Հա

Քաղաքական

%AM, %15 %236 %2018 %08:%Մրտ

Վարդան Ոսկանեանը՝ ԱՄՆ-ի հնարաւոր ճնշումների մասին. «Խելամիտ չի լինի, եթէ ՀՀ-ին ստիպեն խզել յարաբերութիւններն Իրանի հետ»

Իրանագէտ Վարդան Ոսկանեանի խօսքով՝ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի փոփոխութիւնը փաստացիօրէն ցոյց է տւել, որ Իրանն ազդում է նաեւ Ամերիկայի Միացեալ Նահանգների ներքին քաղաքական զարգացումների վրայ:

«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանի խօսքով՝ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի փոփոխութիւնը փաստացիօրէն ցոյց է տւել, որ Իրանն ազդում է նաեւ Ամերիկայի Միացեալ Նահանգների ներքին քաղաքական զարգացումների վրայ:

«tert.am»-ի հետ զրոյցում նա նկատեց, որ եթէ յայտնի է, որ Միացեալ Նահանգները զանազան խողովակներով փորձում է ազդել Իրանի ներքաղաքական իրավիճակի վրայ, ապա ակնյայտ է դառնում, որ Իրանն էլ հակազդեցութիւն ունի Միացեալ Նահանգներում, ընդհուպ մինչեւ այն, որ Իրանի խնդիրը ԱՄՆ-ի ներքաղաքական օրակարգում կարող է բերել պետքարտուղարի փոփոխութեան:

«Նոր պետքարտուղարի՝ Մայք Պոմպէոյի նշանակման մասին հիմա զանազան կարծիքներ են շրջանառւում: Հիմնական գերակշիռ մտայնութիւնն այն է, որ նոր պետքարտուղարը Թրամփի քաղաքական ուղեգծին աւելի համահունչ դիրքորոշում ունի՝ Իրանի հետ Միջուկային ծրագրի շուրջ ձեռքբերւած համաձայնութեան համատեքստում:

Եւ ակնյայտ է, որ առնւազն հռետորաբանութեան մակարդակում Միացեալ Նահանգները կը գնայ աւելի խստացման»,- ասաց նա:

Աւելի վաղ հաղորդւել էր, որ Միացեալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պաշտօնից ազատել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին, նրան այդ պաշտօնում փոխարինելու է Կենտրոնական հետախուզական վարչութեան ղեկավար Մայք Պոմպէոն:

Նշենք նաեւ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռեքս Թիլերսոնին պետքարտուղարի պաշտօնից հեռացնելու պատճառը բացատրել էր նրանց միջեւ առկայ տարաձայնութիւններով, որոնցից գլխաւորն Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերեալ համաձայնագրի նկատմամբ մոօտեցումն է:

Գործնական տիրոյթում, ըստ Վարդան Ոսկանեանի, ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ կիրառւող քաղաքականութեան հարցում միայնակ է: Նկատեց՝ այս հարցում Եւրոմիութիւնը չունի համաձայնութիւն ԱՄՆ-ի հետ:

«Դա պէտք է համարել իրանական դիւանագիտութեան լրջագոյն ձեռքբերում, ինչի շնորհիւ նախկինում միասնական հանդէս եկող Արեւմուտքն այժմ ցուցաբերում է տարբեր մօտեցումներ․եւրոպական երկրները կողմ են Միջուկային համաձայնութեան շրջանակներում Իրանի հետ համաձայնութեանը, մինչդեռ Թրամփի վարչակարգը աւելի խիստ մօտեցումներ ունի»,- ասաց նա:

Պատասխանելով դիտարկմանը, թէ հաշւի առնելով Թրամփի առաւել կտրուկ քաղաքականութիւնը, հնարաւոր համարու՞մ է, որ ԱՄՆ-ն առճակատման գնայ բոլորի հետ Իրանի հարցում, Վարդան Ոսկանեանը նկատեց, որ անգամ այդ պարագայում Իրանում ոչինչ չի փոխւի:

«Իրանցիները համարում են, որ իրենց ստանձնած բոլոր միջազգային պարտաւորւածութիւնները՝ ե՛ւ Միջուկային ծրագրի շրջանակներում, ե՛ւ այլ ոլորտներում, իրականացնում են: Այս իրավիճակում դժւար է լինելու Միացեալ Նահանգների համար, որ խախտի միջազգային համաձայնագիրը»,- ասաց նա՝ միեւնոյն ժամանակ չբացառելով հաւանականութիւնը, որ գերտէրութիւնը նման քայլի դիմի:

Իրանական կողմը, այնուամենայնիւ, Վարդան Ոսկանեանի խօսքով՝ իր օրակարգը չի փոխելու: Նա նշեց՝ Իրանն էլ ունի իր ազդեցութեան լծակները: «Մասնաւորապէս Մերձաւոր Արեւելքում Իրանի դիրքերը թոյլ են տալիս նրան՝ ազդեցութեան լծակներ բանեցնել, շատ դէպքում անգամ ուժի սպառնալիքի դիրքերից՝ ի պատասխան իր հանդէպ կիրառւող, ծրագրւող քայլերի կամ նոյնիսկ հռետորաբանութեան»,- ասաց նա:

Թէ արդեօք Հայաստանը Իրան-ԱՄՆ յարաբերութիւնների հնարաւոր վատթարացումից կը տուժի, ԱՄՆ-ը կը կիրառի որոշակի ազդեցութեան մեխանիզմներ Հայաստանի նկատմամբ հարցադրմանը, իրանագէտը պատասխանեց.

«Միացեալ Նահանգները նախկինում էլ որոշակի փորձ կատարել է՝ ճնշումներ բանեցնելու Հայաստանի վրայ՝ կապւած Իրանի հետ ունեցած մեր յարաբերութիւնների հետ: Բայց Հայաստանը երէկ չէ առաջին օրը չէ, որ յարաբերութիւններ է ձեւաւորել Իրանի հետ: Այս պետութեան, ժողովրդի հետ մենք ունենք հազարամեակների տնտեսական, մշակութային յարաբերութիւններ: Հայաստանը գտնւում է թուրք-ադրբեջանական շրջափակման մէջ, եւ այս համատեքստում Իրանի հետ կապերը մեզ համար ունեն կենսական նշանակութիւն»:

Ըստ այդմ, իրանագէտի խօսքով՝ մեր պետութեանը, ժողովրդին Իրանի հետ յարաբերութիւններ խզել ստիպելը ոչ խելամիտ քայլ է․ «Դա կը նշանակի յանձնւել թուրք-ադրբեջանական թշնամանքի դաշինքին, ինչին Հայաստանը որեւէ պարագայում չի գնայ»:

ԱՄՆ-ի կողմից, ըստ Վարդան Ոսկանեանի, որոշակի, ոչ լուրջ ճնշումներ այս ընթացքում կը լինեն Հայաստանի վրայ կը լինեն: ««Խորհրդատւական մակարդակում» նման փորձեր կը լինեն, բայց հայ-իրականական յարաբերութիւնների օրակարգը չափազանց հարուստ է եւ ձեռնտու է երկու կողմերին էլ: Հետևաբար` մենք դրանից չենք կարող հրաժարւել: Մէկ այլ բան էլ կայ․ Միացեալ Նահանգների դիրքորոշումների խստացումը որոշակի նոր հնարաւորութիւններ կարող է բացել Հայաստան-Իրան յարաբերութիւններում: Ժամանակին էլ եղել են նման հնարաւորութիւններ, այլ հարց է, թե որքանով ենք մենք կամ իրանցիները կարողացել օգտագործել այդ հնարաւորութիւնները»,- ասաց նա:

اخبار مرتبط

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։