Հա

Քաղաքական

30/05/2018 - 09:00

ԵԽԽՎ համազեկուցողները մտահոգւած են նախկին իշխանութիւնների նկատմամբ «ատելութեան խօսքից»

Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի մոնիթորինգի հարցերով համազեկուցողներ Ջուզզեպէ Գալատին ու Իւլիա Լովոչկինան շնորհաւորեցին բոլոր քաղաքական ուժերին եւ, նախեւառաջ, հայ ժողովրդին, վերջին ցոյցերի ընթացքում դրսեւորւած զսպւածութեան, քաղաքական հասունութեան եւ Հայաստանում իշխանափոխութեան համար, որը խաղաղ եւ սահմանադրական դրոյթներին եւ սկզբունքներին համապատասխան է կայացել:

«alikonline.ir» - Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի մոնիթորինգի հարցերով համազեկուցողներ Ջուզզեպէ Գալատին ու Իւլիա Լովոչկինան շնորհաւորեցին բոլոր քաղաքական ուժերին եւ, նախեւառաջ, հայ ժողովրդին, վերջին ցոյցերի ընթացքում դրսեւորւած զսպւածութեան, քաղաքական հասունութեան եւ Հայաստանում իշխանափոխութեան համար, որը խաղաղ եւ սահմանադրական դրոյթներին եւ սկզբունքներին համապատասխան է կայացել: Յայտնւմ է «news.am»-ը:

«Իշխանութեան փոփոխութեան այս եղանակը եւ այնուհետեւ վարչապետ Փաշինեանի կողմից կառավարութեան նշանակումն ընդգծում է քաղաքական համակարգի հասունութիւնը, ինչպէս նաեւ՝ քաղաքական բոլոր ուժերի յանձնառութիւնը՝ երկրում ժողովրդավարութեան ամրապնդմանը։ Այս առումով  բոլոր քաղաքական ուժերին պէտք է գովաբանել»,- ասւում է համազեկուցողների յայտարարութեան մէջ։

Նրանք նշել են, որ հայ ժողովուրդը երկրում խորը եւ արագ բարեփոխումներ կատարելու մեծ սպասելիքներ ունի նոր իշխանութիւններից:

Այս համատեքստում համազեկուցողներն ընդգծել են, որ ստեղծւած են բոլոր անհրաժեշտ պայմանները երկրում ժողովրդավարական բարեփոխումների շարունակականութեան ու ազգային անվտանգութեան ապահովման համար:

Միեւնոյն ժամանակ համազեկուցողները վերահաստատել են իրենց մտահոգութիւնները՝ նախկին իշխանութիւնների նկատմամբ սոցիալական ցանցերում տարածւած «ատելութեան» կապակցութեամբ եւ կոչ են արել բոլոր քաղաքական ուժերին քննադատել այն։

Մայիսի 23-25-ը Հայաստան կատարած այցի ժամանակ համազեկուցողներին տեղեկացրել են արտահերթ ընտրութիւններ անցկացնելու իշխանութիւնների ցանկութեան ու դրանց անցկացման անհրաժեշտութեան մասին։

Նշւում է, որ իշխանութիւններն ընտրութիւնների ժողովրդավարական անցկացման ապահովման համար ցանկանում են փոփոխել ընտրական օրէնսգիրքը՝ հիմնւելով բոլոր քաղաքական ուժերի միջեւ լայն կոնսենսուսի վրայ։

Համազեկուցողները նշել են, որ լիովին հասկանում են արտահերթ ընտրութիւնների անցկացման կոչերը, սակայն ընդգծել են, որ պէտք է պահպանւեն Վենետիկի յանձնաժողովի չափանիշները՝ համաձայն որոնց ընտրութիւններից առաջ պէտք է կայունացւի ընտրական օրէնսդրութիւնը, ինչպէս նաեւ կարիք կայ քաղաքական ուժերին բաւարար ժամանակ տալ՝ արտահերթ ընտրութիւններին նախապատրաստւելու համար։

Համազեկուցողները ողջունել են նոր իշխանութիւնների ցանկութիւնը՝ շարունակել երկրում մարդու իրաւունքների հետ կապւած բարեփոխումները: Այս առումով նրանք յոյս են յայտնել, որ խտրականութեան դէմ պայքարի օրէնքը կընդունւի, ինչպէս նաեւ Ստամբուլի ու Լանզարոտի կոնւենցիաների վաւերացումը շուտով կը լինի Ազգային ժողովի օրակարգում։

Համազեկուցողները շեշտել են Եւրոպայի խորհրդի ու ԵԽԽՎ պատրաստակամութիւնը՝ աջակցել Հայաստանին ժողովրդավարութեան ամրապնդման ճանապարհին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։