Հա

Քաղաքական

22/07/2018

Նա գրքի պաշտամունք ունէր․ Հ․Մ․Ը․Մ․-ՀԱՍԿ-ի կենտրոնում բացւեց Վարդան Բախշեանի անունով գրադարան՝ նրա գրքերով

Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան 100-ամեակի շրջանակներում միութեան՝ ՀԱՍԿ-ի գրասենեակում բացւեց Վարդան Բախշեանի անունով գրադարան։

«alikonline.ir» - Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան 100-ամեակի շրջանակներում միութեան՝ ՀԱՍԿ-ի գրասենեակում բացւեց Վարդան Բախշեանի անունով գրադարան։ Փոխանցում է «yerkir.am»-ը:

Գրադարանի բացմանը ներկայ էին հերոսի մայրը՝ Աիդա մայրիկը, քոյրը՝ Աննա Բախշեանը, Հ․Մ․Ը․Մ.-ականներ եւ այլ հրաւիրեալներ։

Ելոյթով հանդէս եկած Հ․Մ․Ը․Մ.-ՀԱՍԿ-ի Կենտրոնական վարչութեան ատենապետ Դաւիթ Յակոբեանը նշեց, որ սրահը մինչ այդ էլ կրել է Հայաստանում միութեան վերահիմնադիրներից` եղբայր Վարդան Բախշեանի անունը, եւ պատահական չէ, որ այժմ էլ սրահը վերափոխւում է նրա անունով գրադարանի։ Նա նշեց, որ գրադարանի նպատակն այն է, որ սկաուտները կարողանան աւելի շատ ժամանակ անցկացնել գրասենեակում՝ աւելի կապւելով միութեան հետ։

Յակոբեանը յայտնեց, որ գրադարանը ստեղծելու հարցում հիմնական նւիրատւութիւնը եղել է Հ․Մ․Ը․Մ.-ականներից մէկի կողմից, ով նաեւ եղել է Վարդան Բախշեանի մտերիմ ընկերը։ Նա չի ցանկացել հրապարակել իր անունը։ Գրադարանի ստեղծման հարցում մեծ աւանդ է ունեցել նաեւ Վարդան Բախշեանի քոյրը՝ Աննան, ով մեծ թւով գրքեր է նւիրել գրադարանին։ Յակոբեանը տեղեկացրեց, որ գրադարանը դեռեւս համալրւած չէ, սակայն այդ ուղղութեամբ կան խոստումներ, եւ շուտով գրադարանը կը ստանայ իր վերջնական տեսքը։

Ելոյթ ունեցավ նաև հերոսի քոյրը։ «Վարդանը գրքի պաշտամունք ունէր․ բոլոր նրան ճանաչողները, վստահ եմ, գիտեն այդ մասին։ Շատ հաճելի է, որ այսօր նրա վերահիմնադրած միութեան գրասենեակում բացւել է ընթերցասրահ։ Ես նրա գրադարանից մի որոշ մասը բերել եմ այստեղ։ Մի փոքր գաղտնիք ասեմ՝ Վարդանը չէր սիրում, երբ իր գրադարանից գրքեր էին պակասում»,- նշեց քոյրը՝ միաժամանակ յաւելելով, որ, այնուամենայնիւ, Վարդանն ուրախ կը լինէր իր այս որոշման համար։

Բախշեանի քոյրը ցաւով նշեց նաեւ, որ մեր օրերում համացանցի առկայութեան պատճառով պակասել է գրքի նկատմամբ հետաքրքրութիւնը, սակայն գիրքը ուրիշ զգացողութիւն է, ուրիշ լիցքեր է տալիս մարդուն։

«Ես յիշում եմ այն տարիները, երբ հաւաքւում էին մեր տանը՝ ժողով անելու, եւ այդ ամէնն արւում էր Հ․Մ․Ը․Մ.-ն կայացնելու համար։ Ես շնորհակալութիւն եմ յայտնում այս ծրագրի հեղինակներին՝ այն իրականութիւն դարձնելու համար։ Շնորհակալութիւն նաեւ իրենց անունը տալ չցանկացող բարերարներին, կարծում եմ` իսկական բարերարութիւնը հէնց այդպիսին պէտք է լինի՝ գեղեցիկ, լուռ՝ առանց բարձրաձայնելու»,- եզրափակեց նա։

 

Արցախեան ազատամարտի հերոս, ՀՅԴ անդամ, Հայաստանում սկաուտութեան վերահիմնադիրներից Վարդան Բախշեանը ծնւել է 1965 թւականի յունիսի 1-ին Արմաւիրում: Միջնակարգ կրթութիւնը ստացել է Արմաւիր քաղաքի թիւ 2 միջնակարգ դպրոցում: Դպրոցն այժմ կրում է Վարդան Բախշեանի անունը:

1983 թ. ընդունւել է ԵՊՀ պատմութեան ֆակուլտետ։ 1983-1985 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Զօրացրւելուց հետո ուսումը շարունակել է համալսարանում։ 1989 թ. ընդունւել է ԵՊՀ ասպիրանտուրա՝ միաժամանակ աշխատելով Հայաստանի պատմական աշխարհագրութեան եւ քարտէզագրութեան լաբորատորիայում։

Ուսանողական տարիներին Վարդանը համալսարանի արեւելագիտութեան ֆակուլտետում թուրքերէն եւ ադրբեջաներէն է ուսումնասիրել: Թուրքերէնի նկատմամբ Վարդանի հետաքրքրութիւնը պայմանաւորւած է եղել հետագայում թուրքական արխիւներում հայոց պատմութեան համար անյայտ էջերի ուսումնասիրմամբ:

1989 թ. Վարդան Բախշեանը դառնում է Հայաստանում կրկին վերահաստատւած Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութեան (Հ.Մ.Ը.Մ.) հիմնադիրներից մէկը։ 1991 թ. Աթենքում ընտրւում է Հ.Մ.Ը.Մ.-ի Կենտրոնական վարչութեան անդամ:

Մինչեւ Արցախի ազատամարտին մասնակցելը Վարդան Բախշեանը պատրաստւում էր պաշտպանել թեկնածուական ատենախօսութիւն՝ «Արեւմտեան Հայաստանի վարչական բաժանումները» թեմայով։

Արցախեան հերոսամարտի տարիներին Վարդանը մի խումբ ընկերների հետ հիմնադրել է Հայ ուսանողական դաշինքը ւ հրատարակել «Դաշինք» թերթը, որի գլխաւոր խմբագիրն էր:

Եւ այսպէս` Վարդանը մտաւորական էր, պատմագէտ, նաեւ բանասէր ու մանկավարժ, օսմանագէտ, արեւելեան լեզուների, յատկապէս` պարսկերէնի ու արաբերէնի մասնագէտ, համալսարանական ասպիրանտ էր, դոկտորական աւարտաճառը պատրաստ էր, բայց մեկնեց Արցախ:

1990 թ. մասնակցել է Արցախի գիւղերի պաշտպանութեան մարտերին: Մասնակցել է Բերձորի ինքնապաշտպանութեանը։ Զոհւել է 1991 թ. դեկտեմբերի 16-ին Հասանաբադ գիւղի մօտ: Վարդան Բախշեանը թաղւած է «Եռաբլուր» պանթէոնում:

«Ես մեկնում եմ կռիւ՝ մեռնելու կամ յաղթելու, բայց՝ յաղթելու»,- ասել է Վարդան Բախշեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։