Հա

Քաղաքական

10/05/2018 - 10:50

Իրանագէտ. «Իրանի նկատմամբ կիրառւող պատժամիջոցները էական ազդեցութիւն չեն ունենայ հայ-իրանական յարաբերութիւնների վրայ»

ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ կիրառւող պատժամիջոցները այս պահի դրութեամբ չեն կարող էական ազդեցութիւն ունենալ Հայաստանի վրայ, Հայաստանը կը շարունակի իրագործել նախանշւած ծրագրերը:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ կիրառւող պատժամիջոցները այս պահի դրութեամբ չեն կարող էական ազդեցութիւն ունենալ Հայաստանի վրայ, Հայաստանը կը շարունակի իրագործել նախանշւած ծրագրերը:

Այս մասին «tert.am»-ի հետ զրոյցում ասաց իրանագէտ, Միջազգային եւ անվտանգութեան հարցերի հայկական ինստիտուտի փորձագէտ Արմէն Վարդանեանը:

Յիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել էր Իրանի հետ «վեցեակ»-ի յայտնի միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին՝ ասելով, որ 180 օրերի ընթացքում կը վերականգնւեն այդ գործով Իրանի դէմ պատժամիջոցները, եւ կը կիրառւեն նորերը:

«Պէտք է ասել, որ ամերիկեան կողմը մինչ այժմ պաշտօնապէս եւ ոչ պաշտօնապէս յայտարարել էր, որ Հայաստանը կարող է հանգիստ իրագործել իրանական կողմի հետ նախանշւած ծրագրերը, եթէ դրանք կապւած չեն միջուկային ծրագրի հետ կամ այն ընկերութիւնների հետ, որոնք կապւած են Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի հետ:

Պատժամիջոցները չեն կարող ազդեցութիւն ունենալ Արաքս գէտի վրայ ՀԷԿ-ի կառուցման վրայ, հայ-իրանական սահմանին ազատ տնտեսական գօտու վրայ եւ ոչ էլ գազի հնարաւոր մատակարարման բանակցութիւնների վրայ»,- շեշտեց Արմէն Վարդանեանը:

Ըստ նրա՝ միակ մտահոգութիւնն այն է, որ Մերձաւոր Արեւելքում լարւածութիւնը կը մեծանայ:

Իրանագէտը կարեւոր համարեց այն, որ չնայած իրանական միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուն՝ Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը եւ Չինաստանը մտադիր են նախկինի պէս կատարել համաձայնագրով նախատեսւած պարտաւորութիւնները:

«Սա նշանակում է, որ Իրանի նկատմամբ միջազգային նոր պատժամիջոցներ դեռ չեն լինի, ԱՄՆ-ը դեռ միայն միակողմանիօրէն կարող է պատժամիջոցներ կիրառել: Իրանն էլ այս պահի դրութեամբ կտրուկ յայտարարութիւններ չի անում: Իրանը կարող է երկու տարբերակ դիտարկել: Առաջին՝ ինքն էլ իր կողմից դուրս գայ Միջուկային համաձայնագրից եւ այլեւս կաշկանդւած չլինի այդ համաձայնագրով, ուրանի հարստացումը հասցնի 20 տոկոսի, այսինքն՝ գնայ միջուկային զէնքի ստեղծմանը: Տարբերակ երկրորդ՝ Իրանը կը շարունակի հաւատարիմ մնալ համաձայնագրին եւ այժմ կաշխատի համաձայնագրի միւս կողմերի հետ՝ ԵՄ-ի, ՌԴ-ի եւ Չինաստանի: Ներկայ դրութեամբ կարծես թէ հաւանական է համարւում երկրորդ տարբերակը»:

Արմէն Վարդանեանը նաեւ ընդգծեց, որ «վեցեակ»-ի դիրքորոշումը չի կարող ազդել ԱՄՆ նախագահի քաղաքականութեան վրայ, որոշումը չի կարող փոխւել. մինչ յայտարարութիւն կատարելն էլ իրազեկւած էր, որ ԵՄ-ը դէմ է իր քաղաքականութեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։