Հա

Քաղաքական

22/04/2018

Ժորժիկ Աբրահամեան. «Երկխօսելը կը տանի հաւաքական հանգուցալուծման»

Իրանի խորհրդարանի պատգամաւոր Ժորժիկ Աբրահամոան «yerkir.am»-ի հետ զրոյցում անդրադարձաւ Հայաստանում վերջին 10 օրերին տիրող իրավիճակին: Նա նախ նշեց, որ իրադարձութիւնների մասին տեղեկանում է զանգւածային լրատւամիջոցներից ու որոշ ցանցերից, եւ ըստ այդմ` տպաւորութիւնը հետեւեալն է` ժողովրդի կուտակւած պահանջների պոռթկում է:

«alikonline.ir» - Իրանի խորհրդարանի պատգամաւոր Ժորժիկ Աբրահամոան «yerkir.am»-ի հետ զրոյցում անդրադարձաւ Հայաստանում վերջին 10 օրերին տիրող իրավիճակին: Նա նախ նշեց, որ իրադարձութիւնների մասին տեղեկանում է զանգւածային լրատւամիջոցներից ու որոշ ցանցերից, եւ ըստ այդմ` տպաւորութիւնը հետեւեալն է` ժողովրդի կուտակւած պահանջների պոռթկում է:

«Ձեւաւորւել է այնպիսի իրավիճակ, որ ժողովրդի մի մասը, երեւի մեծ հաւատ ունենալով իրենց պահանջներին, ըմբոստութեան փորձեր է անում, որով եւ ցանկանում է իշխանութեանը թելադրել որոշ քայլեր: Դժւարանում եմ գնահատական տալ, որովհետեւ տեղեկութիւնները ամբողջական չեն, սակայն դա չի խանգարում ինձ մտահոգւելու այս ամէնի շուրջ՝ ի վերջոյ, այս ամբողջը ի՞նչ հանգուցալուծում է ունենալու ու ի՞նչ արդիւնքի պիտի հանգեցնի»,- նշեց Աբրահամեանը:

Ըստ նրա` սցենարները կարող են բազմաթիւ լինել՝ դասական մեթոդներից մինչեւ աւելի խելացի ու խոհեմ միջոցառումներ:

«Օրինակ` ես կարծում եմ, որ արդիւնաւէտ կը լինի, որպէսզի ընդառաջւի որոշ քաղաքական ուժերի նախաձեռնութիւնը եւ երկխօսութեան հարթակ ստեղծւի, որի միջոցով կարելի է բիւրեղացնել տարբեր քաղաքական ուժերի ու խմբավորումների տեսակէտները եւ հասնել աւելի արդիւնաւէտ ու դրական գործողութիւնների: Իհարկէ, չեմ կարող խորհուրդ տալ, որ մարդիկ չըմբոստանան: Դա ՀՀ քաղաքացիների իրաւունքն է, սակայն, փորձելով այդ ճանապարհը, միաժամանակ չփակեն երկխօսութիւնների, փոխադարձ շփումների հնարաւորութիւնները, որոնք կարող են աւելի լաւ արդիւնքներ ստեղծել այս իրավիճակից դուրս գալու համար: Հետեւաբար, ինձ թւում է, որ երկխօսելն առնւազն կը տանի հաւաքական հանգուցալուծման: Միեւնոյն ժամանակ, եթէ թողնեն` այսպէս մնայ, կարծում եմ, որ Հայաստանում հնարաւոր չէ թաւշեայ յեղափոխութիւն կատարել: Դա, ուզենք, թէ չուզենք, կարող է ստեղծել աննկարագրելի, անսպասելի եւ անկառավարելի իրավիճակներ, որոնք չեմ կարծում, որ հայ ժողովուրդն այս պայմաններում եւ իր ռեսուրսներով կարող է մարսել: Հեռու եմ խելք սովորեցնելուց եւ ամպագոռգոռ բաներ ասելուց, սակայն կարող եմ ասել, որ ամէն պարագայում երկխօսութիւնը համարում եմ դրական եւ կարծում, որ երբեք չպէտք է այդ հնարաւորութիւնը շրջանցել, այլապէս հետեւանքները կարող են ծանր լինել»,- նշեց Իրանի խորհրդարանի հայ պատգամաւորը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։