Հա

Քաղաքական

14/07/2018

Ի՞նչ էր փնտրում եւ ի՞նչ գտաւ Փաշինեանը «բրիւսէլեան կաղամբի» մէջ

Արդէն պատմութիւն է ՆԱՏՕ–ի գագաթաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի Բրիւսէլ կատարած առաջին այցը, որտեղ նա մի շարք ճանաչողական հանդիպումներ է ունեցաւ համաշխարհային առաջնորդների հետ։ Փաշինեանը որոշ թեմաների մասով ամփոփել է այցի արդիւնքները մամուլի ասուլիսում եւ ճեպազրոյցում. ակնյայտ է, որ նա այցից աւելին էր ակնկալում:

«alikonline.ir» - Ուրիշ ի՞նչ կարելի էր ակնկալել ճանաչողական այցից, ընդ որում ճանաչողական հէնց Հայաստանի վարչապետի համար. Եւրոպայի եւ ՆԱՏՕ-ի երկրները սրտատրոփ սպասում էին Թրամփի հերթական անակնկալներին. նա հիանալի է իր անկանխատեսելիութեան մէջ, եւ միայն այդ սպասումը մթագնել է գործընկերների միւս ակնկալիքները։ Գրում է «Sputnik » Արմենիայի սիւնակագիր Ռուբէն Գիւլմիսարեանը:

Իսկ ինչ վերաբերում է անձնական մակարդակի յարաբերութիւններին, ապա տպաւորութիւն կայ, որ ամէն ինչ նորմալ է անցել։ Դէ հասկանալի է, որ նոյնիսկ առաջատար երկրների նախագահները եւ վարչապետները ռոբոտ չեն, մարդիկ են` միս եւ արիւնից։ Ու եթէ անձնական կապեր հաստատելու առումով էլ շփումը կարելի է յաջողւած համարել, ապա այդքան ներկայացուցչական համաժողովին առաջին մասնակցութիւնից աւելին պէտք չէր ակնկալել։

Այլ հարց է, որ Փաշինեանը, իր բնաւորութիւնից, իշխանութեան անցնելուց առաջ տւած խոստումներից եւ իր ստանձնած պարտաւորութիւններից, ինչպէս նաեւ` որոշ առումով անփորձութիւնից ելնելով, խօսում է կոնկրետ, առարկայական եւ նոյնն ակնկալում է միւսներից. երբ չկայ համաչափ արձագանգ, երբ ասւում են ընդհանուր արտայայտութիւններ, դա գնահատւում է` որպէս անհամապատասխանութիւն սպասելիքներին։

Հանդիպումներից յետոյ կայացած ճեպազրոյցում ՀՀ վարչապետն ասել է, որ Հայաստանում «թաւշեայ» յեղափոխութեան արդիւնքում տեղի ունեցած իշխանափոխութիւնից յետոյ ԵՄ քաղաքականութիւնը պաշտօնական Երեւանի նկատմամբ չի փոխւել, մնացել է այնպիսին, ինչպիսին եղել է 3-4 ամիս առաջ։

«Եւ մենք դա փաստում ենք` պէտք է կամ նւազեցնել այդ յայտարարութիւնների խանդավառութիւնը կամ փոխել քաղաքականութիւնը»,- նշել է Փաշինեանը։

Բացի այդ, ՀՀ վարչապետը եւս մէկ կարեւոր յայտարարութիւն է արել, որը, հաւանաբար ազդանշան է առ այն, որ Եւրոպայի եւ ՆԱՏՕ-ի ակնարկները ինքը հասկացել է, բայց եւ մնում է իր կարծիքին։ Դրա հետ, ի դէպ, չես վիճի, քանի որ, Փաշինեանի խօսքով՝ «ժողորդավարութիւնը մեզ համար ոչ թէ արտաքին քաղաքական դիրքորոշում է, այլ արժեհամակարգ։ Յուսով եմ, որ Եւրոմիութիւնը հէնց այդպէս է ընկալում իրավիճակը»։

Այստեղ արդէն ակնարկներ չկան. ըստ էութեան, Փաշինեանը յայտարարում է, որ Հայաստանում ժողովրդավարական հասարակութիւն եւ պետութիւն կառուցելը բոլորովին չի նշանակում արտաքին քաղաքական կողմնորոշումների վերանայում` յօգուտ Արեւմուտքի` ենթարկւելով նրա թելադրանքին։

Եւ եւս մէկ բացայայտում տհաճ անակնկալ է եղել Փաշինեանի համար, երբ խօսւել է Հայաստանում կոռուպցիայի դէմ պայքարի մասին։ «Կարծում եմ, որ մենք բաւական արդիւնաւէտ պայքարում ենք երկրում կոռուպցիայի դէմ։ Երբ մի եւրոպացի պաշտօնեայ ասաց, որ ինչ-որ ծրագրի շրջանակում նրանք պատրաստ են գումար տրամադրել Հայաստանին, ես, ի պատասխան, տւեցի յայտնի կոռուպցիոների անուն եւ ասացի. «Եթէ նրան լաւ թափ տանք, ապա նրա գրպաններից այդ գումարը կը թափւի»»,- ասել է ՀՀ վարչապետը։

Գումարը, որն առաջարկել են եւրոպական գործընկերները Հայաստանին, Փաշինեանն առաջարկել է պահել իրենց «սեւ օրւայ» համար եւ յաւելել է, որ Հայաստանում առկայ կոռուպցիայի մասշտաբների մասին հիանալի տեղեակ են եղել Եւրոմիութիւնում, բայց շարունակել են միլիոնաւոր եւրոներ տրամադրել, թէեւ դրանցից ոչ մի օգուտ չի եղել։

Փաշինեանը, իհարկէ, մի քիչ ուռճացնում է, ասելով, որ կարելի է «թափ տալ» կոռուպցիոներներին։ Նրանց թափ տալը դժւար է, նրանք նոյնպէս յիմար չեն։ Ընդհանրապէս կաշառքը դասւում է ամենադժւար ապացուցւող յանցագործութիւնների շարքը, բայց սկզբունքօրէն շեշտադրումը ճիշտ է եղել։

Եթէ մի կողմ թողնենք պարտադիր դիւանագիտական սակաւախօսութիւնը եւ կարդանք տողատակերը, ապա վարչապետի խօսքերը լիովին արդար են` նոյնիսկ իրենց կտրուկ լինելով։ Պարոնները, որոնք կանոնաւոր կերպով որոշակի գումարներ են տրամադրել Հայաստանին` «կոռուպցիայի դէմ պայքարի համար», հիանալի իմացել են, որ երկրում կոռուպցիան միայն աւելացել է։ Իսկ դուրս գրւած գումարները հասկանալի է, թէ ուր են գնացել։

Իսկ հիմա, երբ երեւում է, որ իրական պայքար կայ այդ երեւոյթի դէմ (թէկուզ առայժմ կետային, բայց յուսանք, որ այն կը վերածւի համակարգայինի) եւրապաշտօնեաները չեն էլ մտածում իրենց դիրքորոշումը վերանայելու մասին։ Եւ խնդիրն այստեղ բոլորովին էլ տրամադրւող փողերի քանակը չէ։

Ինչպէս ասել է Փաշինեանը, երեւում է` Եւրոմիութիւնը, որը հովանաւորում է «կոռուպցիայի դէմ պայքարը», ունեցել է իր աշխարհաքաղաքական հաշւարկները։ Հիմա նրանք ուղղակի պատրաստ չեն առարկայական քննարկումների, թէկուզ այն պատճառով, որ մինչեւ հիմա նոյնիսկ չեն ենթադրել, որ Հայաստանի դէպքում դա մի օր արդի կը լինի։

Անեկդոտ կայ ասում են` կոռուպցիայի դէմ պայքարին փող տրամադրելը նոյնն է, ինչ հարբեցողութեան դէմ օղիով պայքարելը։ Իւրաքանչիւր կատակի մէջ ճշմարտութեան բաժին կայ։ Կոռուպցիայի դէմ պայքարը չի հանգեցրել լիակատար յաջողութեան ոչ մի երկրում, դա այդպիսի կենսունակ երեւոյթ է։

Կոռուպցիան կարելի է եւ պէտք է նւազագոյնի հասցնել, որքան դա հնարաւոր է։ Դրա համար պէտք չէ դառնալ եւրոպական օժանդակութիւն հայցող, անհրաժեշտ է իշխանութիւնների եւ հասարակութեան քաղաքական եւ քաղաքացիական կամքը։

Այնպէս որ` «բրիւսէլեան կաղամբում» մեր համար միայն կոմպլիմենտներ կան։ Փաշինեանն ինքն է դա նշել` ասելով, որ «մենք այն վիճակում չենք, որ յալւենք կոմպլիմենտներից»։ «Միջազգային գործընկերների աջակցութեան դէպքում մենք կարող ենք աւելի արագ իրագործել բարեփոխումները, բայց մենք չենք լինի խնդրողի դերում»,- ասել է նա։

Թող այս խօսքերը որոշեն իշխանութիւնների գործողութիւնները, յոյս կայ, որ բարեփոխումներից եւ խնդիրներից կը կարողանան գլուխ հանել։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։