Հա

Քաղաքական

02/05/2018

Արմէն Ռուստամեան. «Երկրորդ փուլում պէտք է կարողանանք լուծումներ գտնել»

ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը կարծում է, որ մինչեւ վարչապետի ընտրութեան երկրորդ փուլ հարկաւոր է Հայաստանում առկայ քաղաքական ճգնաժամը յաղթահարելու ուղիներ գտնել:

«alikonline.ir» - ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը կարծում է, որ մինչեւ վարչապետի ընտրութեան երկրորդ փուլ հարկաւոր է Հայաստանում առկայ քաղաքական ճգնաժամը յաղթահարելու ուղիներ գտնել: Առաջին փուլում վարչապետի ընտրութեան տապալումից յետոյ լրագրողների հետ զրոյցում Արմէն Ռուստամեանն ընդգծեց, որ այս վիճակը երկար շարունակւել չի կարող: «Մենք մեր տեսակէտն արդէն յայտնել ենք, մեր դիրքորոշումն արտայայտել ենք: Իսկ երկրորդ փուլում մենք պէտք է կարողանանք լուծումներ գտնել: Այսպէ շարունակւել չի կարող: Մեր սկզբունքը մնում է նոյնը: Մենք կարծում ենք, որ պէտք է համախոհութեան միջոցով ընդհանուր յայտարարի հասնենք: Ես կարծում եմ, որ յաջորդ անգամ էլ պէտք է ամէն ինչ արւի, որ մէկ թեկնածու լինի»,- նշեց Ռուստամեանը:

Պատգամաւորն ընդգծեց, որ հարկաւոր է երկխօսութեան համար տեղ թողնել: Ռուստամեանը յոյս յայտնեց, որ այս ամէնի արդիւնքում արիւնահեղութիւն չի լինի, որովհետեւ իրենք իրենց կողմից ամէն ինչ անում են, որպէսզի իրավիճակը խաղաղ հանգուցալուծում ունենայ:

Արմէն Ռուստամեանը չբացառեց, որ Թուրքիան եւ Ադրբեջանն այս վիճակից կարող են գայթակղւել: «Դրա համար այս վիճակի համար հանգուցալուծումը երկար չի կարող տեւել»,- ասաց նա:

Նա յաւելեց, որ ՀՀԿ-ն չպաշտպանեց իր տեսակէտը, քանի որ աւելի վաղ յայտարարել էին, որ չեն խոչընդոտելու խորհրդարանում վարչապետի ընտրութեանը:

Պատգամաւորը շեշտեց, որ իրենց հիմնական մտահոգութիւնն այն է, որպէսզի արտաքին ուժերի միջամտութիւն չառաջանայ: «Ստեղծւած իրավիճակում բնական է, որ փորձեր կը լինեն ուղղորդել կամ ազդել իրավիճակի վրայ: Մենք սա պէտք է թոյլ չտանք, իսկ դրա համար հարկաւոր է որքան հնարաւոր է շուտ հասնել հանգուցալուծման»,- ասաց նա:

Արմէն Ռուստամեանը կարծիք յայտնեց, որ լուծում դեռ կայ, քանի որ 7 օրից կրկին վարչապետի ընտրութիւն է լինելու: Նրա գնահատմամբ՝ այս պահից սկսած պէտք է ամէն ինչ անել համաձայնեցւած գործողութիւններ իրականացնելու: Ռուստամեանը ճիշտ է համարում երկրորդ փուլին ւս մէկ թեկնածու առաջադրելը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։