Հա

Քաղաքական

12/06/2018 - 12:40

Նախիջեւանի կողմից սպառնալիքն աճում է. ահազանգում են փորձագէտները

Թուրքիան Ադրբեջանի թոյլտւութեամբ ամրապնդում է իր ներկայութիւնը Նախիջեւանում։ Դրան զուգահեռ Ադրբեջանն իր մարտական դիրքերը մօտեցնում է հայկականին։

«alikonline.ir» - Թուրքիան Ադրբեջանի թոյլտւութեամբ ամրապնդում է իր ներկայութիւնը Նախիջեւանում։ Դրան զուգահեռ Ադրբեջանն իր մարտական դիրքերը մօտեցնում է հայկականին։

Թուրք-ադրբեջանական տանդեմը սպառնում է Հայաստանին Նախիջեւանի տարածքից, որքան էլ ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը փորձի հանգստացնել հասարակութեանը։ Այդ մասին յունիսի 11-ին մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցութեան առաջնորդ Արամ Սարգսեանը։ Տեղեկացնում է «Sputnik» Արմենիան:

Քաղաքական գործչի խօսքով` Նախիջեւանում Ադրբեջանի ակտիւութիւնը, մարտական դիրքերի ամրապնդումը եւ հռետորութեան խստացումը վկայում են, որ Բաքուն յոյսեր չի կապում Արցախի շուրջ բանակցային գործընթացի հետ։

«Բանակցութիւնները կարող են փակուղի մտնել, եւ այդ ֆոնին Նախիջեւանում նախապատրաստութիւնները չեն կարող անհանգստութիւն չառաջացնել։ Հայկական դիւանագիտութեան խնդիրն է ակտիւօրէն քննարկել այս խնդիրն արտասահմանեան գործընկերների հետ։ Պէտք է առաջ ընկնել, չի կարելի թոյլ տալ նւազագոյն անգործութիւն»,- ասաց Սարգսեանը։

Նրա հետ համամիտ է Արտակարգ եւ լիազօր դեսպան Արման Նաւասարդեանը։ Նա կարծում է, որ Նախիջեւանի ուղղութեամբ թուրք-ադրբեջանական ակտիւութեան հարցում Հայաստանը պէտք է միջազգային համաժողով գումարի եւ ընդլայնումը կանխելու ուղիներ ու մեխանիզմներ գտնի։

Քաղաքագէտ Երւանդ Բոզոյեանն իր հերթին կարծում է, որ հայ հասարակութիւնը վարդագոյն ակնոցով է նայում տարածաշրջանային իրավիճակին` մոռանալով, որ նոյն Թուրքիան Սիրիայում կարողացաւ իր օգտին լուծել քրդերի խնդիրը։ Քրդերի հարցը լուծելով Աֆրինում` Թուրքիան հիմա արշաւ է սկսում Մանբիջում` չհանդիպելով առաջատար գերտէրութիւնների դիմադրութեանը։ Հիմա, երբ Անկարան ու Բաքուն փաստացիօրէն սպառնում են Հայաստանին Նախիջեւանի կողմից, Երեւանը բոլոր մակարդակներում պէտք է բարձրացնի այդ խնդիրը` զուգահեռաբար ուժեղացնելով իր բանակը։

«Մենք պէտք է ակտիւացնենք համագործակցութիւնը մեր ռազմավարական գործընկերների հետ, պէտք է նրանց ուշադրութիւնը սեւեռենք խնդրի վրայ։ Իրավիճակին վտանգ է հաղորդում նաեւ Իրանի դէմ Արեւմուտքի նոր պատժամիջոցների հեռանկարը։ Ինձ թւում է` Արեւմուտքի հակաիրանական քայլերը կարող են Թուրքիայի համար կանաչ լոյս վառել տարածաշրջանում։ Ոչ մի դէպքում չի կարելի նման բան թոյլ տալ»,- համոզւած է Բոզոյեանը։

Յիշեցնենք` աւելի վաղ Ադրբեջանի զինւած ուժերը յայտարարել են, որ ռազմավարական բարձունքներ եւ գիւղ են գրաւել Նախիջեւանում` Հայաստանի հետ սահմանին, որտեղ նախկինում գտնւել են Հայաստանի դիրքերը, ինչպէս նաեւ «իրենց վերահսկողութեան տակ են վերցրել մօտ 11 հազար հեկտար տարածք, որից աւելի քան 8 հազարը պիտանի է հողագործութեան համար»։

Հայաստանի պաշտպանական գերատեսչութիւնը հերքում է Նախիջեւանի ուղղութեամբ ակտիւ գործողութիւնների փաստը` նշելով, որ վերոյիշեալ բնակավայրը միշտ եղել է հայկական ստորաբաժանումների դիրքերի դիմաց եւ շարունակում է գտնւել ուղիղ տեսանելիութեան գօտում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։