Հա

Քաղաքական

16/04/2018

Ցուցարարները շարունակում են փակած պահել փողոցները (Թարմացւում է)

Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ երթի մասնակիցները Սարեան փողոցով շարժւեցին դէպի Ֆրանսիայի հրապարակ: Ամբողջ երթի ընթացքում նրանք կոչ էին անում քաղաքացիներին միանալ իրենց, գալ հրապարակ:

«Արի՛ հրապարակ, տէ՛ր կանգնիր քո երկրին, արի՛ հրապարակ եւ տէր կանգնիր քո հայրենիքին, արի՛ հրապարակ եւ տէր կանգնիր քո ազատութեանը»,- կոչ էին անում երթի մասնակիցները:

14:05

Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ երթի մասնակիցները Սարեան փողոցով շարժւեցին դէպի Ֆրանսիայի հրապարակ: Ամբողջ երթի ընթացքում նրանք կոչ էին անում քաղաքացիներին միանալ իրենց, գալ հրապարակ:

«Արի՛ հրապարակ, տէ՛ր կանգնիր քո երկրին, արի՛ հրապարակ եւ տէր կանգնիր քո հայրենիքին, արի՛ հրապարակ եւ տէր կանգնիր քո ազատութեանը»,- կոչ էին անում երթի մասնակիցները:

Ֆրանսիայի հրապարակում, որտեղ նրանց հանդիպակաց ոստիկանութեան պատնէշն էր, նրանք կանգ առան:

«Բոլոր այն ընկերները, ովքեր խաչմերուկներ են փակել, այս պահին թող թողնեն իրենց վայրերը եւ միանալ մեզ` Ֆրանսիայի հրապարակում: Բոլորս մեկտեղւում ենք այստեղ»,-յայտարարեց Նիկոլ Փաշինեանը:

13:40

Երեւանի քաղաքապետարանի կոչը

Վերջին օրերին մայրաքաղաքում տեղի ունեցող հաւաքների ընթացքում արձանագրւել են քաղաքային գոյքի, այդ թւում նստարանների եւ աղբամանների կամայական տեղափոխման ու ոչ նպատակային օգտագործման, նաեւ դրանք վնասելու դէպքեր:

Միաժամանակ բազմաթիւ դժգոհութիւններ եւ ահազանգեր են ստացւել մեր համաքաղաքացիներից առ այն, որ հաւաքների մասնակիցների կողմից անյարկի խոչընդոտւում է հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքի իրականացումը:

Հաշւի առնելով վերոնշեալը, հաւաքների կազմակերպիչներին ու մասնակիցներին կոչ ենք անում զերծ մնալ քաղաքային գոյքը կամայական տեղաշարժելու, տեղափոխելու եւ դրանք վնասելու քայլերից, ինչպէս նաեւ հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը խոչընդոտելուց:

Երեւանի քաղաքապետարան

 

12:35

Ցուցարարները Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ մուտք են գործել Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի շէնք:

Նրանք վանկարկում են. «Միացէք», «Դասադուլ», «Քայլ արա, մերժիր Սերժին»:

«Մենք կոչ ենք անում դասադուլի»,- ասել է Փաշինեանը: Ցուցարարները վանկարկելով բարձրացել են համալսարանի յարկերով:

Համալսարանի ներկայացուցիչն ասել է. «Դուք մտաք ներս, տեսաք, որ դուռը բաց է, ով ուզում էր միանալ, միացել է ձեզ, դուրս եկէք, մենք շարունակենք մեր աշխատանքը»:

«news.am»

 

12:00

Ոստիկանութիւնը նախազգուշացնում է. յայտարարութիւն

Այսօր առաւօտից ՀՀ Ազգային Ժողովի պատգամաւոր Նիկոլ Փաշինեանը կազմակերպել է Երեւանի համար կենսական նշանակութիւն ունեցող մի շարք փողոցներ փակելու գործողութիւն՝ կաթւածահար անելով երթեւեկութիւնը եւ սահմանափակելով հարիւրաւոր քաղաքացիների ազատ տեղաշարժելու սահմանադրական իրաւունքը:

ՀՀ ոստիկանութիւնը նախազգուշացնում է, որ նման գործողութիւնները կարող են ծնել յանցագործութիւններ՝ ուղղւած քաղաքացիների կեանքի, առողջութեան եւ գոյքի դէմ: ՀՀ ոստիկանութիւնը եւս մէկ անգամ պարզաբանում է, որ խաղաղ, սակայն հասարակական կարգի խմբային խախտումներով ուղեկցւող հաւաքի իրաւունքը բացարձակ չէ եւ կարող է ենթարկւել սահմանափակումների՝ իրավիճակից բխող համաչափ ոստիկանական գործողութիւններով, ընդհուպ մինչեւ հաւաքի դադարեցման որոշման ընդունում:

 

11:19

Նիկոլ Փաշինեանն իր համախոհների հետ գտնւում է Կորիւնի փողոցում, որտեղ ցուցարարները մի պահ կանգ առան ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի նստավայրի մoտ։ Նիկոլ Փաշինեանը կոչ արեց չսուլել այնտեղ ծառայութիւն իրականացնող ոստիկաններին։

Այժմ ցուցարարները քայլելով փորձում են հասնել Հերացի փողոց, որտեղ քիչ առաջ բախում էր տեղի ունեցել,մի քանի քաղաքացիների եւ ցուցարարների միջեւ:

Հերացի եւ Կորիւն խաչմերուկում «Mercedes-Benz» մակնիշի աւտոմեքենայի վարորդը փորձել է վրաերթի ենթարկել ցուցարարներին: Մեքենայից իջած տղամարդիկ նախ պահանջել են բացել ճանապարհը, ապա հայհոյել են, յարձակւել ցուցարարների վրայ, ծեծել նրանց, իսկ վարորդն էլ մեքենայով փորձել է վրաերթի ենթարկել ցուցարարներին:

Անցնելով Կորիւն փողոցում տեղակայւած մի քանի համալսարանների մօտով` ցուցարարներն ուսանողներին կոչ արեցին միանալ դասադուլին եւ միանալ իրենց։

«tert.am»

Թարմացումը՝ Թեհրանի ժամանակով

 

Ցուցարարները փակել են Երեւանի կենտրոնական մի քանի փողոցներ

«alikonline.ir» - Արդէն տեղեկացրել ենք, որ երէկ՝ ապրիլի 15-ին Երեւանի Ֆրանսիայի հրապարակում ՀՀ վարչապետի պաշտօնում Սերժ Սարգսեանի առաջադրման դէմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան քաղխորհրդի անդամ, ՀՀ ԱԺ պատգամաւոր Նիկոլ Փաշինեանը մասնակիցներին կոչ էր արել այսօր՝ ապրիլի 16-ին, ժամը 08:15-ից սկսեալ Երեւանում փակելով փողոցները՝ արգելափակել տրանսպորտը:

Հայաստանեան ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ Նիկոլ Փաշինեանն ու նրա կողմնակիցները սկսել են իրենց գործողութիւնները: Նրանք փակել են Երեւանի մի շարք կենտրոնական փողոցներ: Մասնաւորապէս փակ են Արշակունեաց փողոցը, Աբովեան փողոցը, Մոսկովեան փողոցը, Սարեան փողոցը Մաշտոցի եւ Բաղրամեան պողոտաները:

Ոստիկաններն իրենց հերթին արգելափակոցներով փակել են Բաղրամեան փողոցը, որպէսզի ցուցարարները չկարողանան վեր բարձրանալ:

Նշենք, որ ցուցարարները փորձել են փակել մետրոյի «Երիտասարդական» կայարանը, սակայն չի յաջողւել, իսկ «Բաղրամեան» կայարանում մետրոն կանգառ չի կատարում: Կայարանին յարակից Դեմիրճեան փողոցում կուտակւած են մեծաքանակ ոստիկանական ուժեր։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։