Հա

Քաղաքական

07/05/2018 - 10:50

Քաղաքական ուժերի՞, թէ՞ տեխնոկրատների կառավարութիւն

Մայիսի 8-ին ՀՀ վարչապետի ընտրութեան կայացման հարցում կասկածողներ արդէն գրեթէ չկան։ Նիկոլ Փաշինեանի թիմակիցներն իրենք փաստում են, որ մեծ հաւանականութեամբ կարելի է ասել, որ ընտրութիւնը կայանալու է, եւ Նիկոլ Փաշինեանն ընտրւելու է վարչապետ։

«alikonline.ir» - Մայիսի 8-ին ՀՀ վարչապետի ընտրութեան կայացման հարցում կասկածողներ արդէն գրեթէ չկան։ Նիկոլ Փաշինեանի թիմակիցներն իրենք փաստում են, որ մեծ հաւանականութեամբ կարելի է ասել, որ ընտրութիւնը կայանալու է, եւ Նիկոլ Փաշինեանն ընտրւելու է վարչապետ։ Գրում է «newsinfo.am»-ը:

Այժմ առաւել «արդիական» թեման դրանից յետոյ ժամանակաւոր կառավարութեան ձեւաւորման հարցն է։ Ինչպիսի՞ կառավարութիւն կունենայ Հայաստանը՝ քաղաքակա՞ն, թէ՞ տեխնոկրատ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան վարչության անդամ, Երեւանի աւագանու «Ելք» խմբակցութեան անդամ Արայիկ Յարութիւնեանը «168 Ժամ»-ի հետ զրոյցում նշեց, որ կառավարութեան կազմում կարող են լինել ոչ քաղաքական դէմքեր, սակայն այդ հարցը դեռեւս չի քննարկւել։ Չի քննարկւել նաեւ Նիկոլ Փաշինեանի վարչապետութեանն աջակցող խորհրդարանական ուժերի հետ կառավարութեան ձեւաւորման հարց քննարկելու հարցը։

«Որեւէ քննարկում չի եղել, այդ թւում՝ նաեւ քաղաքական ու ոչ քաղաքական դէմքերի հետ կապւած։ Իմ դիրքորոշումն է, որ նախընտրելի է ոչ քաղաքական կազմը, կարող են լինել տեխնոկրատ նախարարներ, յատկապէս՝ կառավարութիւնը ժամանակաւոր է լինելու։ Բայց ո՛չ կազմի, ո՛չ բովանդակութեան հետ կապւած առայժմ մեզ մօտ քննարկում չի եղել, որովհետեւ մայիսի 8-ը հանգրւանային է։ Մինչեւ վերջին օրը ամսի 8-ի հետ կապւած անորոշութիւններ կային, որոնք հիմնականում այս պահին փարատւած են։ Կարծում եմ, առաջիկայ 1-2 օրւայ ընթացքում այդ խնդրին էլ կանդրադառնանք»,- ասաց Ա. Յարութիւնեանը։

Ըստ նրա՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ն ունի կադրային բաւարար ռեսուրսներ, բայց նոր կառավարութիւնը չի լինելու միանձնեայ ձեւաւորման կառավարութիւն, այլ լինելու է ազգային համաձայնութեան կառավարութիւն, նաեւ սփիւռքից կան մասնագէտներ, ովքեր ցանկութիւն են յայտնել քննարկել ծրագրային դրոյթներ եւ առաջարկներով հանդէս գալ. «Թէ ինչպիսին կը լինի կազմը, կիմանանք ամսի 8-ից յետոյ»։

«Ծառուկեան» խմբակցութիւնում դեռեւս չեն քննարկել հարցը՝ արդեօ՞ք իրենք պատրաստ են Նիկոլ Փաշինեանի վարչապետութեանն աջակցելուց յետոյ միանալ նրա ժամանակաւոր կառավարութեանը եւ ստանձնել քաղաքական պատասխանատւութիւն այդ կառավարութեան համար։ «newsinfo.am»-ի հետ զրոյցում ասաց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկեան» խմբակցութեան պատգամաւոր Միքայէլ Մելքումեանը նշեց, որ ներկուսակցական տարբեր քննարկումներ լինում են, բայց դեռ պատեհ ժամանակ չէ դրանց մասին ասելու։ «Այս պահին նման որոշում չունենք եւ պաշտօնական դիրքորոշում չունենք»,- ասաց նա։

Ըստ Մ.Մելքումեանի՝ դեռ վաղ է խօսել, կարող է Ազգային ժողովի կազմում փոփոխութիւններ լինեն։ Նա չբացառեց, որ կարող է լինել փոքրամասնութեան կառավարութիւն. «Բայց դա բարդ բան է, որովհետև ԱԺ գալու են օրէնքներ, որ պէտք է ընդունւեն, որովհետեւ, եթէ ուզում են բարեփոխումներ անել, պէտք է օրէնքներ բերեն։ Ինչ-որ ձեւաչափ պէտք է լինի, այսինքն՝ պէտք է որոշակի կոնսենսուս օրէնքների ընդունման համար»։

Անդրադառնալով Ընտրական օրէնսգրքի փոփոխման հարցին՝ Մ.Մելքումեանը նշեց, որ այն պէտք է շատ լուրջ քննարկւի. «Մենք ասել ենք, որ կողմ ենք հիմնականում 100% համամասնական ընտրակարգին, ոչ թէ՝ այն արատաւոր համակարգին, որ կոչւում է ռէյտինգային, սակայն իրականում նոյն մեծամասնական համակարգն է»։

Փաշինեանի ժամանակաւոր կառավարութեան ձեւաւորմանը մասնակցութեան հարց դեռեւս չկայ նաեւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան օրակարգում։ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանը մեզ տեղեկացրեց, որ Ն. Փաշինեանի հետ հանդիպումների ժամանակ քննարկել են բացառապէս այլ հարցեր։ Նրա խօսքով՝ ամէն ինչ կը քննարկեն՝ ըստ յաջորդականութեան. «Եթէ ընտրութիւնից յետոյ նման օրակարգ քննարկելու անհրաժեշտութիւն առաջանայ, բնականաբար, կիրազեկւէք»։

Հարցին՝ պատրա՞ստ է ՀՅԴ-ն փոքրամասնութեան կառավարութիւն ձեւաւորել եւ պատասխանատւութիւն վերցնել, Ա.Համբարձումեանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ իրավիճակը պէտք է գնահատենք՝ առկայ իրողութիւնները հաշւի առնելով։ Հայաստանում առկայ է ֆորս-մաժորային իրավիճակ, եւ լուծումներն էլ ըստ այդմ պէտք է տրւեն»։

Ա.Համբարձումեանի խօսքով՝ Հայաստանում ունեցել ենք ե՛ւ տեխնոկրատների կառավարութիւն, ե՛ւ քաղաքական ուժերի ներկայացուցիչներից բաղկացած կառավարութիւն. «Պէտք է կոնկրետ իրավիճակում նայենք դրա անհրաժեշտութիւնը եւ նպատակայարմարութիւնը, եւ շատ կարեւոր է նաև հասկանալ, թէ ձեւաւորւելիք կառավարութիւնն ինչ ժամանակահատւածի համար է պատասխանատւութիւն ստանձնելու։ Ամբողջ խնդիրն այն է, թէ արտահերթ ընտրութիւններն ինչ ժամկէտում է հնարաւոր կազմակերպել։ Ես կարծում եմ, որ ժամկէտների հարցը յաւելեալ քննարկման առարկայ պէտք է դառնայ քաղաքական ուժերի կողմից, որովհետեւ բազմաթիւ հարցեր կան, որոնց պատասխանները յստակ պէտք է տրւեն եւ ըստ այդմ, ժամանակացոյցը ձեւաւորւի»։

Իշխող կուսակցութեան փոխնախագահ Արմէն Աշոտեանը Նիկոլ Փաշինեանի գլխաւորած կառավարութեան հետ համագործակցութեան եզրեր չի տեսնում։ Նա «Associated Press»-ին ասել է, որ, եթէ ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինեանը դառնայ վարչապետ, ապա ՀՀԿ-ն կը դառնայ ընդդիմութիւն՝ չնայած խորհրդարանում ձայների մեծամասնութեանը։

Նա յաւելել է, որ Հանրապետականը նոր կառավարութեան մաս չի կազմի: «Իմ անձնական տեսակէտն այն է, որ նոր քաղաքական ուժերի հետ համագործակցութեան հնարաւորութիւն չկայ»,- ընդգծել է Աշոտեանը:

ՀՀԿ փոխնախագահը կրկին հաստատել է, որ, եթէ «պայմանաւորւածի պէս» փողոցը հանգիստ լինի, Հանրապետականը կը պաշտպանի խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրւած թեկնածուին մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրութիւնների ժամանակ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։