Հա

Քաղաքական

21/07/2018

Դաշոյն սահմանին՝ ՀԱՊԿ-ի ու ՆԱՏՕ-ի աշխարհաքաղաքական դիմակայութեան սայրին

Հայաստանն արդէն զինւել է ռուսական «Իսկանդեր» օպերատիւ-մարտավարական հրթիռային համալիրներով։ Հիմա Հանրապետութեան քաղաքական ու ռազմական ղեկավարութիւնը պէտք է ուշադրութիւն դարձնի ռուսական ռազմատեխնիկական նոր ձեռքբերմանը` «Կինժալ» հրթիռային համալիրին։ 

«alikonline.ir» - Հայաստանն արդէն զինւել է ռուսական «Իսկանդեր» օպերատիւ-մարտավարական հրթիռային համալիրներով։ Հիմա Հանրապետութեան քաղաքական ու ռազմական ղեկավարութիւնը պէտք է ուշադրութիւն դարձնի ռուսական ռազմատեխնիկական նոր ձեռքբերմանը` «Կինժալ» հրթիռային համալիրին։ Գրում է «Sputnik» Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհեանը:

Ռուսաստանի պաշտպանութեան նախարարութիւնն աշխարհին ներկայացրեց մի շարք նորագոյն զէնքեր, որոնք արդէն սկսել են մատակարարւել զօրամիաւորումներին։ Զէնքի այս նոր տեսակները Դաշնային խորհրդին ներկայացրել էր Ռուսաստանի նախագահը։

Վլադիմիր Պուտինի ելոյթն ուղեկցւում էր ինֆոգրաֆիկայով ու բարձր տեխնոլոգիական զէնքերի ընդհանուր բնութագրով։

Դրանից յետոյ պաշտպանութեան նախարարութիւնը լայն հասարակութեանը ցուցադրել է «Կինժալ», «Սարմատ» ու «Աւանգարդ» հրթիռային համալիրների փորձարկման իրական կադրերը։ Գործի մէջ ցուցադրւել են նաեւ «Պոսէյդոն» ծովային համակարգը, «Բուրեւեստնիկ» գործող թեւաւոր հրթիռը, «Պերեսւետ» լազերային համալիրը։

Սպառազինութեան այդ համալիրը, որը լրատւամիջոցներն արդէն հասցրել են «յատուցման զէնք» կոչել, իսկապէս տպաւորիչ է, յատկապէս, հաշւի առնելով բոլոր տեխնիկական տւեալներն ու անսպասելի, մշակման ժամանակ ընդունւած  համարձակ որոշումները։

Օրինակ, միջուկային շարժիչ ունեցող «Բուրեւեստնիկ» թեւաւոր հրթիռի կամ «Աւանգարդ» հրթիռային մարտական բլոկի չափանիշները ֆանտաստիկ են։ «Աւանգարդ»-ը միջմայրցամաքային հեռաւորութիւն է յաղթահարում գերձայնային արագութեաբ, որի առաւելագոյն նիշն աւելի քան 20 անգամ գերազանցում է Մախի թիւը։

Իսկ ինչպիսի՞ն է «Կինժալ» հրթիռային համալիրի տեխնիկական լուծումը. համալիրը կարող է տեղակայւել «MIG-31» կործանիչի վրայ։ Այն զինւում է մի հրթիռով, որի շարժիչը կարող է ցանկացած մարտական լիցք գերձայնային՝ աւելի քան երեք կիլոմետր վայրկեանում արագութեան հասցնել։

Հայաստանի ռազմական ու քաղաքական ղեկավարութիւնը պէտք է ուշադրութիւն դարձնի, նախ, հէնց «Կինժալ» համալիրին։

Ասեմ, թէ ինչու։

 

«Իսկանդեր»՝ որպէս հիմք

Պարզւում է` «Կինժալ» հրթիռային համալիրի համար հիմք է հանդիսացել «Իսկանդեր»-ը, որն աշխարհում նմանը չունի ու որից լրջօրէն վախենում են արեւմտեան (յատկապէս եւոպական) երկրները` ՆԱՏՕ-ի անդամները, հէնց նոյն այն «Իսկանդեր»-ը, որը Ռուսաստանը վաճառել է Հայաստանին` ՀԱՊԿ-ի իր գործընկերոջը։

Այսինքն` Հայաստանի զինանոցում կայ «Կինժալ»-ի նախատիպը։ Այն «Կինժալ»-ի, որը հիմա Ռուսաստանը ներկայացնում է համաշխարհային լսարանին։

Իրականում պէտք չէ զարմանալ, որ Մոսկւան հէնց Երեւանին է վաճառել «Իսկանդեր»-ը. անկախ այն բանից՝ ինչպէս կը դասաւորւեն Ռուասաստանի ու Թուրքիայի յարաբերութիւնները, պէտք է յիշել, որ ԵԱՀԿ-ի ու ՆԱՏՕ-ի շահերի դիմակայութեան հարաւային գիծն անցնում է ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանի պետական սահմանի Թուրքիային հարակից հատւածով։

Թուրքիան, ինչ էլ որ ասեն, ՆԱՏՕ-ի լիիրաւ անդամ է, որն ԱՄՆ-ից յետոյ դաշինքում ամենահզօր բանակն ունի։ Հիմա Անկարայի յարաբերութիւնները Վաշինգտոնի ու Բրիւսէլի հետ լարւած են, սակայն դա ոչինչ չի նշանակում։ Հինգերորդ սերնդի այն հարիւր «F-35» նոր կործանիչներն ամերիկացիներն, անկասկած, կը վաճառեն Թուրքիային։

Իսկ Կովկասից այս կողմ ուժերի հաւասարակշռութիւնը պահպանելու Ռուսաստանի ձգտումը բոլորին է յայտնի։ Այդ պատճառով էլ Մոսկւան իր դաշնակից Երեւանին «Իսկանդեր» է վաճառել` այդպիսով միանգամից մի քանի խնդիր լուծելով։

Իսկ այդ զէնքն իսկապէս սարսափելի է, քանի որ «Իսկանդեր»-ի հարւածի շառաւիղը 500 կիլոմետր է, իսկ թռչող հրթիռը յայտնաբերելու ու վնասազերծելու հակահրթիռային համակարգ գրեթէ գոյութիւն չունի։

Յիշենք, ինչ խուճապի մատնւեցին ՆԱՏՕ-ում, երբ Ռուսաստանը որոշեց «Իսկանդեր» համալիրները տանել Կալինինգրադի մարզ` ի պատասխան դէպի Լեհաստան ու Մերձբալթիկա դաշինքի գումարտակի առաջխաղացմանը։

Այն ժամանակ նոյնիսկ տեղեկութեան արտահոսք կար այն մասին, որ բլոկը մի քանի «Երկաթէ գմբեթ» իսրայէլական հակահրթիռային համալիր է ձեռք բերել` իր հիւսիսարւեելեան սահմաններին տեղադրելու համար։ Դա չափազանց թանկ է՝ մէկ համալիրը մօտ 4.5 միլիարդ դոլար արժէ, սակայն, մասնագէտների պնդմամբ, այն չի պաշտպանում «Իսկանդեր»-ի հարւածներից։

Քանի որ «Կինժալ»-ի  հիմքը յայտնի «Իսկանդեր»-ն է, ապա նորագոյն համալիրի հիմնական ազդեցութիւնն  այն է, որ ծանր հրթիռը գործարկւում է ոչ թէ երկրից, այլ կործանիչից, որն ընթանում է գերձայնային արագութեամբ։

Այսինքն` հրթիռի երթային շարժիչը վառելիք չի ծախսում այն օդ բարձրացնելու ու անհրաժեշտ արագութիւն տալու համար։ Ծանր հրթիռն առանց այդ էլ արդէն մեկնարկի կէտում գերձայնային արագութիւն ունի։

Ի տարբերութիւն իր ցամաքային եղբօր` «Իսկանդեր»-ի, «Կինժալ»-ի հարւածի շառաւիղը 3-4 անգամ աւելի մեծ է՝ մօտ 1.5-2 հազար կիլոմետր։

Գիտնականների օրիգինալ լուծումը պէտք եղաւ այն ժամանակ, երբ յայտնի դարձաւ, որ դաշինքը  առաւելագոյնս մօտեցել է Ռուսաստանի պետական սահմանին։

Ըստ Միջին ու փոքր հեռահարութեան հրթիռների վերացման պայմանագրի (ՄՓՀՀՎՊ)` արգելքը գործում է այն հրթիռներ համար, որոնք մեկնարկում են երկրից ու հարւածում են թիրախին 500-1000 կիլոմետրի (փոքր հեռահարութիւն) ու 1500-5000 կիլոմետրի (միջին հեռահարութիւն) վրայ։

Ահա եւ ստացւում է, որ երկրից մեկնարկող ու թիրախին 500 կիլոմետր շառաւիղում հարւածող «Իսկանդեր»-ը ՄՓՀՀՎՊ-ի արգելքի տակ չի ընկնում։ Ինչպէս եւ արգելքի տակ չի ընկնում նաեւ նրա աւելի «առաջադէմ եղբայր»-ը` «Կինժալ»-ը, որը 1500-2000 կիլոմետրի վրայ է թիրախին հասնում, քանի որ օդից է գործարկւում։

Սա շատ պարզունակ բացատրութիւն է` թէ ինչ են արել ռուս գիտնականները «Իսկանդեր»-ը «Կինժալ»-ի վերածելով։ Քանի որ կործանիչից մեկնարկւող հրթիռի նոր տեսակն ունի մի շարք այլ յատկութիւններ, որոնք թոյլ են տալիս դրան խուսափել ենթադրեալ հակառակորդի գրեթէ ցանկացած հակահրթիռային պաշտպանութեան համակարգից։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։