Հա

Քաղաքական

10/04/2018

Արմէն Սարգսեան. «Ռուսաստանն առանցքային դեր է խաղում Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացում»

Արմէն Սարգսեանը, որը երկուշաբթի ստանձնել է ՀՀ նախագահի պաշտօնը, ռուսական ՏԱՍՍ գործակալութեանը տւած հարցազրոյցում յայտարարել է, որ չափազանց կարեւոր է համարում Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման գործընթացում: 

«alikonline.ir» - Արմէն Սարգսեանը, որը երկուշաբթի ստանձնել է ՀՀ նախագահի պաշտօնը, ռուսական ՏԱՍՍ գործակալութեանը տւած հարցազրոյցում յայտարարել է, որ չափազանց կարեւոր է համարում Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման գործընթացում: Տեղեկացնում է «tert.am»-ը:

«Արդէն աւելի քան 25 տարի հակամարտութեան կարգաւորման շուրջ բանակցութիւններն անց են կացւում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով՝ համանախագահ երկրներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի առաջարկած կարգաւորման սկզբունքների եւ տարրերի հիման վրայ: Ռուսաստանն առանցքային դեր է խաղում ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացում՝ որպէս Մինսկի խմբի համանախագահներից մէկը»,- նշել է ՀՀ նախագահը:

Արմեն Սարգսեանն ընդգծել է, որ «23 տարի առաջ Ղարաբաղում եռակողմ հաշտեցումը ձեռք է բերւել հէնց Ռուսաստանի միջնորդութեան շնորհիւ»:

«Մենք բարձր ենք գնահատում այդ միջնորդական ջանքերը խնդրի խաղաղ կարգաւորման լուծման որոնումներում: Ակնյայտ է, որ խնդրի կարգաւորման համար անհրաժեշտ է խաղաղութեան եւ համաձայնութեան գալու քաղաքական կամք: Իր կողմից Հայաստանն անում է հնարաւոր ամէն բան խաղաղութեան ձեռքբերման համար եւ ակնկալում է, որ ադրբեջանական կողմը նոյնպէս նոյնկերպ կը վարւի»,- ասել է նա:

Նախագահը նշել է, որ «վերջնական հաշւով, բոլոր տարածաշրջանային հակամարտութիւնները լուծւում են, եւ դրանք յաղթահարելի են»:

«Պատմութիւնը տեսել է հակամարտութիւններ՝ ոչ աւելի դաժան եւ ողբերգական»,- նշել է նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։