Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 11 Ապրիլի 2018 11:10

Հայկ Մարտիրոսեան. «Սիրիայում շատ առումներով վճռւում է Հայաստանի ճակատագիրը»

Քաղաքագիտութեան դոկտոր Հայկ Մարտիրոսեանի խօսքով՝ հիմա որեւէ մեկը չի կարող ասել, թէ ինչ կը լինի ապրիլի 9-ին Սիրիայում տեղի ունեցած քիմիական յարձակմանը յաջորդած Արեւմուտքի եւ Ռուսաստանի յարաբերութիւնների հետ, սակայն փաստ է, որ առաջիկայ ժամերին Ամերիկայի Միացեալ Նահանգները ռազմական հարւածներ կը հասցնի Սիրիական տարածքին: Խնդիրը, ըստ նրա, հիմա նրանում է, թէ ԱՄՆ-ի հարւածն ինչ թափ կունենայ:

«alikonline.ir» - Քաղաքագիտութեան դոկտոր Հայկ Մարտիրոսեանի խօսքով՝ հիմա որեւէ մեկը չի կարող ասել, թէ ինչ կը լինի ապրիլի 9-ին Սիրիայում տեղի ունեցած քիմիական յարձակմանը յաջորդած Արեւմուտքի եւ Ռուսաստանի յարաբերութիւնների հետ, սակայն փաստ է, որ առաջիկայ ժամերին Ամերիկայի Միացեալ Նահանգները ռազմական հարւածներ կը հասցնի Սիրիական տարածքին: Խնդիրը, ըստ նրա, հիմա նրանում է, թէ ԱՄՆ-ի հարւածն ինչ թափ կունենայ:

«Tert.am»-ի հետ զրոյցում նա, այնուամենայնիւ, նկատեց, որ իհարկէ ԱՄՆ-ի ռազմական գործողութիւնները մարտի դաշտում մեծ փոփոխութիւններ չեն առաջացնի, բայց երկու սցենարներ հնարաւոր է գործի դրւեն:

«Մէկը՝ եթէ խփւի կոնկրետ, եւ երկրորդը՝ շատ աւելի մասշտաբային կարող է լինել, եթէ վերացւի ամբողջ սիրիական օդուժը»,- ասաց նա՝ նշելով, որ առայժմ անհնար է ասել, թէ յատկապէս որ սցենարը կարող է իրականանալ:

Եթէ ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողութիւններ սկսւեն, ապա, ըստ Հայկ Մարտիրոսեանի, Ռուսաստանը «պարտաւոր» կը լինի պատասխանելու ռազմադաշտում:

Քաղաքագիտութտան դոկտորը նաեւ նկատեց, որ դեռ «մեծ հարց» է, թէ սիրիական հակամարտութեան շուրջ նոր լարւածութեան աճի պատճառ դարձած «քիմիական յարձակման» պատասխանատուներն ովքեր են:

«Խնդիրն այն , թէ ով է իրականում կիրառել քիմիական զէնքը: Ամէն դէպքում սիրիական կառավարութեանն ամենեւին ձեռնտու չէ կիրառել քիմիական զէնք: Իրենք անգամ բազմիցս զգուշացրել են, որ ապստամբներն են կիրառում քիմիական զէնքը՝ Սիրիական կառավարութեան նկատմամբ ռեակցիա առաջացնելու համար»,- նշեց նա:

Հիմա, Հայկ Մարտիրոսեանի խօսքով, դժւար է նաեւ ասել, թէ ինչպիսին կը լինի Ռուսաստանի արձագանգը, յատկապէս լարւածութիւնը մեծացել է սիրիական ռազմաբազան իսրայէլական ուժերի կողմից հրթիռակոծումից յետոյ, որի ժամանակ զոհւել են իրանցիներ: «Սա եւս լուրջ էսկալացիա է ստեղծում, եւ որեւէ մէկը չի կարող ասել, թէ ինչպէս կը զարգանան իրադարձութիւնները»,- ասաց նա։

Վերջին իրադարձութիւնների ֆոնին ԱՄՆ-ի  եւ Արեւմուտքի հիմնական խաղացողների համախմբւածութիւնը եւս Ռուսաստան-Արեւմուտք հակամարտութեան եւ հակասութիւնների դրսեւորումներից մէկն է: Մարտիրոսեանը նկատեց՝ հիմնախնդրի հետ կապւած բախումները շատ են եւ՛ մարտական, եւ՛ դիւանագիտական դաշտում:

«Շատ լուրջ բախումներ են ընթանում: Իհարկէ, Ռուսաստանը տնտեսապէս այն վիճակի մէջ չէ, շատ ծանր պատժամիջոցների ներքոյ է գտնւում: Բայց ամեն դէպքում տեսնում ենք, որ ամէն ջանք գործադրում է Սիրիայում իր դիրքերն ամրապնդելու եւ ուժեղացնելու ուղղութեամբ: Բայց շատ լուրջ, պայթիւնավտանգ իրավիճակ է»,- ասաց քաղաքագէտը՝ միեւնոյն ժամանակ աւելացնելով, որ չի կարծում, թէ ամերիկեան հաշւարկներն այնպէս կը լինեն, որ կոնկրետ մարտադաշտում իրավիճակ փոխւի:

«Բեկման կէտը վաղուց անցել է, եւ ակնյայտ է, որ Սիրիայի կառավարական ուժերն իրենց վերահսկողութեան տակ են վերցնելու բոլոր այն կէտերը, որոնք գտնւում են իսլամիստների վերահսկողութեան ներքոյ՝ բացառութեամբ նրանցից, որոնք գտնւում են թուրքական վերահսկողութեան տակ, ինչպէս նաեւ նրանցից, որտեղ ամերիկեան ուժեր են տեղակայւած»:

Սիրիական հակամարտութիւնում նոր թափ առած սրացումները, Հայկ Մարտիրոսեանի խօսքով, կարող են իրենց ազդեցութիւնն ունենալ նաեւ Հայաստանի վրայ: Քաղաքագէտը նկատեց, որ նոյն կերպ կարելի եղել ասել Սիրիական պատերազմի ամբողջ ընթացքում:

«Այն առնչւում է Հայաստանին անուղղակի ուղիներով: Պարզապէս Հայաստանում դրա մասին չգիտեն կամ նախընտրում են չիմանալ, լռել, անտեսել եւ այլն: Չափազանց մօտ է  Սիրիան Հայաստանին, եւ Սիրիայում շատ առումներով վճռւում է  Հայաստանի ճակատագիրը․ այն առումներով, որ Թուրքիան չափազանց ակտիւ դերակատարում ունի Սիրիական պատերազմում եւ առաջիկայում նման դերակատարում ունենալու է նաեւ հայ-ադրբեջանական լայնամասշտաբ բախման ընթացքում: Եւ թէ ինչպէս Թուրքիան դուրս կը գայ Սիրիական հիմնախնդրից (ինչպէս երեւում է՝ դուրս է գալիս յաջողութեամբ- Հ․ Մ․), կարելի կը լինի նաեւ պատկերացում կազմել հայ-ադրբեջանական բախման ժամանակ նրա գործողութիւնների մասին»,- ասաց նա:

Սիրիական հիմնախնդիրը, ըստ քաղաքագէտի, առնչւում է Հայաստանին նաեւ այնքանով, որ այնտեղ կայ մեծ հայկական համայնք: Մարտիրոսեանը մատնանշեց, որ եթէ Սիրիայում իսլամիստները յաջողութեան հասնէին, ապա կարելի է ասել, որ Հայաստանի ճակատագիրը բաւականին «մութ գծեր» կունենար:

Արդեօք հիմա հնարաւո՞ր է, որ Հայաստանը կարողանայ որոշակի քայլերով իր համար շահաւէտ իրավիճակ ստեղծել․ հարցադրմանն ի պատասխան Հայկ Մարտիրոսեանը նշեց՝ միշտ է դա հնարաւոր եղել, սակայն ՀՀ-ը միշտ նման իրավիճակում ձգտում է լինել չէզոք, անմասնակից եւ հրաժարւում է պաշտպանել սեփական շահերը:

«Հայաստանը Սիրիական պատերազմում ունի շահեր, որոնցով չի հետաքրքրւում, որոնք չի զարգացնում, եւ, անկեղծ ասած, զարգացնելու պահը բաց է թողնւած: Հայաստանը շանս ունէր դառնալու գոնէ տարածաշրջանային խաղացող, որի հետ կը սկսէին տարածաշրջանային խաղացողները հաշւի նստել: Բայց Հայաստանը նախընտրեց լինել խիստ չէզոք, խիստ մեկուսացւած եւ գնահատեց դա որպէս հաւասարակշռւած դիրքորոշում: Սակայն միշտ չէ, որ քեզ համար ձեռնտու պէտք է լինի չէզոք, հաւասարակշռւած մօտեցումը»,- ասաց նա:

Խօսելով արդէն սիրիահայութեան եւ նրանց հնարաւոր հայրենադարձութեան  նոր փուլի մասին՝ Հայկ Մարտիրոսեանը ներկայացրեց իր տեսակէտը․ Մերձաւոր Արեւելքում չափազանց կարեւոր է հայ համայնքի ներկայութիւնը: «Ինչ-որ մի պահի ես ինքս հանդէս էի գալիս նրա օգտին, որ Հալէպից հայ համայնքը պէտք է տարհանւի, որովհետեւ լուրջ վտանգ կար, որ Հալէպն ամբողջութեամբ կարող է ընկնել: Նման պարագայում առաջին սրի քաշւողներից էին լինելու հայ համայնքի ներկայացուցիչները»,- նշեց նա:

Հայաստանին ձեռնտու է ունենալ սիրիահայ համայնքը Մերձաւոր Արեւելքում, բայց ըստ Հայկ Մարտիրոսեանի, եթէ այնտեղի համայնքը գոնէ մասամբ տեղափոխւէր Հայաստան եւ հարստացնէր այն իր ներկայությամբ, ապա կարելի կը լինէր թեմայի շուրջ քննարկումներ ծաւալել: «Սակայն տեսանք, որ սիրիահայերը Հայաստանը հիմնականում օգտագործեցին որպէս տրանզիտային կէտ, եւ դա նրանց մեղքով չէր: Դրա պատճառն այն էր, որ կոնկրետ քայլեր չկատարւեցին, որ համայնքը մնայ այստեղ, պայմաններ չստեղծեցին, եւ  տասնեակ հազարաւոր սիրիահայեր բռնեցին ձուլման ճանապարհը»:

Դիտարկմանը, թէ տարբեր ամբիոններից դեմոգրաֆիական խնդիրների մասին խօսելիս որպէս Հայաստանում բնակչութեան թւի աճման միջոց մատնանշում են հայրենադարձութիւնը, Հայկ Մարտիրոսեանը պատասխանեց․ «Երբ Հայաստանից արտագաղթում են, հայրենադարձութիւնից խօսելը մի քիչ գիտաֆանտաստիկ ժանրից է: Անզէն աչքով էլ երեւում է, որ երկիրը դատարկւում է»:

Հայկ Մարտիրոսեանի խօսքով՝ պարզապէս պէտք է որդեգրւի մի բան, որը գուցէ հիմա շատերին «գիտաֆանտաստիկ ժանրից» թւայ, բայց իրականանալի է․ դա տնտեսապէս պայմաններ ստեղծելն է՝ Հայաստանից  պակաս բարւոք երկրներից  մարդկանց ներգաղթ ապահովելու համար:

«Այն երկրներից, որոնք չեն կարող ունենալ մշակութային կամ կրօնական մեծ տարբերութիւններ Հայաստանի բնակչութեան հետ»,- ասաց նա՝ յաւելելով, որ կարելի է սկսել եթովպացիներից, կարելի է մտածել Հնդկաստանի մարդկային ռեսուրսի մասին,- «պէտք է ընտրել՝ որ տարածքներից, ինչ խաւերից մարդկանց բերել այստեղ: Երկրորդը՝ նաեւ պէտք է մտածել, թէ ինչպէս դա աշխատեցնել: Պէտք է պարզապէս հասկանալ, որ տնտեսութիւնն աշխատում է  մարդկանց շնորհիւ:  Դատարկ տնտեսութեամբ եւ դեմոգրաֆիկ  առումով դատարկւած երկրում չկայ առաջարկ, չկայ պահանջարկ եւ չկայ նաեւ սպառում: Մարդիկ սկսում են աշխատել, եթէ լինում են մարդկային զանգւածներ: Իհարկէ, այդ ժամանակ առաջանում է աշխատատեղի խնդիր, բայց մարդիկ նաեւ ստեղծում են դրանք, ինչի ապացոյցը մենք տեսանք սիրիահայերի պարագայում»:

Մարդկանց Հայաստան բերելով, ըստ Հայկ Մարտիրոսեանի, այլ խնդիր էլ է լուծւում․ բնակեցւում են արդէն դատարկւած հայաստանեան բնակավայրերը, ինչպէս նաեւ  Արցախի ազատագրւած բնակավայրերը: «Դրանով կարելի է ապահովել նաեւ այդ տարածքների պաշտպանունակութիւնը»,- ասաց նա:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ