Հա

Քաղաքական

17/04/2018 - 09:00

Երեւանում բողոքի ակցիաները շարունակւում են. Իրավիճակը լարւած է, բայց՝ կառավարելի

Երեւանում շարունակւում է ՀՀ վարչապետի պաշտօնում Սերժ Սարգսեանի առաջադրման դէմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան քաղխորհրդի անդամ, ՀՀ ԱԺ պատգամաւոր Նիկոլ Փաշինեանի նախաձեռնած բողոքի ակցիան:

«alikonline.ir» - Երեւանում շարունակւում է ՀՀ վարչապետի պաշտօնում Սերժ Սարգսեանի առաջադրման դէմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան քաղխորհրդի անդամ, ՀՀ ԱԺ պատգամաւոր Նիկոլ Փաշինեանի նախաձեռնած բողոքի ակցիան:

Արդէն տեղեկացրել ենք, որ երէկ՝ ապրիլի 16-ի առաւօտւանից սկսեալ Նիկոլ Փաշինեանն ու նրա կողմնակիցները արգելափակել են երթեւեկութիւնը Երեւանի կենտրոնի մի քանի գլխաւոր փողոցներում:

Երեւանի ժամանակով, ժամը 15:30-ի սահմաններում Բաղրամեան պողոտայում բախում է տեղի ունեցել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ: Ցոյցի մասնակիցները փորձել են ճեղքել ոստիկանական պատն ու շարժւել դէպի ՀՀ ԱԺ-ի շէնքը:

Բախումների հետեւանքով տուժել է 46 քաղաքացի, այդ թւում՝ 6 ոստիկան: Տուժածների թւում է եղել նաեւ Նիկոլ Փաշինեանը, որը տեղափոխւել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Բուժօգնութիւն ստանալուց յետոյ նա վերադարձել է Բաղրամեան պողոտայ, ուր նրան են միացել «Ելք» դաշինքի գործընկերները՝ «Լուսաւոր Հայաստան» կուսակցութեան նախագահ Էդմոն Մարուքեանն ու «Հանրապետութիւն» կուսակցութեան նախագահ Արամ Զաւէնի Սարգսեանը: Նրանք հանդիպել են «Լուսաւոր Հայաստան» կուսակցութեան գրասենեակում, որից յետոյ մօտեցել են Բաղրամեան պողոտայում կանգնած ոստիկաններին, ապա իջել Ֆրանսիայի հրապարակ, որտեղ էլ տեղի է ունեցել հանրահաւաք։

Հանրահաւաքի ընթացքում Նիկոլ Փաշինեանն անդրադարձել է ապրիլի 13-ին տեղի ունեցած գործողութիւններին եւ իրենց հետագայ քայլերին:

«Ապրիլի 17-ին` ժամը  12:00-ին, նախատեսւում է Ազգային ժողովի  նիստ, ի՞նչ ենք անելու վաղը. «Փակիր փողոցը» ակցիան պէտք է իրականացնենք աւելի լայն մասշտաբներով եւ փակենք ԱԺ-ին մօտեցող բոլոր մուտքերը»,- ասել է Փաշինեանը:

Միաժամանակ, նա նշել է, որ ակցիան սկսելու են իրականացնել արդէն գիշերւանից՝ չնայած կարծիքներին, որ «գիշերը մարդիկ չեն մնայ եւ ակցիան թոյլ կը լինի»:

«Կարծում  եմ, որ պէտք է ակցիան սկսել այսօրւանից, ով ուզում է, հէնց այսօրւանից էլ պէտք է սկսի այն՝ խաղաղ քաղաքացիական անհնազանդութեան գործողութիւններով, հնարաւոր բոլոր միջոցներով»,- նշել է Փաշինեանը: Նա կոչ արեց իրականացնել ապակենտրոնացւած գործողութիւններ:

Այնուհետեւ, Փաշինեանն անդրադարձել է Բաղրամեան պողոտայում կէսօրին տեղի ունեցած միջադէպին եւ նշել, որ երբ դրա հետեւանքով ինքն արնահոսում էր՝ ոստիկանապետի տեղակալ Յունան Պօղոսեանի յանձնարարութեամբ ոստիկանական մեքենայով իրեն ուղեկցել են «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ ստացել է բուժօգնութիւն:

Գիշերը Երեւանի կենտրոնում իրավիճակը յարաբերականօրէն հանգիստ է եղել:

Քաղաքացիների նստացոյցը շարունակւել է Երեւանի Բաղրամեան պողոտայ-Ֆրանսիայի հրապարակ հատւածում:

Բաղրամեան պողոտայի միջնամասում՝ դէպի ՀՀ Ազգային ժողով տանող ճանապարհին, ոստիկանական մեծ ուժեր են տեղակայւած: Նրանք փշալարերով փակել են փողոցը, իսկ ոստիկանական պատնէշի յետեւում նաեւ ջրցան մեքենայ է կանգնած:

Իսկ կէսգիշերին մօտ ցուցարարները փակել են Երեւանի մի շարք փողոցներ: Մասնաւորապէս, Մաշտոցի պողոտայ-Ամիրեան, Մաշտոցի պողոտայ-Թումանեան, Մաշտոցի պողոտայ-Պուշկին, Սայաթ-Նովա-Տէրեան, Սայաթ-Նովա-Աբովեան խաչմերուկները:

Իրավիճակը շարունակում է մնալ լարւած, բայց՝ կառավարելի:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։