Հա

Քաղաքական

03/05/2018 - 10:40

Շախմատային խաղաքար` ուսապարկի մէջ. ինչ ընդհանուր բան կայ Սերժ Սարգսեանի ու Փաշինեանի միջեւ

Շախմատային այս խաղում ինչպիսի՞ն է իրական արդիւնքը, որտեղ սպիտակ խաղաքարերը տրւել են փողոցային ապստամբին ու նրա աւելի քան երկու հարիւր հազար հետեւորդներին, իսկ սեւերով խաղում է գրոսմայստերը, որի ուժեղ կողմը էնդշպիլն է:

«alikonline.ir» - Հայաստանի նախկին նախագահ ու նախկին վարչապետ Սերժ Սարգսեանը շախմատիստ է, ու պէտք չէ այդ մասին մոռանալ։ Այս մասին «Sputnik» Արմենիայի հետ զրոյցում յայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբէկեանը։

Նրա խօսքով՝ Սարգսեանը չի հեռացել քաղաքականութիւնից, այլ երկրորդ դիրք է տեղափոխւել։

«Իշխանութիւնը նրա ձեռքերում է, նա է տիրապետում իրավիճակին։ Պարզապէս պէտք է մի բան յիշել` նախկին նախագահը շախմատիստ է։ Եւ երբ նա գամբիտներ է սկսում, նա յստակօրէն գիտի՝ ինչպիսին է լինելու էնդշպիլը»,- նշեց սոցիոլոգը։

Սոցիոլոգի ու նրա գործընկերների 2016 թւականին անցկացրած հարցման արդիւնքներով ժողովուրդը մեծ յոյսեր էր կապում Կարէն Կարապետեանի հետ։ Սակայն մեր զրուցակիցը նշեց, որ հիմա իրավիճակը բոլորովին այլ է` Փաշինեանը վստահօրէն դէպի իշխանութիւն է գնում։ Սակայն իշխանութիւնն այդքան հեշտօրէն չեն յանձնում։ Ադիբէկեանը կարծում է, որ ՀՀԿ-ն ինքնապաշտպանութեան համար ռեսուրսներ ունի։ Նա համոզւած է, որ կուսակցութիւնում հաշւարկել են իրենց ուժերն ու կազմակերպչական, ֆինանսական հնարաւորութիւնները։

«Ու նրանց հետ մղելու համար պէտք է ունենալ ոչ թէ հաւասար, այլ գոնէ այն ուժը, որը կարող է տեղից շարժել նրանց։ Ես այդպիսի ուժ չեմ տեսնում»,- ասաց նա։

Թէեւ Ահարոն Ադիբէկեանի գնահատմամբ՝ այդ քաղաքական «թայֆունը» դաս է «վերեւների» համար, որոնք առաջին հերթին պէտք է մտածեն մարդկանց կեանքի որակի բարձրացման մասին։

 

Ցոյցեր անող Հայաստանը

Սոցիոլոգը նշեց, որ Հայաստանում սովոր են ցոյցերին ու բողոքի ակցիաներին, եւ որ հայերն այդ «դպրոցն» արդէն անցել են։

«Դա առաջին փորձը չէ ոտքի հանելու ժողովրդի այն զանգւածին, որն անկախութեան ու շուկայական տնտեսութեան շրջանում ոչ մի բանի չի հասել ու աղքատութեան շեմից այն կողմ է մնացել։ Իսկ հիմա հիմնականում ոտքի է ելել երիտասարդութիւնը։ Մեր հետազօտութիւնների տւեալների համաձայն՝ շրջանաւարտների մէկ երրորդը միտւած է արտագաղթի, քանի որ սեփական երկրում առանձնապէս ապագայ չի տեսնում, թէեւ նրանք շատ են ուզում մնալ Հայաստանում»,- նշեց սոցիոլոգը։

Ամէն երրորդ ընտանիքը «ճամպրուկային տրամադրութիւն» ունի, այդ պատճառով այդքան էլ դժւար չէ հանել այդ զանգւածներին` վստահեցնելով նրանց, որ կարելի է որեւէ բան փոխել այս երկրում։ Այնուամենայնիւ, կազմակերպիչներին դրա համար ռեսուրսներ են պէտք։

Ադիբէկեանի խօսքով՝ բողոքի ակցիաների յետեւում ոչ միայն Փաշինեանն ու նրա փոքր խմբակցութիւնն է, այլեւ համակարգից դժգոհ մարդկանց բազմութիւնը։

«2016 թւականին անցկացւած մեր հետազօտութիւնների արդիւնքների համաձայն՝ փոքր բիզնեսի մէկ երրորդը կամ չի աշխատում կամ փակւել է։ Հայաստանում գործազրկութեան կայուն մակարդակ կայ, յատկապէս կանանց շրջանում։ Բարձրագոյն կրթութիւն ունեցող կանանց 60%-ը գործազուրկ են»,- յաւելեց «Sputnik» Արմենիայի զրուցակիցը։

 

Հոգեբանի կարծիքը

Հոգեբան Սամուէլ Խուդոյեանը համոզւած է, որ Հայաստանի պատմութեան մէջ այսպիսի ծաւալուն ցոյցեր չեն եղել նոյնիսկ 1988 թւականին։

«Պատրեկացրեց միայն՝ ինչքան բան է մարդկանց մօտ կուտակւել։ Նրանք յոգնել են յանցագործութիւններից, գողութիւնից, իշխանութեան արհամարհական վերաբերմունքից։ Հազարաւոր մարդկանցից երեւում է, որ նրանք այեւս չեն ուզում իրենց ապագան կապել Սերժ Սարգսեանի կամ Ռոբերտ Քոչարեանի հետ»,- «Sputnik» Արմենիայի հետ զրոյցում ասաց հոգեբանը։

Խուդոյեանը կարծում է, որ մարդիկ կտրականապէս փոխել են վերաբերմունքն այն պատգամաւորների նկատմամբ, որոնց գոնէ մի փոքր յարգում էին։ Նրանց կարծիքով՝ հիմա մենք տեսնում ենք, որ հայ ժողովրդին այլեւս ոչ մի բանով հնարաւոր չէ վախեցնել։

Հոգեբանը համոզւած է, որ Փաշինեանն իր տեսքով ուզում է ցոյց տալ, որ ժողովրդի մարդն է։

«Եթէ նրա կերպարին նայենք, պարզ է, որ նա երիտասարդների բարեկամն է։ Դրա ապացոյցն է ուսապարկը։ Հիմա բոլոր երիտասարդները ուսապարկ են կրում։ Հոգեբանութեան մէջ դա կոչւում է «ռապորտ» (վերադարձնել, յետ բերել)։ Նա ուզում է ցոյց տալ, որ միւս երիտասարդների նման է»,- նշեց նա։

Խուդոյեանի խօսքով՝ ցանկացած յեղափոխական իր համար յստակ կերպար է ընտրում, զինւորական համազգեստի գոյներով հագուստն այնքան շուտ չի կեղտոտւում, ինչպէս այլ գոյներինը, այդ պատճառով էլ նա հէնց դա է ընտրել։ Հոգեբանի խօսքով՝ ընդդիմադիր շարժման առաջնորդն ապացուցում է, որ նա խաղաղ մարտիկ է։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։