Հա

Քաղաքական

08/07/2018

Բռնեցին, բաց թողեցին. ինչու են աղմկայարոյց բացայայտումների հերոսները կրկին ազատութեան մէջ

Ուժային կառոյցների աշխատանքի նրբութիւնները չիմացող մարդկանց մօտ տպաւորութիւն է ստեղծւում, որ վերջին կալանաւորումները, բացայայտումներն ու ձերբակալութիւնները բեմադրւածութեան տարր են պարունակում:

«alikonline.ir»- Վերջին շրջանի կալանաւորումները, ձերբակալութիւններն ու խուզարկութիւնները տարօրինակ տպաւորութիւն են թողնում։ Գրում է «Sputnik» Արմենիան:

Ուժային կառոյցների աշխատակիցները ներխուժում են ենթադրեալ յանցագործի տուն, գրասենեակ, ամառանոց, խուզարկութիւն են իրականացնում, մի կոյտ փող են գտնում, զէնք եւ նոյնիսկ թմրանիւթեր, յետոյ այդ մարդկանց մեկուսարան են տանում, այս ամէնը մեծ հանդիսաւորութեամբ տարածւում է մամուլում, ռեպորտաժներ են պատրաստւում գումարների իւրացման, ապօրինի (երբեմն նաեւ օրինական) զէնքի մասին, բայց մէկ-երկու օր անց այդ մարդկանց բաց են թողնում` գրաւի, երկրից չհեռանալու մասին ստորագրութեան դիմաց։

Ճիշտ է` առանձին դէպքերում կալանաւորման մասին որոշումներ էլ են լինում, օրինակ` պատգամաւոր եւ գեներալ Մանուէլ Գրիգորեանի դէպքում։

Վերոնշեալն առաւել արդիական է նախկին նախագահ եւ վարչապետ Սերժ Սարգսեանի եղբայրների պարագայում։ Կրտսեր եղբայրը` Լեւոնը, նրա որդին եւ դուստրն այս պահին մեղադրւում են ապօրինի հարստացման համար, քրէական գործ է հարուցւել։ Աւելի վաղ յայտնի էր դարձել, որ «JLJ Project Company» ՍՊԸ-ի բաժնետէր Նարեկ Սարգսեանի մօտ խուզարկութիւն իրականացնելու ժամանակ յայտնաբերւել են որպէս աւանդ ՀՀ-ում գործող բանկերից մէկում ներդրւած շուրջ 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար գումարով աւանդի չյայտարարագրւած պայմանագրեր: Երեքի նկատմամբ որպէս խափանման միջոց է ընտրւել ստորագրութիւնը չհեռանալու մասին: Նախաքննութիւն է ընթանում։

Նախկին նախագահի միւս եղբայրը` Ալեքսանդր Սարգսեանը, որն աւելի շատ յայտնի է Սաշիկ անունով, յունիսի 28-ին բերման ենթարկւեց ոստիկանութիւն, նրա աւտոմեքենայի մէջ զէնք յայտնաբերեցին։ Հետագայում պարզւեց, որ զէնքն օրինական է, իսկ Սարգսեանին ազատ արձակեցին։ Սրանով, սակայն, Սաշիկ Սարգսեանի անյաջողութիւնները չաւարտւեցին։ Յուլիսի 4-ին ԱԱԾ աշխատակիցները գրեթէ 9 ժամ խուզարկեցին Սարգսեանի տունը։ Յատուկ գործողութիւնների արդիւնքների մասին յաջորդ օրը ԱԱԾ-ն ռեպորտաժ հրապարակեց։ Սարգսեանի եւ նրա որդու` Նարեկի գործունէութեան ծաւալները իսկապէս ապշեցրին։ Գումարներ, թմրանիւթեր, ոսկեայ զարդեր, թանկարժէք աւտոմեքենաներ. սա նախկին նախագահի զարմիկի «սխրանքների» համառոտ նկարագրութիւնն է։ Միեւնոյն ժամանակ Ալեքսանդր Սարգսեանի միւս որդին` Հայկը, մեղադրւում է 2007 թւականին մահափորձ կատարելու համար։ Հայկ Սարգսեանն ու նրա հայրը դեռ ազատութեան մէջ են, իսկ Նարեկը, ինչպէս պարզւեց, յունիսի 22-ին Ռուսաստան է մեկնել։ Հայրենիքում նրա նկատմամբ հետախուզում է յայտարարւել: Հետախուզւում է նաև Սերժ Սարգսեանի եղբայր Լեւոն Սարգսեանը։

Ուժային կառոյցների աշխատանքի նրբութիւնները չիմացող մարդկանց մօտ տպաւորութիւն է ստեղծւում, որ վերջին կալանաւորումները, բացայայտումներն ու ձերբակալութիւններն աւելի շուտ բեմադրւած են։ Նախ` ինչո՞ւ են նման լուրջ յանցանքների մէջ կասկածւող մարդիկ կրկին յայտնւում ազատութեան մէջ, եւ ո՞ւր են երաշխիքները, որ նրանք չեն խուսափի արդարադատութիւնից։ Ասւածը վերաբերում է ոչ միայն նախկին նախագահի բարեկամներին, այլեւ, օրինակ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրէն Արա Վարդանեանին։ Յայտարարւեց, որ նա իւրացրել է հիմնադրամի միջոցները` տարբեր առցանց խաղատներում խաղադրոյքներ կատարելով, հասարակութիւնը ապշեց, բարկացաւ, հիասթափւեց, բայց յուլիսի 5-ին` ձերբակալութիւնից մի քանի օր անց, նրան ազատ արձակեցին, 2 հազար դոլար գրաւի դիմաց։

Վերադառնանք Սարգսեաններին։ Ինչպէ՞ս է Սաշիկի աւագ որդին` Նարեկը, կարողացել Մոսկւա մեկնել։ Չէ՞ որ տրամաբանութիւնը յուշում է, որ այդ երիտասարդն առնւազն մէկ ամիս առաջ պէտք է արդէն յայտնւած լինէր յատուկ ծառայութիւնների ուշադրութեան կենտրոնում` հաշւի առնելով Հայաստանի քաղաքական իրավիճակի կտրուկ փոփոխումը։ Յիշեցնենք, որ Նիկոլ Փաշինեանը դեռ վարչապետ ընտրւելուց առաջ խոստացել էր, որ վենդետա չի լինելու, սակայն միեւնոյն ժամանակ նա ուժային կառոյցներին յանձնարարել է ազատւել քրէածին եւ կիսաքրէածին տարրերից։

Չի բացառւում, որ խորհրդարանական արտահերթ ընտրութիւնների նախաշեմին վարչապետ Փաշինեանը որոշակի մեսիջ է ուղարկում իր նախորդին` հասկացնելով, որ զերծ մնայ ռեւանշիստական ծրագրերից։ Սերժ Սարգսեանի բարեկամների նկատմամբ քրէական գործեր հարուցելը նշանակում է, որ վաղ թէ ուշ կարող են նաեւ նրան հասնել։ Սեղմելով օղակը նախկին նախագահի շուրջ` Նիկոլ Փաշինեանը նեղացնում է Սարգսեանի դաշտը հետագայ մանեւրումների եւ քաղաքական կոմբինացիաների համար։ Սա գործող վարկածներից մէկն է։ Եւս մէկ վարկած` վարչապետի համար այժմ չափազանց կարեւոր է պահպանել եւ բազմապատկել իր քաղաքական կապիտալը, պահպանել իր բարձր վարկանիշը ընտրութիւններից առաջ։ Իսկ Սաշիկ Սարգսեանի տանը խուզարկութիւն իրականացնելը լաւագոյն միջոցն է ներկայիս յեղափոխական ոգեւորւածութիւնը պահպանելու համար։ Սակայն միեւնոյն ժամանակ այդ մարդկանց տները խուզարկելուց ու նրանց կարճաժամկէտ ձերբակալութիւններից այն կողմ գործը չի գնում։ Ակամայից յիշում ես յայտնի ասացւածքը. «Շանը վախեցրու, բայց մի՛ խփիր»։

Գաղտնի դաւադրութիւնների առանձին սիրահարներն աւելի հեռու են գնում` իրաւապահ մարմինների լոյալութիւնը բացատրելով Փաշինեանի եւ Սարգսեանի միջեւ ձեռք բերւած որոշակի պայմանաւորւածութիւններով։ Մասնաւորապէս, նշւում է, որ ապրիլին Սարգսեանի հրաժարականը նախապէս ծրագրւած «օպերացիա» էր, որի հիմնական նպատակը Արցախի հիմնահարցի վերաբերեալ բանակցութիւնների հետ կապւած իրավիճակը փոխելն է։

Վերջին օրերի իրավիճակը մեկնաբանելիս` ԱԱԾ պաշտօնաթող գնդապետ Արմենակ Մանուկեանը «Sputnik» Արմենիային յայտնեց, որ որեւէ տարօրինակ բան չի տեսնում ուժայինների գործողութիւններում։ Նրա խօսքով` գոյութիւն ունի անմեղութեան կանխաւարկած, եւ այդ մարդկանց չի կարելի նստեցնել, չի կարելի նրանց հետեւել, նրանց հեռախօսը լսել` առանց դատարանի համապատասխան որոշման։ Սա այն մասին, թէ ինչու ուժայինները ուշադրութիւնից դուրս թողեցին Նարեկ Սարգսեանին, եւ նա անխոչընդոտ հեռացաւ Հայաստանից։ Մանուկեանի խօսքով` պէտք է գործել բացառապէս օրինական մեթոդներով, այլապէս ապօրինութեան էմ պայքարում հերթական ապօրինութիւնը կը լինի։

«Ուժայինների ներկայիս գործողութիւններին անհրաժեշտ է առանց աւելորդ էմոցիաների վերաբերւել։ Պէտք է հասկանալ, որ իրաւապահ մարմինները սեփական նկատառումներն ունեն տեղի ունեցողի վերաբերեալ։ Նրանք իրենց աշխատանքն են կատարում եւ պետք է զերծ մնան էյֆորիայից»,- ասաց Մանուկեանը։ Մեր զրուցակիցը որեւէ «շեղում» չի տեսնում քննչական մարմինների եւ յատուկ ծառայութիւնների աշխատանքում։

Յատուկ ծառայութիւնների վետերանի խօսքերն անուղղակիօրէն հաստատում է Փաշինեանի յայտարարութիւնը, որը նա արել է յուլիսի 5-ին Սիւնիքի մարզ իր աշխատանքային այցի ժամանակ։ Վարչապետը, մասնաւորապէս, նշել է, որ մտադիր չէ լցնել բանտերը, եւ որ պէտք է խուսափել «37 թւականի» մթնոլորտի հաստատումից։ Այլ կերպ ասած` բռնաճնշումներ իրականացնելը, ինչպէս, օրինակ, հարեւան Թուրքիայում է տեղի ունենում, մեր մեթոդը չէ։

Բռնաճնշումներ իսկապէս պէտք չեն։ Ուժային կառոյցներից չի կարելի պահանջել նաեւ օրէնքի սահմաններից դուրս աւելորդ դաժանութիւն կիրառել։ Սակայն տասնեակ տարիներով արմատացած անօրինականութեան մթնոլորտը, երբ օրէնքը գործում էր միայն հասարակ մահկանացուների համար, իսկ իշխանութեանը մօտ կանգնած անձինք օրէնքից վեր էին, քաղաքացիների գիտակցութեան մէջ սոցիալ-հոգեբանական ինքնադատաստանի որոշակի դետերմինանտներ է ծնել։ Մարդկանց դրանցից ազատելն ու «օրինական» դաշտ վերադարձնելը նոր իշխանութեան հիմնական խնդիրներից մէկն է։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։