Հա

Քաղաքական

08/04/2018 - 10:40

Մանուէլ Սարգսեան. «Ադրբեջանին տրւել է օրինական ուժ կիրառելու իրաւունք, հարցը պէտք է վերանայւի»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի յայտարարութիւնը, թէ միջազգային հանրութեան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար ընդունելի չէ Արցախի ներկայիս ստատուս քւոն, նորութիւն չէ:

«alikonline.ir» - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի յայտարարութիւնը, թէ միջազգային հանրութեան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար ընդունելի չէ Արցախի ներկայիս ստատուս քւոն, նորութիւն չէ: «tert.am»-ի հետ զրոյցում ասաց քաղաքագէտ Մանուէլ Սարգսեանը:

«Ադրբեջանում ընտրութիւններ են ընթանում եւ ներկայումս արւած ցանկացած յայտարարութիւն առանձնայատուկ նպատակաուղղւած չէ, ես դիտարկում եմ այս համատեքստում: Ադրբեջանը տարիներ շարունակ ուզում է աշխարհին համոզել, որ ինչ-որ տարածքների վրայ ինչ-որ իրաւունքներ ունի, սպասում է, որ դրանք սկուտեղի վրայ իրեն մատուցեն: Սա է իրականութիւնը»,– ասաց նա:

Քաղաքագէտի խօսքով՝ Բաքուն ԽՍՀՄ փլուզումից յետոյ յոյս ունէր, որ ունենալու է այդ տարածքները։ «Բայց չի ստացւի, չի լինի: Ադրբեջանի իրաւունքը գոնէ ձեւականօրէն ճանաչւում է, իրականում այն չեն ճանաչում, բայց ֆորմալ ճանաչում կայ, որից Ադրբեջանին պէտք է զրկել, եւ միայն այդ դէպքում խնդիրը կը լուծւի»,- ընդգծեց նա։

Մանուէլ Սարգսեանը նշեց, որ այն երկրները, որոնք տւել են այդ իրաւունքը Ադրբեջանին, պէտք է հետ վերցնեն դա:

«Առանց հիմքերին ծանօթանալու, առանց մտածելու վերցրել են այդ իրաւունքը տւել են Ադրբեջանին: Առաջինը դա արել է Հայաստանը: Խաղացել են մարդկանց կեանքով: Ուշ չէ հետ վերցնել այդ իրաւունքը: Ադրբեջանի դատարկախօսութիւնը վերջացել է, ժամանակն է հետ վերցնել այդ իրաւունքը»,- նշեց Մանուէլ Սարգսեանը:

Քաղաքագէտը շեշտեց, որ միջազգային այն կառոյցները, որոնք բանաձեւեր ու յայտարարութիւններ են ընդունել՝ դրանցով իրաւունք տալով Ադրբեջանին, պէտք է վերանայեն այդ փաստաթղթերը:

«Աշխարհը 2007 թւականին ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը: Սա ֆունդամենտալ երեւոյթ է: Պէտք է ճանաչեն Արցախի անկախութիւնը ու վերջ, հաւասարեցնել դիրքերը: Աշխարհում գնում է այս գործընթացը՝ պետութիւնները ճանաչում են անկախութիւնը, բայց խնդիրն այն է, որ դէ Իւրէ ճանաչելուց յետոյ Ադրբեջանն էլ ոչինչ անել չի կարող»,– ասաց նա:

Ըստ Մանուէլ Սարգսեանի՝ Հայաստանի քաղաքականութիւնը սրան պէտք է ուղղւէր, «բայց մարդիկ կան, ովքեր չեն անում, պատասխանատւութիւնը չեն ուզում վերցնել իրենց վրայ»: «Երբ իրաւունքը տրւում է մէկին, դա կատակ բան չէ, Ադրբեջանն ասում է, որ օրինական ուժ կիրառելու իրաւունք ունեն ՄԱԿ-ի կանոնադրութեամբ, հիմա ինչի՞ են զարմանում, որ սա է անում, նա է անում … Այս հարցը պէտք է վերանայւի»,- ընդգծեց Սարգսեանը:

Ըստ նրա՝ Հայաստանը զիջել է այդ իրաւունքը հէնց 1991թ.-ին, իշխանութիւնն ընտրւելուց յետոյ ուրախ-ուրախ, վազելով գնացին չեստ տւեցին Ռուսաստանին»:

«Երբ այս հարցերը բարձրացնում ենք, վազում են, ասում են, թէ չգիտեն, կապ չունի: Այնինչ պէտք է բացայայտել, թէ ով է արել այս ամէնը: Մարդիկ նստած էին, պաշտօնեաներ, բայց ի՞նչ որոշումներ էին ընդունում: Կարելի է ենթադրութիւններ անել, թէ մարդիկ ինչու են դա արել, ինչու են նման որոշումներ կայացնել, բայց սրանով պէտք է զբաղւեն իրավապահ մարմինները»,- նշեց Մանուէլ Սարգսեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։