Հա

Քաղաքական

08/04/2018

Ստանիսլաւ Տարասով. «Բաքւի ու Երեւանի միջեւ ԼՂ կոնֆլիկտի շուրջ բանակցութիւնները սպառւած են, ժամանակն է, որ բանակցութիւններին վերադառնայ Ղարաբաղը»

Հայերը ուզում են խաղաղ ապրել, նրանք ուզում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը կարգաւորւի: Այս մասին «tert.am»-ի հետ զրոյցում ասաց Մերձաւոր Արեւելքի եւ Կովկասի երկրների հարցերով ռուսաստանցի փորձագէտ Ստանիսլաւ Տարասովը:

«alikonline.ir» - Հայերը ուզում են խաղաղ ապրել, նրանք ուզում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը կարգաւորւի: Այս մասին «tert.am»-ի հետ զրոյցում ասաց Մերձաւոր Արեւելքի եւ Կովկասի երկրների հարցերով ռուսաստանցի փորձագէտ Ստանիսլաւ Տարասովը:

Նա նշեց, որ պաշտօնական Երեւանն ու Ստեփանակերտը ուզում են ներգրաււել բոլոր դրական գործընթացներում, որոնք կան տարածաշրջանում եւ աշխարհում:

«Հակամարտութեան կարգաւորման համար պէտք է հասկանալ, թէ կողմերից որ մէկն է կոնստրուկտիւ այս իրավիճակից ելքեր փնտրելու հարցում: Ադրբեջանը չի կատարում բոլոր պայմանաւորւածութիւնները, դադարում է լինել ընդունակ բանակցելուն, Ադրբեջանը մերժում է 2016 թւականի ապրիլեան իրադարձութիւններից յետոյ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռքբերւած պայմանաւորւածութիւնները, Ադրբեջանը հրապարակայնօրէն կեղծում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ ձեռքբերւած պայմանաւորւածութիւնները»,- մանրամասնեց Ստանիսլաւ Տարասովը:

Ըստ քաղաքագէտի՝ Իլհամ Ալիեւը նախընտրական փուլում է, առաջիկայում սպասւում են նախագահի ընտրութիւններ, ուստի նրա բոլոր յայտարարութիւնները ներքին լսարանին են միտւած:

«Հայաստանը յաղթող կողմ է, Հայաստանը փորձում է պահել ներկայիս իրավիճակը: Որքան երկար տեւի այս դրութիւնը այնքան լաւ Ստեփանակերտի, Երեւանի համար, որովհետեւ ամրանում է դրութիւնը, պետութիւնը ամրանում է: Ադրբեջանը պէտք է Ղարաբաղի հետ ուղիղ բանակցելու քայլեր ձեռնարկի, ոչ թէ սպասի, որ ինչ ուզում է սկուտեղի վրայ իրեն մատուցեն: Թող չկարծի, որ Մոսկւան, Ֆրանսիան, Վաշինգտոնը բերելու են պատրաստի որոշումներ: Ալիեւը պէտք է Ղարաբաղի հետ ուղիղ բանակցութիւններ վարի, երկխօսի, փնտրի տարբերակներ քանի դեռ հակամարտութիւնը չի կարգաւորւի»,- ասաց Տարասովը:

Վերջինս շեշտեց, որ Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու ժամանակն է: «Ղարաբաղը պէտք է բանակցութիւնների մաս դառնայ, Ղարաբաղը հակամարտութեան կողմ էր, բայց մշուշոտ մի պատմութեան արդիւնքում այն դուրս մնաց: Բաքւի ու Երեւանի միջեւ բանակցութիւնները սպառւած են, չկայ բանակցելու ռեսուրս, բոլոր տարբերակները սպառւել են, բանակցութիւնների սեղանին նետւած առաջարկները մերժւել են, որեւէ մէկը չի գնում փոխզիջման: Դրա համար պէտք է Ղարաբաղի մասնակցութիւնը»,- ասաց նա:

Ստանիսլաւ Տարասովը միաժամանակ ասաց, որ Ադրբեջանը պատրաստ չէ Ղարաբաղի հետ բանակցել, ինչի մասին վկայում են Ալիեւի հնչեցրած յայտարարութիւնները, դրանց երանգը, հռետորաբանութիւնը:

«Վերջերս Ալիեւն ասում էր, թէ ադրբեջանցիները պէտք է վերադառնան իրենց պատմական հողերի վրայ: Այդ ի՞նչ պատմական հողեր են, այդ ի՞նչ են խօսում: Նրան պէտք է յիշեցնել պատմութիւնը: Վաղ թէ ուշ կը գայ այն օրը, երբ Ադրբեջանում կը հասկանան, որ հայերի հետ երկխօսել է պէտք, որ հայերը պէտք է անվտանգութեան երաշխիքներ ունենան երկխօսելու համար: Բայց քանի որ Ալիեւը պատրաստ չէ ապահովել նման երաշխիքներ, որովհետեւ չի ճանաչում Ղարաբաղի անկախութիւնը, երկխօսութեան մեկնարկը հեռանկարներում է մնում»,- ասաց նա:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։