Հա

Քաղաքական

07/07/2018 - 14:20

ԼՂ շուրջ բանակցութիւնները ներկայ փուլում՝ փակուղի, թէ վերադիրքաւորում «ռէստարտից» առաջ

Վերջին օրերին կրկին ակտիւօրէն շրջանառւում է այն տեսակէտը, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմը կամ գոնէ իրավիճակի սրումն անխուսափելի է, եւ դա միայն ժամանակի հարց է։ Նման հոռետես կանխատեսումների համար հիմք են տալիս տեւական ժամանակ բանակցութիւնների բացակայութիւնը եւ կողմերի դիրքորոշումների որոշակի կոշտացումը։ Պայմանաւորւած ներքաղաքական զարգացումներով՝ ԼՂ շուրջ բարձր մակարդակի բանակցութիւններում դադար էր, եւ այն ենթադրւում է, որ կը վերսկսւի նոր իշխանութիւնների ձեւաւորումից յետոյ։

ԱՆՆԱ ՄԿՐՏՉԵԱՆ

 

Վերջին օրերին կրկին ակտիւօրէն շրջանառւում է այն տեսակէտը, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմը կամ գոնէ իրավիճակի սրումն անխուսափելի է, եւ դա միայն ժամանակի հարց է։ Նման հոռետես կանխատեսումների համար հիմք են տալիս տեւական ժամանակ բանակցութիւնների բացակայութիւնը եւ կողմերի դիրքորոշումների որոշակի կոշտացումը։ Պայմանաւորւած ներքաղաքական զարգացումներով՝ ԼՂ շուրջ բարձր մակարդակի բանակցութիւններում դադար էր, եւ այն ենթադրւում է, որ կը վերսկսւի նոր իշխանութիւնների ձեւաւորումից յետոյ։

Սակայն գործընթացներն ունեցան այլ զարգացումներ։ Եթէ Ադրբեջանում, ինչպէս եւ սպասւում էր, Իլհամ Ալիեւը, ֆորմալ ունենալով բնակչութեան 80 տոկոսից աւելի քւէն, վերընտրւեց նախագահի պաշտօնում, ապա Հայաստանում յեղափոխութեան ալիքի վրայ ձեւաւորեց ժողովրդի վստահութիւնը վայելող նոր կառավարութիւն, ինչը չէր կարող չազդել ԼՂ բանակցութիւնների վրայ։

Մայիսի 9-ին վարչապետ Փաշինեանը Ստեփանակերտում յայտարարեց, որ հակամարտութեան լիարժէք կողմերից մէկը՝ Արցախի Հանրապետութիւնը պէտք է լինի բանակցութիւնների լիարժէք կողմ։ Հետագայում այս միտքն արտացոլւեց նաեւ կառավարութեան ծրագրում, որտեղ նշւում է, որ Արցախը որպէս հակամարտութեան հիմնական կողմ պէտք է որոշիչ ձայն եւ ներգրաււածութիւն ունենայ իրական եւ տեւական խաղաղ հանգուցալուծման գործընթացում:

Հայաստանի նոր իշխանութիւնների միւս կարեւոր ուղերձը ԼՂ բանակցութիւնների համատեքստում այն է, որ Հայաստանը հաւատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդութեամբ հարցի բացառապէս խաղաղ կարգաւորմանը, եւ որ պէտք է ձեւաւորւի խաղաղութեանը նպաստող մթնոլորտ։

Իսկ Ադրբեջանի «նորընտիր» իշխանութիւնները որդեգրել են բացայայտ միլիտարիստական մօտեցում, եւ հարկադրման դիւանագիտութիւնից, կարելի է ասել, անցել են «վախեցնելու» գործելոճին, երբ ուժի կիրառման սպառնալիքին զուգահեռ իրականացւում է ուժի ցուցադրում, հնչում են անթաքոյց կոչեր ուժային լուծումների նախապատւութեան եւ դրանց վերահասութեան մասին։

Դեռեւս ապրիլից սկսած ԼՂ շփման գծում նկատելի էին ադրբեջանան զինուժի կուտակումներ, այնուհետեւ ականատես եղանք նախիջեւանեան սադրանքին։ Այս օրերին էլ ադրբեջանական զինուժը մեծամասշտաբ զօրավարժութիւններ է իրականացնում։ Տպաւորութիւնն այն է, որ Ադրբեջանում կայ բանակցային փաստարկների պակաս եւ նաւթադոլարներով ձեռք բերւած զէնքի աւելցուկ, այդ իսկ պատճառով նախապատւութիւն տրւում է ռազմական լուծումներին, որն ուղեկցւում է հայատեացութեան աննախադէպ քարոզով։ Ադրբեջանական պրոպագանդան ջանք չի խնայում շրջանառութեան մէջ պահել այն նորայայտ քարոզչական հնարքը, ըստ որի՝ Հայաստանի նոր իշխանութիւնները հակառուսական են, ուստի Ռուսաստանը կօգնի Ադրբեջանին վերադարձնել Լեռնային Ղարաբաղը՝ նոյնիսկ ուժային ճանապարհով, քանի որ Հարաւային Կովկասում ՌԴ միակ վստահելի դաշնակիցը Ադրբեջանն է։ Այս մօտեցման շրջանակներում է, որ եւրասիականութեան ջատագով Դուգինն ու ընկերները հաւաքւել էին Արցախի հետ շփման գծի բաւականին խորհրդանշական մի վայրում, եւ միմեանց հերթ չտալով գովաբանում էին Ադրբեջանին՝ նրան նւիրելով «Ղարաբաղը»։ Դուգինի եւ նրա նմանների հաշւարկը պարզ է թւում՝ Ադրբեջանին բերել եւրասիականութեան ծիրի մէջ, եթէ պէտք է Հայաստանի ու ԼՂ հաշւին։

Ադրբեջանի նորելուկ ռուսասիրութիւնն ու Հարաւային Կովկասում Ռուսաստանի միակ վստահելի գործընկերոջ դիրքից հանդէս գալն էլ կարելի է հասկանալ։ Փորձում են այդ կերպ ստանալ ռուսական աջակցութիւնը ԼՂ հարցում, ինչպէս նաեւ լուծում են ներքաղաքական խնդիրներ։ Պարզ չէ, թէ որտեղ կը հասնի այս ամէնը, եւ ինչքանով է այն վայելում ռուսական պաշտօնական շրջանակների հաւանութիւնը։

Այս համատեքստում առաջին արձագանքը, որ կարելի է սպասել Հայաստանի կողմից, այն է, որ պէտք է վերահաստատւի Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցութեան յանձնառութիւնը։ Սակայն միաժամանակ պէտք է խուսափել չափազանց հաւատարիմ լինելու կերպարից ու Ադրբեջանի հետ ռուսասիրութեան մրցոյթի մէջ մտնելուց։ Կայ ժամանակով փորձւած հայ-ռուսական բարեկամութիւն, կան շահեր եւ հաւասարութեան հիման վրայ համագործակցութիւնը շարունակելու կամք։

Միաժամանակ, եթէ ադրբեջանական թեզը ճիշտ է, որ նա է մնացել տարածաշրջանում միակ գործընկերը, դա պէտք է անհանգստացնի հէնց Ռուսաստանին եւ ստիպի նրան վերանայել իր քաղաքականութիւնը, որի արդիւնքում ամենահաւատարիմ դաշնակցի համբաւ ունեցող Հայաստանը հեռացել է ռուսական ազդեցութեան գօտուց։

Ինչեւէ, հարկ է նշել, որ ընթացիկ դիրքային վերադասաւորումներում հայկական կողմը ապաւինում է դիւանագիտական ու քաղաքական միջոցներին, որպէս ժողովրդավարական արժէքներ կրող, դէ իսկ Ադրբեջանը շարժւում է տոտալիտարիզմի լաւագոյն աւանդոյթներով՝ տանկեր, հրթիռներ, արտաքին թշնամի, ամենափրկիչ առաջնորդ, ծանրաշունչ քարոզ եւ այլն։ Այստեղ չպէտք է մոլորութիւն լինի, որ ժողովրդավարական պասիֆիզմը պարտւողականութիւն է։

Խաղաղութիւնը նախընտրելը չի նշանակում պատերազմելուց վախենալ։ Այն նշանակում է մարդու եւ նրա կեանքի արժեւորում ու ռացիոնալ ճանապարհով, ողջամիտ փոխզիջումների հիման վրայ խնդրի լուծում։

Ակնկալենք, որ իրադարձութիւնները կը զարգանան այս ուղով, եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցութիւնները շուտով կը վերսկսւեն, ինչը կը նւազեցնի նաեւ ռազմական բախման կանխատեսւող հաւանականութիւնը։

«panorama.am»

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։