Հա

Քաղաքական

10/05/2018 - 13:00

Փաշինեանի ռեսուրսը սպառւած է. ի՞նչ կարող է նա հակադրել ՀՀԿ մեծամասնութեանը. Լեւոն Տէր-Պետրոսեանի պարզաբանումը

ՀՀԿ-ն ունենալով խորհրդարանական մեծամասնութիւն, ի վիճակի է վիժեցնել կառավարութեան բոլոր օրէնսդրական նախաձեռնութիւնները, եւ դատելով վերջին ելոյթներից, նրանք չեն էլ թաքցնում նման մտադրութիւնը: Այս մասին «ilur.am»-ին յայտնել է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տէր-Պետրոսեանը՝ անդրադառնալով վերջին ներքաղաքական զարգացումներին:

«alikonline.ir» - ՀՀԿ-ն ունենալով խորհրդարանական մեծամասնութիւն, ի վիճակի է վիժեցնել կառավարութեան բոլոր օրէնսդրական նախաձեռնութիւնները, եւ դատելով վերջին ելոյթներից, նրանք չեն էլ թաքցնում նման մտադրութիւնը: Այս մասին «ilur.am»-ին յայտնել է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տէր-Պետրոսեանը՝ անդրադառնալով վերջին ներքաղաքական զարգացումներին:

Նա, մասնաւորապէս, նշում է.

«Այս օրերին շատերն են գլուխ կոտրում խորհրդարանի եւ կառավարութեան յարաբերութիւններում ստեղծւած արտառոց իրավիճակի քաղաքական բնորոշման վրայ: Խորհրդարանական մեծամասնութիւնը իրեն յայտարարել է ընդդիմութիւն, իսկ գործադիր իշխանութիւնը դիտւում է որպէս փոքրամասնութեան կառավարութիւն: Թէեւ խորհրդարանական համակարգի համար միանգամայն արտառոց, այսպիսի իրավիճակներ յաճախ ստեղծւում են նախագահական եւ կիսանախագահական հանրապետութիւններում, որոնք յայտնի են «համակեցութիւն» (cohabitation) տերմինով:

Դրանք այն դէպքերն են, երբ նախագահը ներկայացնում է մի կուսակցութիւն, մինչդեռ խորհրդարանում մեծամասնութիւն են կազմում մի այլ կուսակցութեան պատգամաւորները: Դա չափազանց դժւարացնում է պետական մեքենայի անխափան գործունէութիւնը` յաճախ ստեղծելով ճգնաժամային իրավիճակներ: Հանրապետական կուսակցութիւնն ունենալով խորհրդարանական մեծամասնութիւն, ի վիճակի է վիժեցնել կառավարութեան բոլոր օրէնսդրական նախաձեռնութիւնները, եւ դատելով վերջին ելոյթներից, նրանք չեն էլ թաքցնում նման մտադրութիւնը:

Ի՞նչ կարող է դրան հակադրել Փաշինեանի գլխաւորած նորընտիր կառավարութիւնը: Մինչ այս պահը Փաշինեանն իր կամքը խորհրդարանին պարտադրել է համաժողովրդական բողոքի ու ընդւզման միջոցով, ինչը, որպէս ժողովրդավարութեան դրսեւորում, ըմբռնումով է ընկալւել միջազգային հանրութեան կողմից: Սակայն կարո՞ղ է նա, արդեօք, խորհրդարանի վրայ նոյն մեթոդով ազդել նաեւ այսուհետեւ: Ակնյայտ է, որ ո՛չ, որովհետեւ այդ ռեսուրսն արդէն սպառւած է: Մի բան է խորհրդարանին սեփական կամքը պարտադրել ժողովրդական շարժման առաջնորդի հանգամանքով, եւ բոլորովին այլ բան` վարչապետի կարգավիճակով: Այս դէպքում արդէն միջազգային հանրութիւնը նման գործելակերպ չի հանդուրժի, որովհետեւ դա կը դիտւի որպէս իշխանութեան մի թեւի կողմից միւսի վրայ գործադրւող անթոյլատրելի ճնշում, մանաւանդ նկատի առած այն պարագան, որ նոյն այդ միջազգային հանրութիւնը ժամանակին ճանաչել է թէ՛ խորհրդարանական ընտրութիւնների, եւ թէ՛ դրանց արդիւնքում ձեւաւորւած խորհրդարանի օրինակարգութիւնը:

Հետեւաբար, ինչպէս շատերն են գիտակցում, երկրի համար չափազանց վտանգաւոր այս իրավիճակից դուրս գալու միակ միջոցը արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների անցկացումն է, անշուշտ, ընտրական օրէնսգրքի արմատական վերափոխումից յետոյ: Սակայն այս հարցում էլ լուրջ բարդութիւններ են սպասւում, որովհետեւ ընտրական օրէնսգրքի վերափոխումն էլ կրկին կախւած է խորհրդարանական մեծամասնութեան կամքից: Չպէտք է անտեսել, որ քաղաքական դիմակայութեան դրդապատճառից բացի, հանրապետականների մօտ առկայ են նաեւ անձնական շահագրգռութիւններ, քանի որ նրանք համոզւած չեն, որ յաջորդ ընտրութիւններից յետոյ կարող են յայտնւել խորհրդարանում:

Յուսանք, որ գործող խրթին սահմանադրութեան պատճառով արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների անցկացման հարցում ստեղծւած օրէնսդրական խոչընդոտները յաղթահարելու համար քաղաքական ազդեցիկ ուժերը կամք եւ ողջախոհութիւն կը դրսեւորեն բանակցութիւնների, երկխօսութեան եւ փոխպայմանաւորւածութեան միջոցով ելք գտնելու մեր պետականութեանն սպառնացող այս բարդ իրավիճակից»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։