Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 10 Ապրիլի 2018 10:20

Կարէն Վերանեան. «Ռազմականացւած Նախիջեւանը վտանգ է ներկայացնում ինչպէս տարածաշրջանի բոլոր երկրների, այնպէս էլ ողջ Հարաւային Կովկասի անվտանգութեանը»

«Նորավանք» հիմնադրամի Քաղաքական հետազօտութիւնների կենտրոնի ղեկավար, աւագ փորձագէտ Կարէն Վերանեանի խօսքով՝ հասկանալի է, որ հէնց այնպէս չէ, որ Նախիջեւանը ռազմականացւում է նման տեմպերով։

«alikonline.ir» - «Նորավանք» հիմնադրամի Քաղաքական հետազօտութիւնների կենտրոնի ղեկավար, աւագ փորձագէտ Կարէն Վերանեանի խօսքով՝ հասկանալի է, որ հէնց այնպէս չէ, որ Նախիջեւանը ռազմականացւում է նման տեմպերով։ «tert.am»-ի հետ զրոյցում, անդրադառնալով վերջին օրերին Նախիջեւանի կողմից ՀՀ սահմանում եղած լարւածութեան աճին, նա նկատեց՝ այս պարագայում Հայաստանի խնդիրն է ոչ միայն հետեւել դէպքերի զարգացմանը, այլեւ իրատեսական գնահատականներ տալ վերը նշեալ գործընթացներին, հետեւապէս եւ պատրաստ լինել դէպքերի ու սցենարների ցանկացած զարգացման։ Պատմութիւնը, ըստ նրա, ցոյց է տւել, որ Թուրքիայի ներգրաււածութիւնը հարաւկովկասեան տարածաշրջանում գլխաւորապէս բացասական հետեւանքներ է ունեցել տարածաշրջանի կայունութեան ու անվտանգութեան ապահովման վրայ։

 

- Պարո՛ն Վերանեան, վերջին օրերին Նախիջեւանի կողմից լարւածութիւն նկատւեց ՀՀ սահմանին: Դուք նշել էիք, որ Նախիջեւանում ռազմական տեխնիկայի կուտակումն ունի ոչ թէ պաշտպանողական, այլ յարձակողական նպատակներ, եւ բաւական իրատեսական սցենարի համաձայն, Նախիջեւանի ռազմականացման ներկայիս տեմպերի պահպանման դէպքում տարիներ անց նախիջեւանեան սահմանային հատւածն իր անկայունութեամբ առանձնապէս չի տարբերւի արցախա-ադրբեջանական սահմանում տիրող ներկայիս իրավիճակից: Ի՞նչ էք կարծում, այս սցենարի իրականացման ո՞ր փուլին ենք հասել հիմա:

- Այն, որ Նախիջեւանը գտնւում է ակտիւ ռազմականացման փուլում, արդէն իսկ խօսում է առաջիկայ տարիների կտրւածքով այս ուղղութեամբ ռիսկերի ու մարտահրաւէրների ձեւակերպման գործընթացի մասին։ Իհարկէ, թէեւ ներկայ փուլում նախիջեւանեան սահմանին հրադադարի ռեժիմի խախտման դէպքերը կրում են հազւադէպ բնոյթ, այնուհանդերձ, Նախիջեւանում ռազմական տեխնիկայի կուտակման որակական եւ քանակական վիճակագրական տւեալները կարող են մի օր գործի դրւել։ Կարծում եմ` հասկանալի է, որ հէնց այնպէս չէ, որ Նախիջեւանը ռազմականացւում է նման տեմպերով։ Մեր խնդիրն է ոչ միայն հետեւել դէպքերի զարգացմանը, այլեւ իրատեսական գնահատականներ տալ վերը նշեալ գործընթացներին, հետեւապէս եւ պատրաստ լինել դէպքերի ու սցենարների ցանկացած զարգացման։ Պատմութիւնը ցոյց է տւել, որ Թուրքիայի ներգրաււածութիւնը հարաւկովկասեան տարածաշրջանում գլխաւորապէս բացասական հետեւանքներ է ունեցել տարածաշրջանի կայունութեան ու անվտանգութեան ապահովման վրայ։

Խնդիրը բարդանում է նաեւ նրանով, որ տարածաշրջանում մենք գործ ենք ունենում թուրք-ադրբեջանական տանդեմի հետ, ինչը հիմնականում ունի հակահայաստանեան, հակահայկական բնոյթ եւ նպատակներ։ Տւեալ պարագայում Նախիջեւանի ռազմականացման հարցի հետ կապւած էլ Թուրքիայի միջամտութիւնն ակնյայտ է եւ ուղղակի, իսկ սա խօսում է միմիայն լրջագոյն ռիսկերի ու սպառնալիքների մասին, որ կարող են բաւական կարճ ժամանակահատւածում ապակայունացնել տարածաշրջանը։

 

- Թուրք-ադրբեջանական համագործակցութիւնը լուրջ սպառնալիք կարող է լինել տարածաշրջանի համարսրա հետ կապւած մասնագիտական շրջանակները պարբերաբար անհանգստութիւն են յայտնում: Ի՞նչ էք կարծում՝ տարածաշրջանում խաղացողներից իւրաքանչիւրն ի՞նչ վերաբերմունք ունի Նախիջեւանում թուրք-ադրբեջանական համագործակցութեան վերաբերեալ:

- Նախիջեւանում թուրք-ադրբեջանական տանդեմի համագործակցութիւնը միանշանակ չի ընկալւում տարածաշրջանի հիմնական դերակատարների կողմից։ Սա առաջին հերթին մտահոգում է Ռուսաստանին, որը Թուրքիայի ներգրաււածութիւնը նախիջեւանեան համատեքստում դիտարկում է որպէս Անկարայի կողմից հնարաւորութիւն Հարաւային Կովկասում թուլացնելու Ռուսաստանի դիրքերը։ Առանձնակի կարեւորութիւն պէտք է տալ 2016 թւականի նոյեմբերի 30-ին ՀՀ եւ ՌԴ պաշտպանութեան նախարարներ Վիգէն Սարգսեանի ու Սերգէյ Շոյգուի կողմից Մոսկւայում հայ-ռուսական միացեալ զօրամիաւորման մասին պայմանագրի ստորագրմանը։ Միացեալ խմբաւորման մեծ խնդիրներից մէկը կայանում է հէնց՝ որպէսզի յատկապէս հայ-թուրքական ուղղութեամբ սպառնացող վտանգի դէպքում հայ-ռուսական համատեղ միացեալ զօրախմբի ուժերով իրականացնել այդ ուղղութեամբ պաշտպանութեան մարտական խնդիրները։ Կարծում եմ` այստեղ ակնյայտ է ռուսական կողմի շահագրգռւածութիւնը զսպելու՝ այդ թւում եւ Նախիջեւանի ուղղութեամբ թուրք-ադրբեջանական նկրտումները։

Մեծ նշանակութիւն պէտք է տալ նաեւ ՀՀ եւ ՌԴ միջեւ «Հաւաքական անվտանգութեան կովկասեան տարածաշրջանում հակաօդային պաշտպանութեան միաւորւած տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» (ՀԱԿՏ ՀՕՊ համակարգ) համաձայնագրի իրաւաքաղաքական հենքի ձեւաւորմանը։

 

Խօսք է գնում, որ Իրանն այս հարցի շուրջ քաղաքականութիւն կարող է վարել:

- Նախիջեւանում թուրքական գործօնի մեծացման հարցը անհանգստացնում է նաեւ հարեւան Իրանին, որը փորձում է Նախիջեւանյան ռազմաքաղաքական զարգացումներում Թուրքիայի ներգրավւածութիւնը հավասարակշռել Նախիջեւանի տնտեսական-հաղորդակցութիւնների ուղղութեամբ Իրանի մասնակցութեան ընդլայնմամբ։ Միանշանակ է, որ ռազմականացւած Նախիջեւանը իրենից վտանգ է ներկայացնում ինչպէս տարածաշրջանի բոլոր երկրների, այնպես էլ՝ ողջ Հարաւային Կովկասի անվտանգութեան տեսանկիւնից։ Չեմ կարծում, որ Իրանն այս հարցում ունի զուտ հայամէտ դիրքորոշում։ Թէ՛ Նախիջեւանի հարցում, թէ՛ տարածաշրջանի այլ խնդիրներում Իրանն առաջնորդւում է իր ազգային-պետական շահերով՝ փորձելով հաւասարակշռութիւնը պահպանել հայ-ադրբեջանական հակամարտութեան համատեքստում։

 

Պարո՛ն Վերանեան, կայ նաեւ կարծիք, որ հայկական կողմը պէտք է փորձի Մոսկւայի ուշադրութիւնը հրաւիրել խնդրի վրայ, պէտք է համոզի, որ վերանայւեն Մոսկւայի եւ Կարսի պայմանագրերը: Որքանո՞վ է հաւանական այդ առաջարկի իրականացումը:

- Այն, որ հայկական կողմն ակտիւ աշխատանքներ է տանում Մոսկւայի հետ վերոնշեալ հարցերի ուղղութեամբ, կարծում եմ, երկու կարծիք լինել չի կարող։ Եւ այս ուղղութեամբ կան կիրառական նշանակութեան ռազմաքաղաքական լուրջ ձեռքբերումներ, որոնց մասին արդէն խոսեցի։

Ինչ վերաբերում է միջազգային պայմանագրերին, ապա դրանց կարգավիճակը, ինչպէս նաեւ հնարաւոր փոփոխութիւնների հարցերը ուղղակի կամ անուղղակի փոխպայմանաւորւած են հարաւկովկասեան տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումներով եւ կարող են արտացոլւել այս համատեքստում հնարաւոր վերադասաւորումների հետեւանքների հիման վրայ։ Մեր խնդիրն է, որպէսզի այդ գործընթացները հնարաւորինս ընթանան ՀՀ պետական շահերին համահունչ։

 

Ուրիշ ի՞նչ քայլերի կարող է դիմել ՀՀ-ն Նախիջեւանից իրեն սպառնացող վտանգները կանգնեցնելու համար:

- Ինչպէս արդէն նշեցի, Նախիջեւանից սպառնացող վտանգները կանգնեցնելու համար հայկական կողմն արդէն ձեռնարկում է բաւական արդիւնաւէտ եւ զսպող քայլեր։ Առանձնակի կարեւորութիւն պէտք է տալ Նախիջեւանի հետ սահմանում հայկական զինուժի կողմից, առանց հրադադարի ռեժիմի խախտման, նոր դիրքեր հսկողութեան տակ վերցնելու հանգամանքին (շուրջ 100 քառ. կմ): Կարծում եմ, հայկական կողմն անհրաժեշտ աշխատանքներ է կատարում Նախիջեւանի ուղղութեամբ սահմանային անվտանգութիւնը է՛լ աւելի բարձրացնելու տեսանկիւնից։ Հարցն առաւել հրատապ է դարձել հայկական կողմի համար յատկապէս ապրիլեան ռազմական գործողութիւններից յետոյ։

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ