Հա

Քաղաքական

18/07/2018 - 10:00

Կիրօ Մանոյեան. «Ինչպէս Արամն է պատգամել, մեր նպատակը պէտք է լինի Հայաստանի կորիզը աճեցնելը»

Ստորեւ ներկայացնում ենք ՀՅԴ Բիւրոյի անդամ Կիրօ Մանոյեանի ելոյթը` Արամ Մանուկեանի արձանի բացման առիթով.

«alikonline.ir» - Ստորեւ ներկայացնում ենք ՀՅԴ Բիւրոյի անդամ Կիրօ Մանոյեանի ելոյթը` Արամ Մանուկեանի արձանի բացման առիթով.

«Հայաստանի հողի վրայ հայոց պետականութեան կորստից մօտ 9 դար յետոյ վերականգնւած հայոց պետականութեան Հայաստանի Հանրապետութեան փաստացի հիմնադիր Արամ Մանուկեանի յուշարձանի կանգնեցումը քաղաքամայր Երեւանի կենտրոնում, թէկուզ ուշացած, բայց պատշաճ յարգանքի տուրք է: Յարգանքի մի քայլ, որը ցանկալի է, որ ունենայ իր շարունակութիւնը, այնպէս ինչպէս նախատեսւած էր` Արամ արքային նւիրւած Արամի փողոցի վերանւանումը Արամ Մանուկեանի փողոց, այդ փողոցի մէկ հատւածում Հայաստանի առաջին Հանրապետութեան նւիրւած այգու հաստատումը` խորհրդարանի նախագահների ու վարչապետերի կիսանդրիներով: Մենք նաեւ աշխատում ենք, որ այդ փողոցում գտնւող Արամ Մանուկեանի տունը, աւելի ճիշտ, տան մնացած պատերի ներսում կառուցւի Արամ Մանուկեանի եւ Հայաստանի առաջին Հանրապետութեան նւիրւած տուն-թանգարան:

Հասկանալի է, որ առանց այդ վերականգնւած պետականութեան, մենք չէինք ունենայ ոչ Խորհրդային Հայաստան, ոչ վերանկախացած Հայաստանի Հանրապետութիւն, ոչ` նոր Հայաստան:

Արամի արձանի կանգնեցումը չի կարելի մեկնաբանել որպէս անհատի պաշտամունքի դրսեւորում: Ընդհակառակը, սա յարգանք է մէկ սովորական մահկանացուի, ով ծնւել էր Սիւնիքում, մեծացել Շուշիում, կուսակցական գործունէութիւն ծաւալել Բաքւում, Թիֆլիսում ու Կարսում, ապա անցել Վան, կազմակերպել տեղի հայութեանը, Մեծ եղեռնի օրերին կազմակերպել Վանի ինքնապաշտպանութիւնը եւ հիմք դրել հայոց պետականութեան վերականգնմանը, անցել Երեւան, առաջնորդել մայիսեան ճակատամարտերն ու ՀՀ հիմնադրութիւնը: Եւ որպէս սովորական մահկանացու ինքը եւս վարակւել էր ժողովրդից բծաւոր տիֆով եւ ընդամէնը 40 տարեկանում մահացել:

Դեռ սովետական ժամանակաշրջանից սկսած Արամի ու իր գոծակիցների վաստակի ստորագնահատումի կարեւոր պատճառներից մէկը նրա ՀՅԴ անդամ լինելու փաստն է: Արամը դաշնակցական էր երկու առումով, առաջին` կուսակցական` իր ամբողջ կեանքը նւիրելով հայ ժողովրդի ազատութեան պայքարին: Նա նաեւ դաշնակցական էր բառի ոչ կուսակցական առումով: Նա հաւատում էր, որ կարող է պայքարել` տարբեր ուժեր համախմբելով:

Արամի մտքերից շատերը այսօր եւս մնում են ուսանելի, առաջնորդող: Այդ մտքերից է այս բառերով արտայայտածը:

«Մենակ ենք ու պէտք է ապաւինենք միայն մեր ուժերին, թէ ճակատը պաշտպանելու, թէ երկրի ներսը կարգ հաստատելու համար»: Սա չի նշանակում չունենալ դաշնակիցներ կամ ընկերներ, բայց նշանակում է` յոյսը ամէնից առաջ դնել սեփական ուժերի վրայ, թէ մեր ներքին խնդիրները լուծելու, թէ մեր արտաքին սպառնալիքներն ու մարտահրաւէրները դիմակայելու համար:

Արամի արձանը կանգնեցնելով մենք յարգում ենք մեր պետականութիւնը վերականգնած ամբողջ սերնդին: Արամի մտքերից մէկը նաեւ մեր երկիրը ընկոյզի նմանեցնելով, նրա կորիզը կարեւորելն է: Այսօրւայ մեր Հայաստանի ու Արցախի Հանրապետութիւնները մեր հայրենիքի կորիզն են, որի շուրջ ապագայում ձեւաւորւելու է մեր ամբողջական հայրենիքը: Մինչ այդ, սակայն, ինչպէս Արամն է պատգամել, մեր նպատակը պէտք է լինի Հայաստանի կորիզը աճեցնել»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։