Հա

Քաղաքական

09/04/2018 - 14:10

ՀՀ նորընտիր նախագահ. «Որեւէ մէկը թող չկասկածի, որ Հայաստանը եւ ամբողջ ժողովուրդը կանգնած են Արցախի թիկունքին»

ՀՀ նախագահի երդման հանդիսաւոր արարողութեան աւարտին ելոյթով հանդէս է եկել ՀՀ նորընտիր նախագահ Արմէն Սարգսեանը:

«alikonline.ir» - ՀՀ նախագահի երդման հանդիսաւոր արարողութեան աւարտին ելոյթով հանդէս է եկել ՀՀ նորընտիր նախագահ Արմէն Սարգսեանը:

Նա իր ելոյթում մասնաւորապէս ասել է. «Ես գնահատում եմ այն վիթխարի աշխատանքը, որ վերջին 3 տասնամեակների ընթացքում կատարւել է ՀՀ երեք նախագահների օրօք: Ժամանակն, իհարկէ, լիակատար գնահատական կը տայ մեր անցած ուղուն, սակայն այսօր կարելի է ամենայն անաչառութեամբ ասել՝ ԽՍՀՄ փլուզման պայմաններում, Սպիտակի աւերիչ երկրաշարժի, Արցախի գոյամարտի, քայքայւած տնտեսութեան պայմաններում, այնուամենայնիւ, մեզ յաջողւեց ստեղծել պետական կուռ համակարգով, բաց հասարակութեան գաղափարով եւ համամարդկային արժէքներով առաջնորդւող երկիր: Երկիր, որը վայելում է համաշխարհային հանրութեան յարգանքը:

ՀՀ-ի անդամակցութիւնը ԵՏՄ-ին ե ԵՄ-ի հետ ստորագրւած գործընկերութեան համաձայնագիրը երկրի զարգացման համար նոր հեռանկարներ, հնարաւորութիւններ է բացում, իսկ կառավարման խորհրդարական համակարգը լաւագոյն պայմաններ է ստեղծում դրա համար: Այս առումով՝ ես ուզում եմ արժանին մատուցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի քաղաքական հեռատեսութեանը եւ պետական գործչի ու կազմակերպչի հմտութեանը: 

Հայ ժողովրդի հերոսական անցեալն ու փորձը ցոյց են տալիս, որ մեր պատմութիւնն առաւելապէս ոգու պատմութիւն է: Առանց այդ ոգու եւ հաւատի, մենք չէինք կարող խոր անցեալից հասնել մինչեւ մեր օրեր: Մենք եղել ենք արդի համամարդկային արժէքների ակունքներում:

Ժամանակային ու տարածականութեան այդ տիրոյթներում մենք տարբեր ժողովուրդների հետ համերաշխ համակեցութեան անգնատահեի փորձ ենք ձեռք բերել ու մեր պատմութեան ապացուցել, որ արարող, ստեղծագործ, հաշտ ու խաղաղ ժողովուրդ ենք: Ահա թէ ինչու Հայաստանը հետևողականօրէն առաջ է տանում բոլոր հակամարտութիւնները խաղաղ եւ բանակցային ճանապարհով լուծելու քաղաքականութիւնը, քաղաքականութիւն է տանում ցեղասպանութիւնները եւ մարդկութեան դէմ գործած այլ յանցագործութիւնները կանխարգելելու քաղաքականութիւնը: Այն մեծ ողբերգութիւնը, որ հայ ժողովուրդը կրել է 100 տարի առաջ՝ Մեծ եղեռնի տարիներին, զգօնութեան դաս պէտք է լինի բոլորի համար: Ուստի այսօր Ցեղասպանութեան ճանաչումն ինքնանպատակ չէ, մարդկութեան դէմ գործած այդ ոճրի միջազգայնօրէն ընդունումն ու դատապարտումը կարեւոր քայլ է՝ դրա կրկնութիւնը որեւէ տեղ աշխարհում բացառելու նպատակով:

Այսօր մեր երկրի համար առանցքային հարց է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան՝ խաղաղ եւ բանակցկային կարգաւորումը, դրա առաջին երաշխիքը հզօր Հայաստանն է: Արդարացի լուծման հասնելու եւ Արցախի ժողովրդի անքակտելի իրաւունքները լաւագոյնս պաշտպանելու համար մենք պէտք է շարունակենք կառուցել ամուր, տնտեսապէս զարգացող, ծաղկուն Հայաստան: Յանուն այդպիսի Հայաստանի՝ մենք մեր քաղաքացու համար պէտք է ապահովենք ինքնադրսեւորման լաւագոյն միջավայրը: Միասին պէտք է պայքար մղենք պետական համակարգում, մեր շրջապատում առկայ բացասական, արատաւոր երեւոյթների դէմ՝ կոռուպցիայից մինչեւ անարդարութիւն… այս հարցում իւրաքանչիւրի դերը կարեւոր է. մենք կը յաջողենք, եթէ ոչ միայն քննադատենք, այլ նաեւ առաջարկենք, ջրբաժաններ ստեղծելու փոխարէն՝ համախմբւենք եւ աշխատենք միասին:

Մեր առաջնահերթութիւններից մէկը պէտք է լինի Հայաստան-Արցախ-Սփիւռք միասնութեան համակողմանի ամրապնդումը: Մեր ազգային ամրապնդման գրաւականն ու յենարանը եկեղեցին է՝ համաշխարհային ազգային մի կառոյց, որի շուրջ դարեր ի վեր համախմբւել է մեր ժողովուրդը: Պէտք է անենք ամէն բան՝ արհեստական հակասութիւնների վերացման եւ մեր հաւաքական ուժի գիտակցման ուղղութեամբ:

Հաւատ, վստահութիւն, արդարութիւն եւ ամենօրեայ բարեխիղճ աշխատանք՝ այս արժէքներն են, որ կարող են խթանել մեր հասարակութեան ստեղծագործական ուժերն ու եռանդը: Տնտեսութեան ակտիւացման յստակ տեսլականն ու դրա շօշափելի արդիւնքները կարող են ոչ միայն խթանել տնտեսական աճը, այլեւ արգելակել արտագաղթն ու հայրենիք վերադարձնել շատերին:

Պէտք է ներդրումներ արւեն գիտութեան, կրթութեան եւ մշակոյթի ոլորտում: Վստահ եմ, որ մենք ի վիճակի ենք Հայաստանը դարձնել գրաւիչ գործընկեր: Վստահեցնում եմ երիտասարդներին, որ ես միշտ լինելու եմ նրանց կողքին:

Կերտելու ենք նոր Հայաստան, հայրենիք՝ աշխարհի բոլոր հայութեան համար»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։