Հա

Քաղաքական

01/05/2018

Աղւան Վարդանեան. «Խղճով եւ համոզմունքով»

Ներկայացնում ենք ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Աղւան Վարդանեանի ելոյթը  Ազգային ժողովի յատուկ նիստին՝ վարչապետի ընտրութեան հարցի քննարկման ժամանակ։ Գրում է «yerkir.am»

«alikonline.ir» - Ներկայացնում ենք ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Աղւան Վարդանեանի ելոյթը  Ազգային ժողովի յատուկ նիստին՝ վարչապետի ընտրութեան հարցի քննարկման ժամանակ։ Գրում է «yerkir.am»-ը:

Վերջին 2-3 օրերին ուշադիր հետեւել եմ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինեանի՝ արտաքին ու ներքին քաղաքականութեան վերաբերեալ՝ այլեւս զուսպ, հաւասարակշռւած յայտարարութիւններին:

Ե՛ւ հրապարակում, եւ՛ հարցազրոյցներում, եւ՛ Ազգային ժողովի երեք խմբակցութիւնների հետ հանդիպումներում:

Արցախ, Ռուսաստան, Եւրոմիութիւն, Միացեալ Նահանգներ, Իրան, Վրաստան. ոչ մի տարբերութիւն. նոյնը, ինչ ասում ու փորձում էր իշխանութիւնը: Ներքին կեանքի կարգաւորման  հարցում. նւազագոյն տարբերութիւն այն ամենից, ինչ ծրագրում, առաջնահերթ էր համարում քաղաքական կոալիցիան:

Այո՛, տեմպերի խնդիր կար, ինչը մեզ էլ չէր գոհացնում: Եւ դեռ հարց է, մեծ հարց՝ Փաշինեանի վարչապետութեան դէպքում այդ տեմպերը մեզ, հանրութեանը, յատկապէս խանդավառ երիտասարդութեանը բաւարարելո՞ւ են: Մի քանի հնարաւոր, ժամանակաւոր ազդեցութեան քայլերը չհաշւած:

Մի խօսքով՝ տեսլականը, պատկերացումը, ծրագրային քայլերը շատ տարբեր չեն: Էական բացառութեամբ: Այն էլ արդէն անշրջելի իրողութիւն է. պարոն Սերժ Սարգսեանը հրաժարական է տւել:

Եւ եթէ ամէն ինչ նոյնն է կամ գրեթէ նոյնը, մնում է Փաշինեանի անձը, անձնային յատկանիշները եւ ժողովրդի ցանկութիւնը:

Այո՛, անսահման դժւար է հոսանքին հակառակ գնալը: Թէեւ ժողովրդի վստահութիւնը վայելող այլ գործիչներ նոյնպէս տեսել ենք. նաեւ՝ տխուր վերջաբանով:  

Անձամբ ես բարձր եմ գնահատում Նիկոլի անձնազոհութիւնն ու վճռականութիւնը: Ես հաւատում եմ նրա ձգտումների ազնւութեանը: Այսօրւայ ելոյթը, հարցերի պատասխաններն էլ այդ են վկայում:

Բայց ես երբեք անձերով չեմ առաջնորդւել, կուռքեր չեմ ընդունում:

Ես վտանգի կանխազգացում ունեմ: Այս պայմաններում չեմ կարող վստահ լինել, որ այս ամէնը շատ աւելի մեծ խաղի, բարդ ու բազմաշերտ սցենարների համակցութիւն չէ՝ ինձ առայժմ անյայտ ծալքերով, շահերով ու հետեւանքներով: Վստահ եղէք, ես առանց հիմքի ոչինչ չեմ ասում:

Եւ եթէ այդ ծալքերն ինձ համար պարզ չեն, չեմ էլ կարող բացառել, որ դրանք անդառնալի ողբերգական հետեւանքներ չեն ունենալու իմ ժողովրդի, հրապարակի հրաշալի երիտասարդութեան, Արցախի, իմ պետականութեան համար:

Ես եւս ժողովուրդ եմ: Ես եւս ոգեւորւած եմ այս շարժմամբ, այս անկախութեան սերնդով: Ուզում եմ՝ կուտակւած հսկայական էներգիան ծառայի պետականութեան հզօրացմանը:

Յանկարծ նոր յուսախաբութեան, կորուստների դուռ չբացւի: Այս իրողութիւնից, այս հաստատումներից մեկնելով՝ ես չեմ կարող անձնական պատասխանատւութիւն ստանձնել եւ կողմ քւէարկել պարոն Փաշինեանին: Հակառակ պարագայում երեսպաշտօրէն խախտած կը լինեմ խղճով ու համոզմունքներով քւէարկելու իմ սահմանադրական իրաւունքը:

Անկեղծ ասած, սա ընտրութիւն էլ չի: Ինձ երկու տարբերակ են թողել՝ քւէարկել կամ Նիկոլին, կամ Փաշինեանին:

Ես չեմ քւէարկելու:  Բայց սա հարցի մի կողմն է:

Ես Դաշնակցական եմ, կուսակցութիւն, խմբակցութիւն եմ ներկայացնում, որ կողմ քւէարկելու որոշում ունի: Ինձ համար այս դժւար երկւութիւնից դուրս գալու մի ելք կայ: Եթէ իմ կուսակցութիւնը պահանջի, պատրաստ եմ վայր դնել մանդատս: Եւ վերջինը՝ իմ փորձառութեամբ, հոգեւոր-մշակութային իմ կառոյցով ես բոլոր կողմերից պահանջում եմ բացառել ցանկացած բռնութիւն ու բախում: Արիւնը ոչ մէկին չի ներւելու:

Բանակցութիւններով գտնենք լուծումներ, միասին կազմակերպենք արտահերթ՝ վստահելի ընտրութիւններ, երկիրը դուրս բերենք փակուղուց: Գիտակցէ՛ք, սա ես ասում եմ հանրապետականին, անցեալին վերադարձ չի լինելու: Աստւած տայ՝ հնարաւոր ողբերգութեան իմ կանխատեսումը իրականութիւն չդառնայ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։