Հա

Քաղաքական

13/05/2018

Ով ով է Հայաստանի նոր կառավարութիւնում

Մայիսի 12-ին ամբողջութեամբ ձեւաւորւեց Նիկոլ Փաշինեանի գլխաւորած Հայաստանի նոր կառավարութիւնը, ՀՀ նախագահի հրամանագրերով նշանակւեցին բոլոր նախարարները:

«alikonline.ir» - Մայիսի 12-ին ամբողջութեամբ ձեւաւորւեց Նիկոլ Փաշինեանի գլխաւորած Հայաստանի նոր կառավարութիւնը, ՀՀ նախագահի հրամանագրերով նշանակւեցին բոլոր նախարարները: «news.am»-ն անդրադարձել է կառավարութեան կազմին:

Ապրիլի 23-ին ՀՀ վարչապետի պաշտօնից Սերժ Սարգսեանի հրաժարականից յետոյ համաժողովրդական ալիքի ֆոնին իշխանութեան եկած կառավարութիւնում, որը բաղկացած է վարչապետից, առաջին փոխվարչապետից, 2 փոխվարչապետից եւ 17 նախարարներից, ընդամենը երկուսն են կին: Նրանցից մէկը ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցութեան պատգամաւոր, «Լուսաւոր Հայաստան» կուսակցութեան փոխնախագահ Մանէ Թանդիլեանն է. նա զբաղեցրել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը: Երկրորդը Լիլիթ Մակունցն է, նշանակջել է մշակոյթի նախարար:

Առաջին փոխվարչապետի եւ մէկ փոխվարչապետի պաշտօնները զբաղեցրել են Փաշինեանի կուսակիցներ Արարատ Միրզոյեանն ու Տիգրան Աւինեանը, երկրորդ փոխվարչապետի պաշտօնը զբաղեցրել է բանկիր Մհեր Գրիգորեանը:

Փաշինեանի կառավարութիւնում ՀՅԴ-ին բաժին է հասել 2 նախարարական պորտֆել. Արծւիկ Մինասեանը նշանակւել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար, իսկ Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրեանն էլ՝ գիւղատնտեսութեան նախարար:

«Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան քւոտայով 2010-ին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար նշանակւած Արթուր Գրիգորեանը հիմա էլ զբաղեցրել է Էներգետիկ ենթակառուցւածքների եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարարի պաշտօնը: ԲՀԿ-ական Լեւոն Վահրադեանը զբաղեցրել է սպորտի եւ երիտասարդութեան հարցերի նախարարի պաշտօնը: Իսկ ԲՀԿ քւոտայով 2012-ին սպորտի եւ երիտասարդութեան հարցերի նախարար Հրաչեայ Ռոստամեանը նշանակւել է արտակարգ իրավիճակների նախարար:

Նիկոլ Փաշինեանի կառավարութիւնում ամենաերիտասարդ անդամը սփիւռքի նախարար Մխիթար Հայրապետեանն է՝ 27 տարեկան, ամենատարեցը՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանը՝ 52 տարեկան: Կառավարութեան անդամների միջին տարիքը 40-ից քիչ աւելի է:

 

ԱՐԱՐԱՏ ՄԻԶՈՅԵԱՆ

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյեանը 39 տարեկան է, պատմական գիտութիւնների թեկնածու: Արարատ Միրզոյեանը դասախօսել է Երեւանի պետհամալսարանում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան անդամ է, ունի 2 երեխայ:

 

ՏԻԳՐԱՆ ԱՒԻՆԵԱՆ

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Աւինեանը 29 տարեկան է, աւարտել է Լոնդոնի Քուին Մերի համալսարանը` ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում։ 2014 թւակնից հիմնադրել եւ ղեկավարում է «Սայբեր Վիժըն» ընկերութիւնը, որը զբաղւում է ծրագրային ապահովմամբ։ 2016-ին ՀՀ ՊՆ-ի կողմից պարգեւատրւել է պատւոգրով՝ ապրիլին եւ մայիսին Հայրենիքի սահմանների պաշտպանութեանն ակտիւ մասնակցելու, առաջնագծում մարտական խնդիրները բարեխղճօրէն կատարելու համար։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան անդամ է, ունի 2 դուստր:

 

ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐԵԱՆ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորեանը 46 տարեկան է, բանկիր: Աշխատել է Կենտրոնական բանկում, Հայներարտբանկում (հիմա՝ Ամերիա), HSBC բանկում, եղել է Ինեկոբանկի գործադիր տնօրէնը, ՎՏԲ Հայաստան բանկի գլխաւոր տնօրէնի տեղակալը: Նա պարգեւատրւել է Անանիա Շիրակացու մեդալով։ Մհեր Գրիգորեանն ունի երկու երեխայ:

 

ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանը 52 տարեկան է, աւարտել է Մոսկւայի միջազգային յարաբերությունների պետական ինստիտուտը: Կրթութիւն է ստացել Մանչեսթերի Վիկտորիա համալսարանում: Շատ հարուստ դիւանագիտական կենսագրութիւն ունի: Աշխատել է ԱԳՆ-ում, Վատիկանում, Լոնդոնում, Ժնեւում, Ստրասբուրգում: Եղել է ԱԳ փոխնախարար, 2014-ից ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչն է: Տիրապետում է հայերէն, ռուսերէն, անգլերէն, ֆրանսերէն լեզուներին։ Անկուսակցական է, ամուսնացած է, ունի երկու որդի։

 

ԴԱՒԻԹ ՏՕՆՈՅԵԱՆ

Պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանը 51 տարեկան է: Նա աւարտել է Երեւանի պետհամալսարանի երկրաբանական ֆակուլտետը, նաեւ ՌԴ ռազմադիւանագիտական ակադեմիան։ 2004-2007 թւականներին Տօնոյեանը եղել է ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ։ 2010-ից 6 տարի զբաղեցրել է պաշտպանութեան փոխնախարարի պաշտօնը, ապա նշանակւել արտակարգ իրավիճակների նախարար: Դաւիթ Տօնոյեանը ՊՆ-ում պարգեւատրւել է մի շարք մեդալներով, ունի երկու դուստր եւ մէկ որդի:

 

ԱՐՏԱԿ ԶԷՅՆԱԼԵԱՆ

Արդարադատութեան նախարար Արտակ Զէյնալեանը 49 տարեկան է: 1990-1997 թւականներին կամաւոր մասնակցել է Հայաստանի եւ Արցախի սահմանների պաշտպանութեանը՝ Նիկոլ-Դուման երկրապահ կամաւորական ջոկատի կազմում, 1992 թւականին վիրաւորւել է եւ կորցրել ոտքը: Եղել է առողջապահութեան փոխնախարար: 2010-ին դասաւանդել է ՀՀ Փաստաբանների դպրոցում եւ ՀՀ Փաստաբանների պալատում: Զբաղւել է իրաւապաշտպան գործունէութեամբ: Ամուսնացած է, ունի չորս զաւակ եւ մէկ թոռ:

 

ԱՐԱՅԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

Կրթութեան եւ գիտութեան նախարար Արայիկ Յարութիւնեանը 39 տարեկան է: Մասնագիտութեամբ արեւելագէտ է, պատմական գիտութիւնների թեկնածու: Նա 2007-ից դասախօսում է ԵՊՀ-ում, 6 գիտական յօդւածի հեղինակ է: Արայիկ Յարութիւնեանը համախոհների հետ հիմնադրել է «Մենք դէմ ենք օտարալեզու դպրոցներին» քաղաքացիական նախաձեռնութիւնը, «Բանակն իրականում» խմբի անդամ է։ Արայիկ Յարութիւնեանը Երեւանի աւագանու «Ելք» խմբակցութեան անդամ է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան անդամ:

 

ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶԵԱՆ

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազեանը 47 տարեկան է: Տեխնիկական գիտութիւնների թեկնածու է, մէկ մենագրութեան, մի շարք յօդւածների եւ զեկոյցների հեղինակ։ 1995 թւականից աշխատում է ֆինանսների նախարարութիւնում: 1999-ից ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխաւոր գանձապետն է: Ատոմ Ջանջուղազեանը դասաւանդում է մի շարք բուհերում: Անկուսակցական է։ Ամուսնացած է, ունի մէկ դուստր եւ երկու որդի։ Տիրապետում է ռուսերէն եւ անգլերէն լեզուներին։

 

ՍՈՒՐԷՆ ՊԱՊԻԿԵԱՆ

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրէն Պապիկեանը 32 տարեկան է, պատմաբան: 2012-2016 թթ. սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան վարչութեան փոխնախագահն է:

 

ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ

Սփիւռքի նախարար Մխիթար Հայրապետեանը 27 տարեկան է: Արեւելագէտ է, գիտական յօդւածների հեղինակ: Մխիթար Հայրապետեանը 2012-ին թուրքագէտ Գէորգ Պետրոսեանի հետ հիմնել է «AllTurkey.am» թուրքագիտական պորտալը: Աշխատել է մի շարք լրատւական գործակալութիւններում՝ որպէս վերլուծաբան:

 

ՄԱՆԷ ԹԱՆԴԻԼԵԱՆ

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանէ Թանդիլեանը 40 տարեկան է, աւարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմութեան ֆակուլտետը, ինչպէս նաեւ Հայաստանի ամերիկեան համալսարանիի բիզնեսի կառավարման բաժինը: 2009 թւականից աշխատել է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ում՝ որպէս ֆինանսական տնօրէնի տեղակալ, գլխաւոր հաշւապահ։ 2017 թւականին «Ելք» դաշինքի կողմից ընտրւել է ԱԺ պատգամաւոր: «Լուսաւոր Հայաստան» կուսակցութեան փոխնախագահն է, ունի երկու երեխայ:

 

ՀՐԱՉԵԱՅ ՌՈՍՏՈՄԵԱՆ

Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչեայ Ռոստոմեանը 37 տարեկան է: Մասնագիտութեամբ ատամնաբոյժ-թերապեւտ է: Դասախօսել է Երեւանի պետական բժշկական համալսարանում։ 2012-ին նշանակւել է ՀՀ սպորտի եւ երիտասարդութեան հարցերի նախարար։ Այդ պաշտօնը զբաղեցրել է նաեւ 2016-ին: Երկար տարիներ խաղացել է բասկետբոլի Հայաստանի հաւաքականի կազմում: ՀՀ սպորտի վարպետ է, Միջազգային կարգի մրցավար։ Ռոստոմեանն անկուսակցական է:

 

ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐԵԱՆ

Էներգետիկ ենթակառուցւածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորեանը 49 տարեկան է: Աշխատել է արդարադատութեան նախարարութիւնում, Վերահսկիչ պալատում: 2010-ին նշանակւել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար՝ ԲՀԿ-ի քւոտայով: Արդարադատութեան փոխգնդապետ է: Ամուսնացած է, ունի երկու զաւակ։

 

ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐԵԱՆ

Գիւղատնտեսութեան նախարար Արթուր Խաչատրեանը 46 տարեկան է: Մասնագիտութեամբ ֆիզիկոս է: Աւարտել է ԵՊՀ-ն, ապա Հայաստանի ամերիկեան համալսարանը: Արթուր Խաչատրեանը Ֆիզիկամաթեմատիկական գիտութիւնների թեկնածու է: 2016-2017թթ. աշխատել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարութիւնում՝ որպէս նախարարի տեղակալ, ապա նշանակւել է Շիրակի մարզպետ: Տիրապետում է հայերէն, ռուսերէն եւ անգլերէն լեզուներին: 1991 թւականից ՀՅԴ անդամ է: Ամուսնացած է, ունի 3 երեխայ:

 

ԱՐՍԷՆ ԹՈՐՈՍԵԱՆ

Առողջապահութեան նախարար Արսէն Թորոսեանը 36 տարեկան է, աւարտել է Երեւանի Մխիթար Հերացու անւան պետական բժշկական համալսարանը: 2010-2011 թթ. ՀՀ ԱՆ տուբերկուլոզի դէմ պայքարի ազգային կենտրոնի Մոնիթորինգի եւ գնահատման բաժնի վարիչն է եղել, տնօրէնի ժամանակաւոր պաշտօնակատարը: Եղել է ՄԻԲՍ բժշկա-ախտորոշիչ կենտրոնի տնօրէնը: Հեղինակ է հայաստանեան եւ միջազգային գիտական ամսագրերում տպագրւած մի շարք յօդւածների: Անկուսակցական է: Ամուսնացած է, ունի երկու զաւակ։

 

ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑ

Մշակոյթի նախարար Լիլիթ Մակունցը 35 տարեկան է, բանասիրական գիտութիւնների թեկնածու: Անցել է դիպլոմաւորւած դասընթաց Ամերիկայի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի ամառային դպրոցում: 2005 թւականից մինչ օրս դասաւանդում է Հայ-ռուսական համալսարանում: 2016 թւականից պայմանագրային հիմունքով աշխատում է Ամերիկեան խաղաղութեան կորպուսում: Ամուսնացած չէ:

 

 ԱՐԾՒԻԿ ՄԻՆԱՍԵԱՆ

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծւիկ Մինասեանը 46 տարեկան է, մասնագիտութեամբ տնտեսագէտ եւ իրաջաբան: ԵՊՀ-ից յետոյ կարճաժամկէտ ծրագրերով ուսումը շարունակել է Մոսկւայում, Վաշինգտոնում եւ Նիւ Եօրքում: 2012 եւ 2017 թւականներին երկու անգամ ՀՅԴ կողմից ընտրւել է ԱԺ պատգամաւոր: 2005-2007 թթ. եղել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար: Եղել է Էկոնոմիկայի նախարար եւ բնապահպանութեան նախարար: Արծւիկ Մինասեանը ՀՅԴ անդամ է:

 

 ԷՐԻԿ ԳՐԻԳՈՐԵԱՆ

Բնապահպանութեան նախարար Էրիկ Գրիգորեանը 39 տարեկան է: Սովորել է ԵՊՀ-ում, Յունաստանում, Գերմանիայում, մասնագիտութեամբ տնտեսագէտ է: 2002 թւականից աշխատում է բնապահպանութեան նախարարութիւնում, որտեղ զբաղեցրել է տարբեր պաշտօններ: Աշխատել է Հայաստանի Ամերիկեան համալսարանում, ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ-ի ծրագրերում: 2017-ի փետրւարից եղել է վարչապետի օգնական: Գիտական յօդւածների հեղինակ է: Անկուսակցական է, ամուսնացած է, ունի երկու որդի:

 

ԼԵՒՈՆ ՎԱՀՐԱԴԵԱՆ

Սպորտի եւ երիտասարդութեան հարցերի նախարար Լեւոն Վահրադեանը 34 տարեկան է, սովորել է Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում, որտեղ էլ 2006-2010 թթ. դասախօսել է: Աւարտել է նաեւ Պետական կառավարման ակադեմիան: Աշխատել է սպորտի եւ երիտասարդութեան հարցերի նախարարութիւնում (նախարարի օգնական, ապա՝ խորհրդական), ՀԱՕԿ-ում: Նա նախարարութեան մասսայական սպորտի եւ ֆիզիկական դաստիարակութեան քաղաքականութեան վարչութեան պետն էր: Ամուսնացած է, ունի մէկ դուստր:

 

ԱՇՈՏ ՅԱԿՈԲԵԱՆ

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Յակոբեանը 50 տարեկան է։ Աւարտել է Երեւանի պետական համալսարանի իրաւագիտութեան ֆակուլտետը։ Աշխատել է Ներքին գործերի եւ ազգային անվտանգութեան նախարարութիւնում ոստիկանութեան քննչական գլխաւոր վարչութիւնում։ Եղել է քննչական կոմիտէի Երեւան քաղաքի վարչութեան Աւան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ, Ընդհանուր բնոյթի յանցագործութիւնների վարչութեան պետ։ Արդարադատութեան գնդապետ է։ Վերջին տարիներին զբաղւել է մասնաւոր բիզնեսով։ Ամուսնացած է, ունի 2 երեխայ:

 

ՎԱԼԵՐԻ ՕՍԻՊԵԱՆ

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպեանը 48 տարեկան է: Նա տարբեր տարիների ոստիկանութիւնում զբաղեցրել է պաշտօններ, այդ թւում՝ եղել է գնդի վաշտի հրամանատար, գնդի հրամանատարի տեղակալ, գնդի հրամանատար, Երեւան քաղաքի վարչութեան հասարակական անվտանգութեան բաժնի պետ, Երեւան քաղաքի վարչութեան պետի տեղակալ: Օսիպեանն աչքի է ընկել որպէս բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանական ստորաբաժանումները ղեկավարող անձ: 2016-ին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ պատանդառւել է «Սասնայ ծռեր»-ի կողմից: Ամուսնացած է, ունի երկու 2 զաւակ:

 

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑԵԱՆ

Ազգային անվտանգութեան ծառայութեան տնօրէն Արթուր Վանեցեանը 39 տարեկան է, սովորել է Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի եւ իրաւունքի համալսարանում, ՌԴ անվտանգութեան ծառայութեան ակադեմիայում: ԱԱԾ համակարգում է 2000 թւականից, որտեղ զբաղեցրել է տարբեր պաշտօններ: 2016-2018 թթ. զբաղեցրել է ԱԱԾ Երեւանի քաղաքային վարչութեան պետի տեղակալի պաշտօնը: Արթուր Վանեցեանը գնդապետ է: Ամուսնացած է, ունի երկու զաւակ:

 

Յ.Գ.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը 20-օրեայ ժամկէտում ՀՀ ԱԺ-ին կը ներկայացնի կառավարութեան ծրագիրը։

Յարակից լուրեր

  • Դաշնակցական նախարարները ծանօթ են ոլորտի խնդիրներին
    Դաշնակցական նախարարները ծանօթ են ոլորտի խնդիրներին

    Մայիսի 17-ին կառավարութեան նիստից յետոյ լրագրողների հետ ճեպազրոյցում դաշնակցական նախարարները նշել են, որ արդէն հասցրել են ծանօթանալ ոլորտի խնդիրներին: Այսպէս` տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծւիկ Մինասեանը նշել է, որ ոլորտում ահագին փոփոխութիւններ են կատարւել, սակայն առաջիկայում աւելի համալիր ծրագրով հանդէս կը գայ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։