Հա

Քաղաքական

16/05/2018

Ի՞նչ խնդրի է բախւելու Նիկոլ Փաշինեանը. նոր կաբինետի հնարաւորութիւնները

Հայաստանում նոր կառավարութիւն է ձեւաւորւել, բայց կարելի՞ է արդեօք խօսել հայկական քաղաքական Օլիմպոսում կտրուկ փոփոխութիւնների մասին...

«alikonline.ir» - Նոր թիմը դեռ առաջին քայլերն է անում, ու դեռ շուտ է դատողութիւններ անել արդիւնաւէտութեան կամ արդիւնաւէտութեան բացակայութեան մասին։ Սակայն այսօր քիչ թէ շատ հասկանալի է այն քաղաքական շրջանակը, որի սահմաններում գործելու է նոր կառավարութիւնը։ Այդ առնչությամբ հետաքրքիր է դիտարկել Նիկոլ Փաշինյանի կաբինետի հնարաւորութիւնների միջանցքները։ «Sputnik» Արմենիայում գրում է ՌՊՀՀ արտասահմանեան տարածաշրջանային ուսումնասիրութիւնների եւ արտաքին քաղաքականութեան ամբիոնի դոցենտ Սերգէյ Մարկեդոնովը:

 

Տեսէք` ով է եկել

Հայաստանի նոր կառավարութիւնը միատարր չէ։ Միաժամանակ դժւար է բնութագրել խմբերով, քանի որ շատ դժւար է չափանիշներ ընտրել տեսակաւորելու համար։

Նոր թիմի անդամներն առաջին հայեացքից յստակ բաժանւում են Նիկոլ Փաշինեանի կողմնակիցների, որոնք հետեւողականօրէն նրա հետ ելոյթ էին ունենում Սերժ Սարգսեանի քաղաքականութեան դէմ ու նախկինում չեն աշխատել գործադիր իշխանութիւնում։ Երկրորդ խմբում փորձառու բիւրոկրատներն են, որոնք նախկին իշխանութեան օրօք տարբեր ուղղութիւններով էին իրենց կարիերան կառուցում։ Իրականում պայմանական առաջին խմբում մեծամասնութիւն են կազմում «նորեկները» (Արարատ Միրզոյեանը, որն առաջին փոխվարչապետի պաշտօնը ստացաւ, փոխվարչապետ Տիգրան Աւինեանը, սփիւռքի նախարար Մխիթար Հայրապետեանը): Բայց այնտեղ կայ նաեւ Արտակ Զէյնալեանը` «Ելք» խմբակցութեան անդամը, որը 1998-2001 թւականներին աշխատում էր առողջապահութեան նախարարութիւնում, իսկ նոր կառավարութիւնում ստանձնեց արդարադատութեան նախարարի պաշտօնը։

Նախարարների կաբինետի նոր կազմը հրապարակելուց յետոյ լոյս տեսած բազում նիւթերում հայկական կառավարութեան կտրուկ երիտասարդացման մասին դրոյթ է յիշատակւում։ Ինքը` վարչապետը 43 տարեկան է, Արարատ Միրզոյեանը` 38, Տիգրան Աւինեանը` 29, Մխիթար Հայրապետեանը` 28, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը` 35։ Սակայն այդ եզրակացութիւնն էլ միայն կիսով չափ է արդարացի, քանի որ արդարադատութեան նախարար Արտակ Զէյնալեանը 49 տարեկան է, պաշտպանութեան նախարար Դաւիթ Տոնոյեանը` 50, ոստիկանապետ Վալերի Օսիպեանը` 50, իսկ արտգործնախարար Զոհրաբ Մնացականեանը` 52։ Ընդ որում` «երիտասարդութեան» որոշ ներկայացուցիչներն արդէն որոշակի քաղաքական փորձ ունեն։ Արարատ Միրզոյեանը Ազգային ժողովի պատգամաւոր էր, իսկ Տիգրան Աւինեանը` Երեւանի Աւագանիում ներկայացնում էր «Ելք» դաշինքը։

Նոր կառավարութիւնը նաեւ յեղափոխական կառավարութիւն են անւանում։ Իսկապէս, այն կազմւեց «թաւշեայ յեղափոխութեան» արդիւնքում։ Նոր թիմում կարելի է նաեւ հին դեմքեր տեսնել։ Պաշտպանութեան նախարարի պաշտօնը (որը չափազանց կարեւոր է Ադրբեջանի հետ տարիներ շարունակ հակամարտութեան մէջ գտնւող Հայաստանի համար) զբաղեցրեց Դաւիթ Տոնոյեանը, որն արդէն աշխատել է ՊՆ-ում, յետոյ ղեկավարել է արտակարգ իրավիճակների նախարարութիւնը։

Արտգործնախարար դարձաւ կադրային դիւանագէտ Մնացականեանը։ Նախկինում նա ներկայացնում էր Հայաստանը ՄԱԿ-ում։ ՀՀ նոր արտգործնախարարն աշխատել է Լոնդոնում Հայաստանի դեսպանատանը, նախարարութեան կենտրոնական աշխատակազմում, Եւրոպայի Խորհրդում Ստրասբուրգում ու Ժնեւում ՄԱԿ-ի կառոյցներում։ Սակայն երեւանեան մի շարք փորձագէտների կարծիքով` նոր կառավարութեան բացասական կողմերից է արցախեան բանակցութիւններին մասնակցելու փորձի պակասը (իսկ այդ հարցը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի համար առանցքային է)։ Ինչեւիցէ, ՄԱԿ-ի ամբիոնը ցանկացած դիւանագէտի համար փորձ ու գործնական գիտելիք ձեռք բերելու վատ հարթակ չէ։ Կառավարման մեծ փորձ ունի նաեւ Ատոմ Ջանջուղազեանը, որը հաստատւել է ֆինանսների նախարարի պաշտօնում։ Նա որպէս գլխաւոր գանձապետ համակարգել է բիւջետային ծախսերը։

2018 թւականի մայիսին Վալերի Օսիպեանը դարձաւ ոստիկանապետ։ Այսօր շատ են կատակում, որ Օսիպեանն արդէն երկար տարիներ «Փաշինեանի ստւերն» է։ Նրանց ճանապարհները 2015 թւականին հատւել են «Էլեկտրիկ Երեւանի» ժամանակ, նաեւ 2016 թւականի զանգւածային ակցիաների ժամանակ, որոնք յաջորդեցին «Սասնայ ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրաւմանը, եւ վերջապէս այս տարւայ ապրիլին։ Վերոնշեալ բողոքի ակցիաների ժամանակ նա իրեն դրսեւորել է որպէս փորձառու բանակցող, որը չի շտապում դիմել «վերջին փաստարկին»` ուժին։

 

Ժամանակաւո՞ր կառաւարութիւն, թէ՞ ազգային համերաշխութեան կաբինետ

Նոր թիմում են ներկայացւած են «Ելքի» անդամները, դաշնակցականներն ու «Ծառուկեան» դաշինքի անդամները։ Միաժամանակ ՀՅԴ-ը կոալիցիա էր կազմում իշխող Հանրապետականի հետ։ Երկու նոր նախարարները (Արծւիկ Մինասեանն ու Արթուր Խաչատրեանը) համագործակցում էին նախկին իշխանութեան հետ։ Ու թէեւ ապրիլեան բողոքի ակցիաների ժամանակ Գագիկ Ծառուկեանը իրեն որպէս ընդդիմադիր էր ներկայացնում, նրա համախոհները սատարեցին նախագահ Արմէն Սարգսեանի թեկնածութեան առաջադրմանը, իսկ խորհրդարանական խմբակցութեան մի մասը քւէարկեց Սերժ Սարգսեանի` որպէս վարչապետի թեկնածութեան հաստատման օգտին։ Նախորդ իշխանութեան օրօք տարբեր տարիներին «ծառուկեանական» Արթուր Գրիգորեանն ու Հրաչեայ Ռոստոմեանը հասցրել են նախարարական աթոռներ զբաղեցնել։ Փաշինեանի թիմում նրանք ստացել են համապատասխանաբար էներգետիկայի ու արտակարգ իրավիճակների նախարարների պաշտօնները։

Սակայն նոր կաբինետը ազգային համերաշխութեան կառավարութիւն համարելու համար մի մանրուք է պակասում. Այնտեղ հանրապետականներ չկան։ Ոչ թէ մարդիկ, որոնք ՀՀԿ-ի օրօք բարձրանում էին պրոֆեսիոնալ կառավարիչների աստիճաններով, այլ հէնց «կուսակցական» կադրեր»։

Նիկոլ Փաշինեանը բազմիցս վստահեցրել է, որ նախորդների նկատմամբ հաշւեհարդար չի լինելու։ Եւ այն, որ իր կառավարութիւնը փոխզիջումների ու այլ քաղաքական ուժերի հետ բարդ պայմանաւորւածութիւնների արդիւնք է, հաստատում է այդ դրոյթը։ Ակնյայտ է, որ տեղի է ունեցել կադրային յաջորդականութիւն, այլ ոչ թէ կառավարման համակարգի «հիմքային» վերացում։ Սակայն փողոցային ակտիւիստների շարքում այլ տրամադրութիւններ են տիրում։ Արեւելաեւրոպական փորձից մեզ ծանօթ «իւստրացիա» բառը ժամանակ առ ժամանակ յայտնւում է համացանցային քննարկումներում, բլոգերների մեկնաբանութիւններում։ Բայց նոր վարչապետի առաջին քայլերից մենք տեսնում ենք, որ նա չի շտապում փողոցից լիովին անցնել կաբինետային աշխատանքի։ Իր կողմնակիցների հետ մեդիաշփումը շարունակում է մնալ Փաշինեանի իւրայատուկ ոճը։

Նոր կաբինետը փաստացի անցումային է։ Այս պայմաններում ստիպւած է գոյատեւել Ազգային ժողովի հետ, որում հանրապետականները մեծամասնութիւն են կազմում, իսկ նրանք ասոցացւում են նախորդ նախագահի ու կառավարութեան հետ։ Այսինքն նոյնիսկ հիմա, երբ Հայաստանն ունի նոր վարչապետ, նախարարների նոր թիմ, դեռ անհնար է խօսել իշխանափոխութեան գործընթացի ավարտի մասին։ Ու հաստատ չէ, որ ՀՀԿ-ն ողջունելու է Փաշինեանի կառավարութեան բոլոր նախաձեռնութիւնները։ Հաստատ չէ, որ բացայայտ տորպեդաւորելու է դրանք։ Սակայն հնարաւոր է` որոշակի հակազդեցութիւն լինի։

Կովկասի ինստիտուտի տնօրէն Ալեքսանդր Իսկանդարեանը արդարացիօրէն նշել է. «Փաշինեանի համար հիմնական դժւարութիւնը բնակչութեան սպասելիքներն են, որոնք այդքան էլ իրականանալի չեն։ Դրանք այն սպասելիքներն են, որ եթէ մօտ 100 մարդ հեռացւի իշխանութիւնից, ապա Հայաստանը կը վերածւի Շւէյցարիայի, կը գայ երջանկութիւնը, արդարութիւնը զարգացման եւ կոմպետենտութեան հետ միաժամանակ։ Դա խնդիր է, որին կը բախւի Փաշինեանը, ինչպէս բախւում են այսպիսի փոփոխութիւնների բոլոր առաջնորդները»։ Ու որպէս հետեւանք` արդիական է մնում այնպիսի տեխնոլոգիաների պահանջը, ինչպիսիք են «ուղիղ շփումը ժողովրդի հետ», նոր թիմի խիստ հակադրութիւնը նախորդներին, ներառեալ (չի բացառւում)` նախորդ կուսակցութեան վրայ ճնշում գործադրելը։

Սակայն խորհրդարանական մոդելը, որին Հայաստանն անցել է սահմանադրական բարեփոխումներից յետոյ, նոր թիմին լիակատար ազատութիւն չի տալիս։ Եթէ միայն նոր ընտրութիւնների ժամանակ նրանք չստանան հարիւր տոկոս քւէներ կամ դրան մօտ մի բան։ Այսպիսին է խորհրդարանական Հանրապետութեան տրամաբանութիւնը։ Ցանկացած այլ արդիւնք կը ստիպի փոխզիջումների ու բանակցութիւնների գնալ։

Հիմա Հայաստանի նոր կառավարութիւնը կանգնած է հին խնդիրների, հասարակութեան չափազանց բարձր ակնկալիքների եւ արագ ու պարզ լուծումների անհնարինութեան առաջ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։