Հա

Քաղաքական

12/04/2018

Ադրբեջանի ի՞նչ ռեզերւեներ են ոչնչացվել 2016ին. Սենոր Հասրաթեանն արձագանգել է գեներալ Հասանովի յայտարարութիւններին

Օրերս ադրբեջանական բանակի կորպուսի հրամանատարներից գեներալ-մայոր Հիքմեթ Հասանովը, ծաւալուն հարցազրույց է տւել «armiya.az» էլեկտրոնային պարբերականին՝ երկամեայ վաղեմութեան առճակատումը ներկայացնելով որպէս ադրբեջանական բանակի փայլուն յաղթանակ:

«alikonline.ir» - Օրերս ադրբեջանական բանակի կորպուսի հրամանատարներից գեներալ-մայոր Հիքմեթ Հասանովը, ծաւալուն հարցազրույց է տւել «armiya.az» էլեկտրոնային պարբերականին՝ երկամեայ վաղեմութեան առճակատումը ներկայացնելով որպէս ադրբեջանական բանակի փայլուն յաղթանակ:

Սեփական բանակի հասցէին շռայլութիւններ չխնայած ադրբեջանցի բարձրաստիճան հրամանատարը չի զլացել նաեւ «փնովել» հայկական բանակի գործողութիւնները՝ նշելով, որ 2015 թւականից սկսած հայկական կողմը տարբեր տեսակի զինատեսակներից կրակահերթի տակ էր պահում առաջնագծի մօտակայքում տեղակայւած ադրբեջանական բնակավայրերը՝ դրան զուգահեռ իրականացնելով դիւերսիոն ներթափանցման փորձեր:

Թեմայի շուրջ «Արցախպրես» լրատւական գործակալութիւնը զրուցել է Արցախի Հանրապետութեան ՊՆ մամուլի քարտուղար, գնդապետ Սենոր Հասրաթեանի հետ:

 

- Պարո՛ն Հասրաթեան, ինչպէ՞ս կը բնութագրէիք ադրբեջանցի գեներալի այս դիտարկումները:

- Նախ, եթէ ուսումնասիրէք բանակի մամուլի ծառայութեան կողմից տարածւող օպերատիւ ամփոփագրերը, կը տեսնէք, որ 2014 թ. երկրորդ կէսից սկսած ադրբեջանական կողմը պարբերաբար աւելացնում էր հրադադարի ռեժիմի խախտումների քանակն ու կիրառւող զինատեսակների տրամաչափերը՝ արհեստականորեն ու միտումնաւոր սրելով իրադրութիւնը: Իսկ 2014 թ. նոյեմբերի 12-ին աւելի հեռուն գնաց եւ խոցեց ուսումնավարժական թռիչք իրականացնող, անզեն Մի-24 ուղղաթիռը, ինչը հրադադարի ամենախոշոր խախտումն էր 1994 թւականից ի վեր: Այնուհետեւ անտեսելով բոլոր միջազգային մարդասիրական իրաւունքի նորմերը հրաժարւեց հայկական կողմին վերադարձնել չէզոք գոտում յայտնւած ուղղաթիռի անձնակազմի դիակները: Դրան հետեւեց արցախեան կողմի փայլուն կազմակերպւած եւ իրականացւած ուղղաթիռի անձնակազմի դիերի տարհանման օպերացիան, ինչը մեծ արձագանգ գտաւ միջազգային մամուլում:

Եւ ահա այսպէս, օր-օրի լարելով իրադրութիւնը, ադրբեջանական կողմը ապրիլին դիմեց ռազմական արկածախնդրութեան: Իսկ ինչ վերաբերում է խաղաղ բնակավայրերին հարւածներ հասցնելուն, ապա պէտք է նշեմ, որ Արցախի պաշտպանութեան նախարարութիւնը բազմիցս հրապարակաւ յայտարարել է, որ ադրբեջանական խաղաղ բնակավայրերն ու առաջնագծին մօտ տեղակայւած քաղաքացիական բնակչութիւնը, որը դարձել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան անհեռատես քաղաքականութեան պատանդը, մեզ համար հակառակորդ չէ եւ երբեք չի թիրախաւորւել մեր կողմից: Այլ դէպք է, երբ ադրբեջանական զինւորական ղեկավարութիւնը, թաքնւելով սեփական ժողովրդի թիկունքում եւ վերջիններիս օգտագործելով որպէս կենդանի վահան, իր կրակակէտերը տեղակայում է խաղաղ բնակավայրերում եւ սկսկում այնտեղից կրակ վարել: Տւեալ դէպքում այդ կրակակէտերը ենթակայ են անհապաղ ոչնչացման: Այստեղ, որպէս ապացոյց, նշեմ միայն ադրբեջանական Չեմենլի եւ Զանգիշալը բնակավայրերում տեղակայւած կրակակէտերի լռեցման փաստը, որից յետոյ տեղի բնակիչների եւ զինւորականության շրջանում առաջացան բախումներ: Սրանից աւելի խօսուն ապացոյցներ անհնար է գտնել:

 

- Ադրբեջանական բանակի կորպուսի հրամանատարը նշում է, որ իրենց պաշտպանությեան նախարարը մի անգամ հրամայել է պլանաւորել եւ իրականացնել հայերին աւելի որոշիչ եւ կտրուկ հարւած հասցնելու ծրագիր, որով մէկընդմիշտ վերջ կը տրւէր բոլոր խնդրահարոյց հարցերին: Պրն. Հասրաթեան, արդեօ՞ք սրանից կարելի է հասկանալ, որ ադրբեջանական կողմը վաղուց էր նախապատրաստւում յարձակման:

- Ադրբեջանական գեներալի այս խօսքերն ակամայից վկայում են, որ մինչեւ 2016 թ. ապրիլը նրանց կողմից ակտիւ նախապատրաստութիւն է տարւել յարձակողական լայնամասշտաբ օպերացիա իրականացնելու համար: Որպէս դրա դրդապատճառներ կարելի է համարել ե՛ւ Ադրբեջանի ղեկավարութեան ամենատարբեր առիթներով արւող՝ Արցախը զէնքի ուժով նւաճելու մասին յայտարարութիւնները, ե՛ւ միլիարդաւոր դոլարների սպառազինութեան ձեռքբերումը, ե՛ւ ներքին լարւածութիւնը, ե՛ւ միջազգային իրադրութիւնը: Սակայն նաւթադոլարների հոտից արբեցած ադրբեջանական ղեկավարութիւնը չէր հաշւարկել կամ գուցէ մոռացել էր հայ զինւորի բարձր մարտական ոգու, անկոտրում կամքի, հայրենիքն ու տունը կեանքի գնով պաշտպանելու պատրաստականութեան ու հայի միասնականութեան մասին, որոնց հանրագումարն էլ ի վերջոյ, ինչպէս արցախեան առաջին, այնպէս էլ ապրիլեան պատերազմի ժամանակ վճռորոշ եղան մեր հակառակորդին հրադադար պարտադրելու գործում: Իսկ ինչ վերաբերում է բոլոր խնդրահարոյց հարցերին մէկընդմիշտ վերջ տրմանը, ապա Ադրբեջանում տիրող հայատեացութեան պայմաններում դժւար չէ հասկանալ, թէ ինչի մասին էր երազում հակառակորդ երկրի վառոդի հոտը երբեւէ չառած պաշտպանութեան նախարարը:

- Պրն. գնդապե՛տ, գեներալ Հասանովը նշում է, որ Թալիշի ուղղութեամբ մղւած մարտերում ադրբեջանցիները լրիւութեամբ ապահովագրել են Թափկարակոյունլու գիւղի եւ Նաւթալան քաղաքի անվտանգութիւնը եւ այսուհետ հայերը չեն կարող կրակի տակ պահել այդ բնակավայրերը: Ո՞րքանով են իրական նման գնահատականները:

- Այստեղ կարծում եմ գեներալի երեւակայութիւնն ու անհեթեթութիւնները հասել են գագաթնակետին եւ նա պարզապէս ցանկալին փորձել է ներկայացնել իրականութեան փոխարէն: Թալիշի հետ կապւած ուզում եմ ադրբեջանական գեներալին յիշեցնել, թէ ինչպէս են իրենք իրենց զինւորների մարտական ոգին բարձրացնելու նպատակով ապրիլեան պատերազմի ժամանակ մի ամայի դաշտում «Թալիշ» գրութեամբ վահանակ տեղադրել ու նշել, որ Թալիշը գրաււել է ադրբեջանցիների կողմից: Բայց իրականութիւնն այն է, որ Թալիշը եղել, կայ ու մնալու է հայկական: Աւելացնեմ նաեւ, որ ինչպէս մինչ 2016 թ. ապրիլեան առճակատումը, այնպէս էլ դրանից յետոյ ոչ միայն ադրբեջանական վերոնշեալ, այլ՝ արցախա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծի երկայնքով տեղակայւած շուրջ երեք տասնեակ՝ աւելի ստոյգ 28 բնակավայրեր, մեր զբաղեցրած գերիշխող դիրքերի շնորհիւ, գտնւում են պաշտպանութեան բանակի ուղիղ նշանառութեան տակ եւ դրանց հարւածելը ոչ մի դժւարութիւն չի ենթադրում: Բայց, ինչպէս արդէն նշեցի, պաշտպանութեան բանակը, ի տարբերութիւն մեր հակառակորդի, երբեք իր առջեւ խնդիր չի դնում թիրախաւորել խաղաղ բնակավայրերը: Ուստի ադրբեջանական գեներալի այս «եզրահանգումները» ականջահաճոյ կարող է լինել միայն Բաքւի տաքուկ ու հարմարաւէտ բնակարաններում ապրող մարդկանց համար, իսկ առաջնագծի բնակչութիւնն, ի տարբերութիւն Բաքւի շատ այլ պաշտօնեաների, քաջատեղեակ է իրականութեանը:

 

- Գեներալ Հասանովը նշում է, որ «ապրիլեան պատերազմում մենք մէկ անգամ եւս համոզւեցինք մեր բանակի՝ իր առջեւ դրւած մարտական խնդրի յստակ կատարման ունակութեան մէջ, ինչպէս նաեւ տեսանք, թէ ինչպէս են իրական պատերազմական պայմաններում ադրբեջանցի զինւորները մեծ ճշգրութեամբ կիրառում բանակի զինանոցում առկայ ժամանակակից զէնքերն ու տեխնիկական միջոցները»: Ի վերջոյ, ի՞նչ արդիւնքի հասան ադրբեջանցիները 2016 թ. ապրիլին:

- Եթէ ապրիլեան պատերազմի ընթացքում ադրբեջանցիների կողմից գրաււած մի քանի մարտական դիրքերը ադրբեջանական գեներալի համար իր բանակի հզօրութեան չափանիշ են, ապա միայն «նախանձել» կարելի է նման բանակին: Որովհետեւ գործածութեան մէջ դնելով իր զինանոցում առկայ գրեթէ բոլոր միջոցները, այդ թւում՝ ռազմական ուղղաթիռներ, «Սմերչ» համազարկային կրակի ռէակտիւ համակարգեր, «ՏՈՍ» տիպի հրանետեր, հարւածային անօդաչուներ, «ՍՊԱՅԿ» տիպի կառավարւող հակատանկային հրթիռներ, տարբեր տիպի հրետանային ու հրթիռային միջոցներ եւ տալով մեծաքանակ մարդկային կորուստ, ադրբեջանական բանակը կատարեց ընդամենը մէկ գումարտակի մարտական խնդիր: Եթէ սա է ադրբեջանական բանակի մարտունակութեան չափորոշիչը, ապա թող ուրախանան իրենց տարած «փայլուն» յաղթանակով եւ շարունակեն վայելել դրա պտուղները:

 

- Պրն. Հասրաթեա՛ն, ադրբեջանական բանակի կորպուսի հրամանատարը նշում է, որ ապրիլեան մարտերում մասնակցութիւն են ունեցել միայն սակաւաթիւ ուժեր եւ դրանում ադրբեջանական բանակի ռեզերւային ուժերը չեն ներգրաււել, այլապէս հայերը լիովին կը ջախջախւէին: Ի՞նչպէս կը մեկնաբանէք սա:

- Ինչ վերաբերում է ապրիլեան մարտերին ադրբեջանական ռեզերւային ուժերի ներգրաւմանը, պէտք է ասեմ, որ ադրբեջանական բանակի գեներալը կամ անտեղեակ է իրողութիւններից, կամ պարզապէս ապաշնորհ կերպով ստում է: Երկու դէպքում էլ դա հարիր չէ ու պատիւ չի բերում նման բարձր պաշտօն զբաղեցնող զինւորականին: Իսկ իրականութիւնը բոլորովին այլ է. ապրիլեան մարտական գործողութիւնների առաջին օրւայ ընթացքում կրած կորուստներից յետոյ ադրբեջանական հրամանատարութիւնը ստիպւած էր ռազմաճակատային գիծ տեղաշարժել իր բանակի կորպուսային ռեզերւները, մասնաւորապէս Ակնայի հատւածում, որտեղ մեծ վնաս էր հասցւել ադրբեջանական բանակի 190-րդ մոտոհրաձգային բրիգադին, որի մշտական տեղակայման վայրն ու դէպի կենտրոնացման շրջաններ զօրաշարժւող ստորաբաժանումների հիմնական մասը ջախջախւել էր, իսկ բրիգադի հրամանատար, գնդապետ Իւսիբովը մահացել: Այդ նպատակով Ակնայի ուղղութեամբ տեղաշարժւեցին Գեանջայում եւ Մինգեչաուրում տեղակայւած ռեզերւային 130-րդ եւ 708-րդ բրիգադները: 

Այս ռեզերւային ուժերի, ինչպէս նաեւ «Եաշմա» յատուկ նշանակութեան ջոկատի ջախջախումից յետոյ Ադրբեջանը ուղիներ էր փնտրում ռազմական գործողութիւնները դադարեցնելու համար, եւ ի վերջոյ Մոսկւայի միջնորդութեամբ կարողացաւ հասնել իր նպատակին՝ հերթական անգամ մուրալով իրեն այդքան անհրաժեշտ կրակի դադարեցում: Այսպիսով, ադրբեջանական կողմից յաւելեալ ռեզերւային ուժերի ներգրաւման բացակայութիւնը պայմանաւորւած էր ոչ թէ հակառակորդի բարի կամքի դրսեւորմամբ, ինչպէս փորձում է ներկայացնել ադրբեջանական գեներալը, այլ՝ կատարեալ ֆիասկոյի մատնւելու վախով: Եւ վերջում ուզում եմ հարց ուղղել գեներալ Հասանովին. «Եթէ ռեզերւային ուժեր չեն ներգրաււել, ապա ի՞նչպէս են առաջնագծում յայտնւել «Սմերչ»-երը, «ՏՈՍ»-երը, ուղղաթիռները, հարւածային անօդաչուները…»:

Հարցազրոյց՝ ՎԱՀՐԱՄ ՊՕՂՈՍԵԱՆԻ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։