Հա

Քաղաքական

15/05/2018 - 10:50

Փաշինեանի այցը Սոչի կամ խնդրայարոյց հանգոյցներ հայ-ռուսական յարաբերութիւններում

Տնտեսագէտ Ալեքսանդր Կարաւաեւը փորձում է պարզել, թէ Մոսկւայի եւ Երեւանի յարաբերութիւններում ինչպիսի խնդիրներ պէտք է որոշի Փաշինեանն անձամբ, իսկ ինչպիսի խնդիրներ` գործընկերների հետ:

«alikonline.ir» - Սոչիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից գլոբալ արդիւնքների չարժէ սպասել, կարծում է ՌԳԱ էկոնոմիկայի ինստիտուտի աշխատակից Ալեքսանդր Կարաւաեւը։

Երկու երկրների յարաբերութիւններում առկայ խնդիրների քննարկումն ապագայի հարց է, եւ ոչ բոլոր այդ խնդիրներն են լուծւում ԵԱՏՄ Գերագոյն խորհրդի շրջանակում։

«Հայ-ռուսական յարաբերութիւններում կան խնդրայարոյց հանգոյցներ, բայց հէնց ԵԱՏՄ շրջանակում երկու երկրները չլուծւած հարցեր չունեն։ Սոչիում Փաշինեանի գլխաւոր խնդիրն է ծանօթանալ միութեան անդամ երկրների ղեկավարների եւ կազմակերպութեան ընդհանուր օրակարգի հետ»,- «Sputnik» Արմենիայի հետ զրոյցում ասաց փորձագէտը։

Հայաստանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ամէն ինչ կարգին է, ներառեալ վերջին տարիների առեւտրի ռեկորդային աճը` 25.2 տոկոս (մինչեւ 2.2 մլրդ. դոլար), որի մէկ երրորդը Ռուսաստանի անմիջական վաստակն է։ Հայաստանը Ռուսաստանի հետ կապւած է հսկայական սոցիալ-տնտեսական կապերով (ներդրումների մօտ 40 տոկոսը ռուսական է, տրանսֆերտների ճնշող մեծամասնութիւնը` ՀՆԱ մինչեւ 10 տոկոս, նոյնպէս ունի ռուսական ծագում)։

Փորձագէտի կարծիքով` ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ տնտեսական կապերը պէտք է քննարկւեն, ընդհանուր առմամբ միութեան կողմից, այլ ոչ թէ երկկողմ բանակցութիւնների ընթացքում։

Ինչպէս նշեց Կարաւաեւը, երկրների հնգեակը պէտք է քննարկի փոքր եւ միջին բիզնեսին օգնելու ծրագրերը` միջազգային շուկաներ դուրս գալու եւ «արտահանման» գործընթացները միակցելու համար։

Օրինակ` Հայաստանը դարձել է ազատ առեւտրի գօտու մասին պայմանագրի առանցքային օղակն Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ։ Նա թոյլ է տալիս երկրում ստեղծել աւելի որակեալ տնտեսական միջավայր եւ շարունակել Հիւսիս-հարաւ տրանսպորտային միջանցքը Ռուսաստանի ուղղութեամբ։

Փորձագէտը համոզւած է նաեւ, որ Հայաստանի եւ Ռուսաստանի յարաբերութիւններում առկայ որոշ խոցելի հարցեր կարելի է լուծել նաեւ ինքնուրոյն` Երեւանում։

«Օրինակ` հայ գնորդների համար ռուսական գազի գինն անհիմն բարձրացել են երկրի ներսում։ Այդ հարցը եղել է նախկին նախագահ Սարգսեանի հասցէին ընդդիմութեան քննադատութեան կարեւոր կէտերից մէկը, բայց Փաշինեանը կարող է լուծել «գազային խնդիրը» ոչ թէ Սոչիում կամ Մոսկւայում, այլ միայն հէնց Հայաստանում»։

Կարաւաեւի խօսքով` նոր վարչապետի առաջին արտասահմանեան ուղեւորութիւնը միայն նրա նորամուտն է միջազգային ասպարէզում։ Չարժէ դրանից զգալի փոփոխութիւններ սպասել երկրի քաղաքականութեան մէջ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։