Հա

Քաղաքական

17/04/2018

Աղւան Վարդանեան. «Ես անցեալից չեմ խօսի»

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Աղւան Վարդանեանի ելոյթը Ազգային ժողովի յատուկ նիստում վարչապետի ընտրութեան հարցի քննարկման ժամանակ:

«alikonline.ir» - ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Աղւան Վարդանեանի ելոյթը Ազգային ժողովի յատուկ նիստում վարչապետի ընտրութեան հարցի քննարկման ժամանակ:

Յարգելի խորհրդարան,

Յարգելի պարոն Սարգսեան,

Ես անցեալից չեմ խօսի: Մինչեւ այժմ արւած-չարւածի գնահատականը պատմութիւնն ու ժամանակն են տալու: Տալու են ե՛ւ մեր սերնդին, ե՛ւ գլխաւոր դերակատար անձանց: Տալու են՝ գրանցելով նաեւ այն արդիւնքները, որ այս ընտրութեամբ հնարաւորութիւն է ստանում իրականացնել Սերժ Սարգսեանը: Տալու են մեկնելով մի չափանիշից՝ ինչպիսի՛ Հայաստան ու հասարակութիւն ենք ունենալու:

Կը խօսեմ այն խնդիրներից, որ ծառացած են մեր պետականութեան առաջ եւ որոնք, այս փուլում, կարծում եմ, ճշգրիտ են ձեւակերպւած:

Միշտ ասել եմ՝ առաջիկայ տարիներին կատարւելիքի հիմքում երեք հիմնարար փաստաթղթեր են՝ նոր Սահմանադրութիւնը՝ իր համակարգային փոփոխութիւններով, այս գումարման Ազգային ժողովի առաջին նիստում Հանրապետութեան նախագահի ելոյթը եւ Հանրապետական ու Դաշնակցութիւն կուսակցութիւնների երկու համաձայնագրերը՝ համատեղ պատասխանատւութիւն ստանձնելու, երկրում որակական, արմատական բարեփոխումներ կատարելու նպատակադրումով:

Ի՞նչ է ենթադրում նոր Սահմանադրութիւնը, որո՞նք են նպատակներն ու խնդիրները՝ ոչ իմ ձեւակերպմամբ:

«Կը լինի միասնական գործադիր իշխանութիւն՝ վարչապետի գլխավորութեամբ,

Հանրապետութեան նախագահը նոր լիազօրութիւններով կը լինի վերկուսակցական անաչառ արբիտր,

խիստ կը նւազի իշխանութեան անձնաւորումը,

չի լինի իշխանութեան գերկենտրոնացում գործադիր իշխանութեան ղեկավարի ձեռքում, իսկ կառավարութեան քաղաքական պատասխանատւութիւնը խորհրդարանի առջեւ կը նպաստի կոլեգիալ կառավարմանը,

կը բարձրանայ խորհրդարանի ինչպէս օրէնսդիր, այնպէս էլ վերահսկողական դերակատարութիւնը,

երկրում աստիճանաբար կը ձեւաւորւի իշխանութիւն-ընդդիմութիւն երկբեւեռ դասական քաղաքական համակարգ,

երկիրը կը կարողանայ աւելի ճկուն լինել արտաքին քաղաքական մարտահրաւէրներին դիմագրաւելիս, քանի որ քաղաքական որոշումների ընդունման ամբողջ գործընթացը կը լինի աւելի կոլեգիալ։

Սահմանադրական փոփոխութիւնները լաւ հիմք են պետութիւնում քաղաքական, տնտեսական եւ վարչական ներուժի սերտաճումը բացառելու համար:

Սահմանադրական բարեփոխումները նոր փուլ են իրաւունքի գերակայութեան, մարդու հիմնական իրաւունքների ու ազատութիւնների երաշխաւորման ճանապարհին:

Մենք այսօր պայքարի երկու ճակատ ունենք՝ մէկն արտաքին թշնամին է, միւսը՝ ներքին: Արտաքին թշնամուն լաւ ենք ճանաչում, գիտենք նրա դէմ արդիւնաւէտ պայքարելու ձեւերն ու եղանակները:

Արտաքին թշնամուց ոչ պակաս վտանգաւոր է ներքին թշնամին: Ներքին թշնամին, որոշակի մտածողութիւն ու որոշակի երեւոյթներ են: Այդ երեւոյթներից ամենավտանգաւորը անարդարութիւնն է:

Անարդարութիւնը ցանկացած պետութեան համար չարիք է, հիւանդութիւն, որը հիւծում ու թուլացնում է պետութիւնը, որը վերացնում է ապագայի նկատմամբ հաւատը, թուլացնում է պետութեան նկատմամբ սէրը, պետութիւնից վանում է իր հազարաւոր զաւակներին: Մենք այսօր, առաւել քան երբեւէ, պայքարի մէկ այլ ճակատ ունենք, որտեղ յաղթանակը ոչ պակաս կարեւոր է: Մենք այսօր պատերազմի նոր փուլ ենք յայտարարում անարդարութեանը:

Պետութիւնը շարունակում է հասարակութեան եւ անհատի մէջ արմատաւորել «կոռուպցիայի հանդէպ զրօ հանդուրժողականութիւն» մշակոյթը: «Ազնւութիւն գումարած պրոֆեսիոնալիզմ հանած կոռուպցիա». սա է ցանկալի յաջողութեան բանաձեւը:

Էական նշանակութիւն ունի եկամուտների բաշխման արդարութեան եւ համաչափութեան ցուցանիշների բարելաւումը, որ հասարակութեան բոլոր խաւերի համար տեսանելի եւ շոշափելի լինեն տնտեսական աճի արդիւնքները:

Մեծամասնութիւն լինել չի նշանակում բոլոր հարցերի ճիշտ լուծումներն իմանալ: Քաղաքական մեծամասնութիւնն ու քաղաքական փոքրամասնութիւնը ոչ թէ հակառակորդներն են, այլ մեր պետութեան առաջ կանգնած խնդիրների լուծման տարբեր ճանապարհներ տեսնող մարդիկ:

Հայաստան-Արցախ-սփիւռք եռամիասնութեամբ, համագործակցաբար, ուս ուսի տւած, տարբեր մօտեցումների համադրմամբ, մենք կարող ենք հասնել արդիւնաւէտ լուծումների: Մեր ուժը մեր բազմակարծութեան մէջ է:

Արցախի հարցում ստատուս-քւոյի փոփոխութիւնը մեզ համար ընդունելի է, բայց միայն ու միայն հիմնահարցի համապարփակ կարգաւորման դէպքում: Արցախի ինքնորոշման իրաւունքի իրացման ու ժողովրդի անվտանգութեան երաշխաւորման ամրագրումն այլընտրանք չունի»։

Այս ընդարձակ հատւածից առաջ ասացի՝ ոչ իմ ձեւակերպմամբ: Այո, այս մէջբերումները Ազգային ժողովում Հանրապետութեան նախագահի 2017 թ. մայիսի 18-ի ուղերձից էին:

Հիմա մենք պարոն Սարգսեանին ընտրում ենք վարչապետ՝ հսկայական խնդիրների ա՛յս բեռով ու պատասխանատւութեամբ: Նաեւ՝ մէջբերումներով վստահ, որ ինքն ամէնից լաւ է պատկերացնում մարտահրաւէրները, տեսնում անցնելիք դժւար ճանապարհը:

Այստեղ գովերգումներն ու հաճոյանալը տեղին չեն, տեղին է իւրաքանչիւրիս՝ մեր բաժին պատասխանատւութեան ստանձնումն ու ամենօրեայ աշխատանքը: Մանաւանդ վերջերս պարոն Սարգսեանը խօսել է այս ընթացքում իր անհատական բացառիկ պատասխանատւութեան մասին:

Այս ընտրութեամբ մենք նաեւ բացառում ենք ստւերային կառավարման հնարաւորութիւնը, երբ գործադիր իշխանութիւնը կը ղեկավարէր մէկը, բայց որոշումները կը կայացւէին այլ տեղում:

Յարգելի խորհրդարան,

Այսօր Հայաստանի քաղաքացիների մի մասը տարբեր պատկերացում ունի մեր ճանապարհի վերաբերեալ: Իրենց իրաւունքն է: Բայց միայն Հրանտ Մատթէոսեանի՝ «քո ազատութեան սահմանը մինչեւ իմ ազատութեան սահմաններն են» գիտակցումով:  Ես վստահ եմ՝ մեր համատեղ առաջադրած նպատակներն ու հետեւողական աշխատանքն են ապահովելու երկրի բնականոն զարգացումն ու անվտանգութիւնը: Մեր մօտեցումներն աւելի փաստարկւած են ու գործուն:

Յարգելի պարոն Սարգսեան,

Ձեզ մաղթում եմ կամք, իմաստնութիւն եւ վճռականութիւն: Որ երբ գայ ժամանակը, կարողանաք հանգիստ խղճով ասել՝ ճակատագրով ինձ վիճակւած բեռը տարել եմ պատւով ու պատասխանատւութեամբ. Հայաստանը ուժեղ, ազատ, արդար երկիր դառնալու անշրջելի ճանապարհին է:

17.04.2018 թ.

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։