Հա

Քաղաքական

18/07/2018 - 08:50

ԱՀ ԱԺ փոխնախագահ. «Հայաստանի եւ Արցախի միջեւ պէտք է մշակւի ու ստորագրւի ռազմաքաղաքական համագործակցութեան մասին պայմանագիր»

Հայաստանի եւ Արցախի միջեւ պէտք է մշակւի եւ ստորագրւի ռազմաքաղաքական համագործակցութեան մասին պայմանագիր: 

«alikonline.ir» - Հայաստանի եւ Արցախի միջեւ պէտք է մշակւի եւ ստորագրւի ռազմաքաղաքական համագործակցութեան մասին պայմանագիր: Այս մասին «tert.am»-ի հետ զրոյցում ասաց Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայեանը:

«Որպէսզի երկու երկրների միջեւ համագործակցութիւնն իրաւական հիմքերի վրայ դրւի, կարծում եմ, որ նման պայմանագրի անհրաժեշտութիւն կայ: Այդ պայմանագիրը պէտք է ներառի Հայաստանի ու Արցախի պարտաւորութիւնները, համաձայնութիւնները, քաղաքական համագործակցութեան բնոյթը պատերազմի պայմաններում, խաղաղ ժամանակ կամ լարւածութեան շրջանում»,- մանրամասնեց ԱՀ ԱԺ փոխնախագահը:

Նա ասաց, որ ռազմաքաղաքական համագործակցութեան պայմանագրի պարագայում հակառակորդը կը հասկանայ, որ Արցախն ու Հայաստանը մէկ երկիր են:

«Այս պահին մենք առաջ ենք շարժւում Արցախը միջազգային, իրաւական տեսանկիւնից ճանաչելու ճանապարհով: Պէտք է որոշակի իրաւասութիւնների ու պարտականութիւնների տարանջատում լինի, որպէսզի միջազգային հանրութիւնն էլ հասկանա, որ երկու պետութեան կենսական շահն է իրար հետ համագործակցելը: Իհարկէ, սա չի նշանակում, որ Հայաստանի ու Արցախի միջեւ այսօր համագործակցութիւն չկայ, բայց կարծում եմ, որ նման պայմանագիրը նոր լիցք կը հաղորդի մեզ»,- նշեց Վահրամ Բալայեանը:

Խորհրդարանի փոխխօսնակն ասաց, որ Հայաստանի եւ Արցախի միջեւ ռազմաքաղաքական համագործակցութեան մասին պայմանագիրը կարող է իր մեջ ուղերձ պարունակել, որ հետագայում կայ Արցախը Հայաստանի կողմից ճանաչելու պատրաստակամութիւն:

«Սա նաեւ կը նպաստի միջազգային ճանաչման գործընթացի ակտիւացմանը, որովհետեւ օտարներն էլ կը տեսնեն, որ Հայաստանը պատրաստակամութիւն ունի նման ճանապարհ անցնել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է այն տեսակէտներին, որ Հայաստանի նոր իշխանութիւնները պէտք է վերահաստատեն քառօրեայ պատերազմից յետոյ արտայայտած դիրքորոշումը, որ պատրաստ են ճանաչել Ղարաբաղի անկախութիւնը, եթէ Ադրբեջանը պատերազմի, Վահրամ Բալայեանն ասաց, որ նախկին իշխանութիւնների կողմից որդեգրւել էր քաղաքականութիւն՝ ունենալ Ադրբեջանին զսպելու լծակ, դրդել միջազգային հանրութեանն ակտիւ միջնորդական առաքելութիւն իրականացնել: Նա ասաց, որ 2016 թւականին «ճիշտը դա էր», իսկ ներկայումս այդ հարցը «ոտքի վրայ լուծելու չէ, քննարկել է պէտք»:

Բալայեանի խօսքով՝ ՀՀ կողմից Արցախի անկախութիւնը ճանաչելուց յետոյ բանակցային գործընթացի համար որոշակի խոչընդոտներ կառաջանան, լարւածութիւնը կը մեծանայ, բայց պատերազմը, նրա խօսքով՝ պետութիւնների պատրաստւածութիւնից է կախւած:

«Մեր երաշխիքը հայկական բանակն է, ժողովուրդն է, որը միասնական է»,- յաւելեց ԱՀ ԱԺ փոխնախագահը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։