Հա

Քաղաքական

12/05/2018 - 11:20

«Հայերը պէտք է բաց չթողնեն իրենց երկիրը վերափոխելու հնարաւորութիւնը». Ռուբէն Վարդանեանի յօդւածը «Financial Times»-ում

Այս վերջին շաբաթներն աննախադէպ միջազգային ուշադրութիւն սեւեռեցին Հայաստանի վրայ. անարդար հասարակական կարգից եւ անարդիւնաւէտ տնտեսական մոդելից զայրացած տասնեակ հազարաւոր քաղաքացիներ դուրս եկան փողոց՝ իրենց բողոքը յայտնելու եւ աւելի լաւ ու աւելի ժողովրդավարական ապագայի համար, գրում է գործարար, «Հայաստանի զարգացման նախաձեռնութիւններ» հիմնադրամի (IDeA) համահիմնադիր, «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան համահիմնադիր Ռուբէն Վարդանեանը հեղինակաւոր «Financial Times»-ում: 

«alikonline.ir» - Այս վերջին շաբաթներն աննախադէպ միջազգային ուշադրութիւն սեւեռեցին Հայաստանի վրայ. անարդար հասարակական կարգից եւ անարդիւնաւէտ տնտեսական մոդելից զայրացած տասնեակ հազարաւոր քաղաքացիներ դուրս եկան փողոց՝ իրենց բողոքը յայտնելու եւ աւելի լաւ ու աւելի ժողովրդավարական ապագայի համար, գրում է գործարար, «Հայաստանի զարգացման նախաձեռնութիւններ» հիմնադրամի (IDeA) համահիմնադիր, «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան համահիմնադիր Ռուբէն Վարդանեանը հեղինակաւոր «Financial Times»-ում: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Նիկոլ Փաշինեանի՝ ՀՀ վարչապետ ընտրւելով փակւեց մի երկար եւ բարդ գլուխ, եւ նոր գլուխ բացւեց՝ լի հնարաւորութիւններով ու անորոշութեամբ: Հայաստանը կարող է դառնալ այլ երկրների համար փարոս, եթէ բարեյաջող կերպով վերափոխի իր կառավարման համակարգը՝ մնալով խաղաղ եւ հետեւելով իր նոր սահմանադրութեանը:

Սա ջրբաժանի պահ է Հայաստանի համար, գրում է Ռուբէն Վարդանեանը: Նրա խօսքով՝ անկախութիւնից մէկ քառորդ դար անց Հայաստանը, ինչպէս նաեւ միջազգային ասպարեզում հայկական ինքնութիւնը խոցելի են մնում:

«Մենք ունենք հազւադէպ եւ անսպասելի հնարաւորութիւն՝ մեր երկիրը կենսունակ, ժամանակակից, ապահով, խաղաղ եւ առաջադէմ երկրի վերափոխելու համար»,- կարծում է գործարարը:

«Կարեւոր է նշել, որ սա մէկ մարդու յաղթանակ չէր, այլ ամբողջ ժողովրդի եւ մասնաւորապէս՝ մեր երիտասարդների յաղթանակը»,- յաւելում է նա:

Ռուբէն Վարդանեանը յիշեցրել է, որ ինքն էլ երիտասարդ տարիքում դուրս է եկել ցոյցի, այնուամենայնիւ, փոփոխութիւնները չեն բաւարարել իր սպասումները: Այս անգամ պէտք է այլ կերպ լինի, գրում է նա:

Ըստ նրա՝ դժգոհ երիտասարդութեան ձայնը պէտք է լսելի լինի, որպէսզի նրանք համաձայնեն մնալ Հայաստանում եւ նպաստեն երկրի զարգացմանը:

Եթէ բերկրանքը եւս մէկ անգամ վերածւի հիասթափութեան, մենք կարող ենք ականատես լինել յաջորդ սերնդի արտագաղթին: Մեր փոքր եւ փխրուն տնտեսութիւնը չի դիմանա նոր ուղեղների արտահոսքին»,- գրում է Ռուբէն Վարդանեանը:

Գործարարը նշում է, որ նաեւ կարեւոր է, որպէսզի փողոցներում յաղթանակը տօնող մարդիկ իրատես լինեն, քանի որ Հայաստանի խնդիրները մէկ գիշերում լուծւել չեն կարող:

Փոխարէնը՝ հարկաւոր է մեծացնել երկրի մրցունակութիւնը համաշխարհային տնտեսութիւնում:

«Կասկած չկայ, որ Հայաստանը գրաւիչ ներդրումային հնարաւորութիւններ ունի. 2000-ականների սկզբին երկրի արագ աճի շնորհիւ Համաշխարհային բանկն այն անւանել էր «Կովկասեան վագր»: Հայաստանի ժողովուրդը նորարար է եւ ստեղծագործ, երկիրը կատարեալ կամուրջ է ԵՄ-ի, Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ, եւ մենք ունենք սփիւռքի համաշխարհային ցանցի իւրայատուկ փորձն ու ռեսուրսները»,- գրում է Ռուբէն Վարդանեանը՝ նշելով, որ առաջին հերթին, Հայաստանի նոր վարչապետը պէտք է խրախուսի ամբողջ հայութեանը՝ մասնակցել ու նպաստել Հայաստանի զարգացմանը:

Երկրորդ հերթին, նա պէտք է հաւատարմօրէն իրականացնի իրեն տրւած մանդատը: Հայաստանի քաղաքացիները ցանկանում են կենսունակ եւ հարուստ երկիր, որտեղ կը լինի արդարութիւն, ազատութիւն եւ հաւասար հնարաւորութիւններ:

«Նոր կառավարութիւնը պէտք է որակապէս տարբերւի նախորդներից»,- եզրափակում է Ռուբէն Վարդանեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։