակից, որ Ադրբեջանն ու Թուրքիան հսկայական ներդրումներ ունեն Վրաստանում եւ մեծ ազդեցութիւն վրացական տնեսութեան վրայ, նման բան է ստորագրւում:

Եթէ Թուրքիայի ու Ադրբեջանի ազդեցութիւնը դիտարկենք Վրաստանի ազգային անվտանգութեան տեսանկիւնից, ապա Վրաստանի համար բաւականին վտանգաւոր ազդեցութիւն ունի, բնականաբար, այդ ազդեցութիւնը վերածւում է նաեւ քաղաքականի եւ իներցիայով շարունակւում»,- ասաց նա:

Միեւնոյն ժամանակ Շիրակ Թորոսեանը լաւատեսօրէն է տրամադրւած եւ գտնում է, որ վրաց-ադրբեջանական ռազմական համագործակցութիւնը Հայաստանի համար այս փուլում վտանգաւոր չէ: Նա իր խօսքին ապացոյց է համարում այն հանգամանքը, որ Վրաստանը վերջին շրջանում բաւականին ակտիւ քայլեր է կատարում թուրքական ազդեցութիւնը թուլացնելու համար: Սակայն Թորոսեանը չի բացառում, որ այս իրավիճակն Ադրբեջանը կը փորձի ի շահ իրեն ծառայեցնել:

«Վրաստանը, իհարկէ, ոչ շատ ցուցադրական, բայց տեսանելի քայլեր թուրքական ազդեցութիւնը թուլացնելու համար կատարում է, եւ բաւականին լուրջ վերաբերմունք է ձեւաւորւում դէպի հայկականն ու Հայաստանը: Սա նոյնպէս տեսանելի է: Հետեւաբար՝ մենք կարող ենք մտածել, որ նմանատիպ համագործակցութիւնը հակահայկական տարեր չի պարունակի՝ յատկապէս Վրաստանի մասով: Բայց բնական է, որ Ադրբեջանը կը ձգտի դրանք Հայաստանի դէմ ուղղորդել, բայց այս փուլում նման վտանգ չեմ տեսնում՝ ելնելով Վրաստանի արտաքին քաղաքականութեան նոր մօտեցումներից, յատկապէս ՀՀ-ի նկատմամբ վարւող քաղաքականութիւնից»,- շարունակեց Շիրակ Թորոսեանը:

Դիտարկմանը, որ Ադրբեջանի հովանաւոր պետութիւնը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան է, իսկ Վրաստանը ձգտում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ պետութիւն, հնարաւո՞ր է՝ այս համագործակցութեան մասշտաբները մեծանան, պատգամաւորը պատասխանեց, թէ չի բացառում մասշտաբների մեծացում: Անկախ ամէնից Շիրակ Թորոսեանը գտնում է, որ ինչպիսի համագործակցութիւն էլ ձեւաւորւի, միեւնոյն է, կոնկրետ Վրաստանի պարագայում դա հակահայկական երանգ չի ստանայ:

«Մի պարզ պատճառով սա հակահայկական երանգ չի ընդունի, քանի որ ՀՀ-ն ու Վրաստանը տարածաշրջանային գլոբալ, ընդհանրական շահեր ունեն՝ Թուրքիայի ծաւալապաշտական նկրտումների համատեքստում: Եթէ զուտ ՆԱՏՕ-ական տեսանկիւնից խօսենք, ապա Թուրքիան միշտ էլ ձգտել է ՆԱՏՕ-ի քողի տակ Վրաստանի տարածքում ռազմական կոնտինգենտ ունենալ, եւ դրանով իսկ աւելի մեծացնել իր ներկայութիւնն ու ազդեցութիւնը Վրաստանում: Յիշենք, որ մի քանի տարի առաջ, երբ խօսակցութիւն գնաց ՆԱՏՕ-ական կոնտինգենտ տեղակայելու Վրաստանի տարածքում, շոշափւեց, որ այն պէտք է լինի Ախալքալաքի նախկին զինւորական սովետական բազայի տարածքում: Մենք, մասնաւորապէս նաեւ ես, կոշտ արձագանգեցինք՝ համարելով, որ հայաբնակ Ջաւախքում չի կարող թուրքական զինւորի առկայութիւն լինել: Վրաստանն էլ շուտով դադարեցրեց այդ խօսակցութիւնները, քանի որ կարող էր վտանգաւոր լինէր, որ ՆԱՏՕ-ի անւան տակ թուրքական ԶՈւ ներկայութիւն լինէր Վրաստանում»,- ընդգծեց պատգամաւորը:

Շիրակ Թորոսեանի դիտարկմամբ ՆԱՏՕ-ի շրջանակում համագործակցելը դեռեւս չի նշանակում, որ Վրաստանը գերի կը գնայ Թուրքիայի տարածաշրջանային շահերի սպասարկմանը: Նա նկատեց, որ Թուրքիան ու Հունաստանը ՆԱՏՕ-ի անդամ պետութիւններ են, սակայն թուրք-յունական յարաբերութիւնները ծայրաստիճան լարւած են, այսինքն՝ ՆԱՏՕ-ի անդամների համատեղ գործակցութիւնը միայն ծայրաստիճան դէպքերում է:

Ինչ վերաբերում է նրան, որ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքւում նախատեսւած է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի եւ Իրանի արտգործնախարարների հանդիպմանը, Շիրակ Թորոսեանն ասաց, որ հանդիպումը ծրագրւած է, սակայն կը կայանայ, թէ՝ ոչ, ժամանակը ցոյց կը տայ: Ըստ Թորոսեանի՝ նմանատիպ հանդիպումների նախաձեռնութիւնը Թուրքիայինն ու Ադրբեջանին է:

«Տարածաշրջանային ձեւաչափով հանդիպումներ են նախատեսւում, բնականաբար, Թուրքիան ու Ադրբեջանն ամէն ինչ անելու են, որպէսի Հայաստանին դուրս թողնեն այդ հանդիպումներից, ծրագրերից: Իրանի մասնակցութիւնը նման հանդիպումներին զուտ խորհրդանշական բնոյթ է կրում, քանի որ ռազմավարական տեսանկիւնից, երբ վերլուծում ենք, Իրանը լուրջ աշխարհաքաղաքական հակասութիւններ ունի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Թուրքիայի հետ պայքարը տարածաշրջանային հեգեմոնիայի դաշտում է, իսկ Ադրբեջանի հետ Ադրբեջանի՝ Իրանի նկատմամբ, երբեմն, նաեւ ցուցադրական տարածքային պահանջներն են: Չեմ կարծում, որ լուրջ համագործակցութիւն կարող է լինել, հնարաւոր է՝ տնտեսական ինչ-որ համագործակցութիւններ լինեն»,- շեշտեց Շիրակ Թորոսեանը:

ՀՀԿ-ական պատգամաւորը կարծում է, որ այս հանդիպումից հայկական կողմը չպէտք է սրտնեղի, քանի որ, Իրանն ու Վրաստանն, իրենց շահերից ելնելով, թոյլ չեն տայ, որ այդ հանդիպումներում հակահայկական առանցք ձեւաւորւի: Ըստ նրա՝ Թուրքիան ու Ադրբեջանն իրենց գործելաոճը չեն փոխել՝ ամէն ինչ արել ու անելու են, որպէսզի Հայաստանը դուրս մնայ տարածաշրջանային ծրագրերից:

«Սրանից մենք պէտք է ոչ թէ վատ զգանք, այլ ուշադրութեամբ հետեւենք ծրագրերին ու նախաձեռնութիւններին, վերլուծենք եւ հանդէս գանք մեր առաջարկներով: Կարծում եմ՝ առաջին հերթին պէտք է էլ աւելի խորացնել երկկողմ յարաբերութիւնները Վրաստանի ու Իրանի հետ»,- եզրափակեց Շիրակ Թորոսեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։