Print this page
23/07/2018 - 10:20

Գնալ, թէ՞ չգնալ ՆԱՏՕ-ի զօրավարժութիւններին. Փաշինեանին ներքաշո՞ւմ են անցանկալի խաղի մէջ

Հայկական եւ արտասահմանեան ԶԼՄ-ներում լուրջ բանավէճեր են ընթանում Վրաստանում ՆԱՏՕ-ի «Արժանի գործընկեր» զօրվարժութիւններին Հայաստանի ենթադրեալ մասնակցութեան մասին։ Զօրավարժութիւնները սկսւում են օգոստոսի 1-ին։ Տեղի ունեցող դէպքերը գրեթէ նոյնութեամբ կրկնում են մէկ տարւայ վաղեմութեան իրադարձութիւնները։

«alikonline.ir» - Հայկական եւ արտասահմանեան ԶԼՄ-ներում լուրջ բանավէճեր են ընթանում Վրաստանում ՆԱՏՕ-ի «Արժանի գործընկեր» զօրվարժութիւններին Հայաստանի ենթադրեալ մասնակցութեան մասին։ Զօրավարժութիւնները սկսւում են օգոստոսի 1-ին։ Տեղի ունեցող դէպքերը գրեթէ նոյնութեամբ կրկնում են մէկ տարւայ վաղեմութեան իրադարձութիւնները։ Այս մասին գրում է «sputnik» Արմենիայի սիւնակագիր Ռուբէն Գիւլմիսարեանը:

Օգոստոսի սկիզբը կը նշանաւորվի «Արժանի գործընկեր» զօրավարժութիւնների մեկնարկով, որոնք անցկացւում են ՆԱՏՕ-ի հովանու ներքոյ Վրաստանում։ Երկրների ցուցակում, որոնք պատրաստւում են մասնակցել դրան, նշւում են Հայաստանը եւ Ադրբեջանը։

Անցած տարի Վրաստանում նոյնպէս անցկացւել են ՆԱՏՕ-ի զօրավարժութիւններ, որոնք կոչւել են «Ճարպիկ ոգի»։ Այդ ժամանակ նախատեսւել է Հայաստանից մի քանի սպաների՝ ռազմական բժիշկների մասնակցութիւնը, բայց արդիւնքում հայկական կողմը ոչ մէկին չի ուղարկել։ «Արժանի գործընկեր 2018» միջոցառմանը երկրի մասնակցութեան մասին քննարկումներն արդէն հասել են գագաթնակէտին։

Այդ քննարկումների տրամաբանութեանն անդրադառնալուց առաջ պէտք է նշել, որ, դատելով ունեցած տեղեկատւութիւնից, Հայաստանը ՆԱՏՕ-ի նմանօրինակ շքերթներում, եթէ անգամ ներկայացւել է, ապա երկու-երեք սպաներով։ Այնպէս անմիջական ռազմական մասնակցութեան մասին երբեք խօսք չի գնացել, ինչը լիովին բացատրելի է՝ հաշւի առնելով Հայաստանի անդամակցութիւնը մէկ այլ ռազմաքաղաքական դաշինքին, իսկ Թուրքիայի անդամակցութիւնը՝ ՆԱՏՕ-ին։

Այսօր կրքերը հերթական անգամ թէժացել են։ Բայց որտեղի՞ց են սկիզբ առնում այդ կրքերը։ Եկէք փորձենք պարզել։

Հայրենական եւ արտասահմանեան ԶԼՄ-ների հաղորդագրութիւնները, ինչպէս նաեւ օգոստոսեան զօրավարժութիւններին Հայաստանի մասնակցութեան մասին անկախ փորձագիտական մեկնաբանութիւնների մեծամասնութիւնն այնպէս են ներկայացւում, որ ոչ մի կասկած չեն թողնում մասնակցութեան մէջ։ Ոչ մի տեղ չկան «հնարաւոր է», «միգուցէ» կամ «հաւանաբար» բառերը։ Միաժամանակ դրանք հիմնւում են «Գրուզիա օնլայն» կայքի տեղեկատւութեան վրայ, որը յղում է անում Վրաստանի ՊՆ-ին։

Հայաստանի ՊՆ-ի պաշտօնական կայքում այդ զօրավարժութիւնների մասին ոչ մի խօսք չի ասւում, իսկ վարչապետ Փաշինեանն ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում ընդհանրապէս յայտարարեց, որ դեռեւս նման փաստաթուղթ չի դիտարկել, իսկ հարցը կը քննարկւի, հէնց նման փաստաթուղթ ստացւի։ Միաժամանակ վարչապետը հերթական անգամ կրկնեց, որ չարժէ շրջադարձեր ակնկալել արտաքին քաղաքականութիւնում եւ յաւելեց․

«Սերժ Սարգսեանը երկու, կամ գուցէ աւելի, մասնակցել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին: Հիմա էլ մենք մասնակցել ենք ոչ թէ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, այլ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի շրջանակներում խաղաղապահ գործունէութիւն իրականացնող երկրների համաժողովներին: Հայաստանը ԵՄ-ի հետ մինչեւ թաւշեայ յեղափոխութիւնն ունեցել է յարաբերութիւններ, ստորագրել է Համապարփակ եւ ընդլայնւած համագործակցութեան համաձայնագիրը, որը մինչեւ յեղափոխութիւնը վաւերացւել է ՀՀ խորհրդարանի կողմից: Մենք մեր միջազգային պարտաւորութիւնները կատարելու ենք»։

Տարօրինակ կերպով վարչապետի այս խօսքերը եւ ՆԱՏՕ-ի զօրավարժութիւններին Հայաստանի մասնակցութեան հաստատման, ինչպէս նաեւ ՊՆ-ի կայքում դրանց մասին ցանկացած տեղեկատւութեան բացակայութիւնն անտեսւել են մեկնաբանների ու քննադատների ճնշող մեծամասնութեան կողմից։ Ընդ որում` ինչպէս հայկական, այնպէս էլ արտասահմանեան։

Մի շարք ներքին աղբիւրներ, որոնք չափազանց հետաքրքրւած են ՆԱՏՕ-ի զօրախաղերում Հայաստանի մասնակցութեամբ, դիտաւորեալ «չեն նկատել», որ տեղեկատւութիւնը եկել է միայն Վրաստանից եւ «չեն լսել» վարչապետի խօսքերը՝ ներկայացնելով Հայաստանի մասնակցութեան դրոյթը որպէս կատարւած փաստ։

Նոյնիսկ մի կողմ թողնենք այն փաստը, որ ՆԱՏՕ-ում Հայաստանին ոչ ոք չի սպասում, ճիշտ նոյն կերպ, ինչպէս դաշինքը չի շտապում իր դռները բացել Վրաստանի եւ յատկապէս Ուկրայինայի առաջ՝ չնայած նրան, որ այդ երկրներն արդէն երկար ժամանակ ձգտում են դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։ Եւ այն, որ ՆԱՏՕ-ի ամենաուժեղ անդամներից մէկը Թուրքիան է, որը բացայայտ թշնամական քաղաքականութիւն է վարում Հայաստանի նկատմամբ։ Այդ ամէնի մասին ասւել է հարիւրաւոր անգամներ։

Նրանք, ովքեր Հայաստանում կողմ են ՆԱՏՕ-ի հետ համագործակցութեանը, յաճախ բացատրում են իրենց դիրքորոշումը նրանով, որ այդ համագործակցութիւնը կը ծառայի երկրի ինքնիշխանութեան ամրապնդմանը, որը, նրանց կարծիքով, չափազանց շատ է խորացել մի աշխարհաքաղաքական ուղղութեամբ։ Այստեղ կը ցանկանայի նշել, որ վրացական ԶԼՄ-ների եւ գերատեսչութիւնների հաղորդագրութիւնների վրայ հիմնւող եզրակացութիւնները, որոնք անտեսում են սեփական վարչապետի խօսքերը եւ Հայաստանի ՊՆ-ի կայքում համապատասխան տեղեկատւութեան բացակայութիւնը, բոլորովին չեն նպաստում երկրի ինքնավարութեան ամրապնդմանը։ Եթէ այդքան թանկ է ինքնավարութիւնը, ապա չարժէ թոյլ տալ ինչ-որ բան որոշել այլ երկրի գերատեսչութեանը, թէկուզ բարեկամական երկրի։

ՆԱՏՕ-ի զօրախաղերին Հայաստանի մասնակցել-չմասնակցելու վերաբերեալ այս իրարանցումը մի հոտած ձու էլ չարժէ, քանի որ զօրավարժութիւններին մնացել է մի շաբաթ, իսկ դատելով Փաշինեանի խօսքերից, ոչ մի որոշում դեռ չեն սկսել մշակել։ Ուստի ծագում է բացարձակ դեժաւիւ․անցած տարւայ նոյն պատմութիւնը նոյնպէս բուռն զգացմունքներ էր առաջացրել եւ այդպէս էլ աւարտւել էր։ Ուղղակի մեծ աղմուկ ոչ մի բանից։

Եկէք արդէն հեռուն գնացող եզրակացութիւններ անենք՝ հիմնւելով կատարւած փաստերի ու տեղեկատւութեան վրայ, որը տրամադրում են հայկական պաշտօնական աղբիւրները։ Այդ ժամանակ դա կը լինի յարգանք սեփական ինքնավարութեան նկատմամբ, որի մասին այդքան անհանգստանում ենք։ Իսկ ինչ-որ բանի բուռն քննարկումները, որը չի հաստատւել պետական աղբիւրների կողմից, ստիպում է մտածել իրավիճակն ապակայունացնելու ցանկութեան մասին՝ ներքաշելով նոր վարչապետին նրա համար բոլորովին անտեղի եւ անպատեհ բանավէճերի մէջ։

Աւելին, հիմքեր կան մտածելու, որ թէ՛ Հայաստանում, թէ՛ Ռուսաստանում կը գտնւեն մարդիկ, որոնք կը շարունակեն փիլիսոփայել այս թեմայով, նոյնիսկ եթէ Հայաստանի ՊՆ-ն, օրինակ, վաղը հանդէս գայ յայտարարութեամբ ՆԱՏՕ-ի զօրավարժութիւնների չմասնակցելու մասին։

Դա յիշեցնում է վերջերս տեղի ունեցած պատմութիւնը, երբ մի քանի ռուսական մարգինալ քաղաքական գործիչներ ու լրագրողներին մասնակցել են շոուին՝ վճարւած Հայաստանի արեւելք ընկած պետութեան կողմից։ Նրանք ինչ-որ յիմարութիւններ են դուրս տւել այն մասին, որ «Ադրբեջանը Հարաւային Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցն է»։

Այս դէպքը զայրացնող էր եւ անհնար էր լռել, բայց բուռն քննարկումները շարունակւել են նաեւ այն բանից յետոյ, երբ ռուսական կողմը յայտարարել է, որ այդ մարդկանց կարծիքը չի արտացոլում Մոսկւայի պաշտօնական դիրքորոշումը։ Ամէն ինչ հանդարտւել է, երբ Ռուսաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Մաքսիմ Շեւչենկոյին Ռուսաստանի ազգամիջեան յարաբերութիւնների խորհրդի կազմից հեռացնելու մասին․ակնարկը հասկացւել էր։

Հաւանաբար, այս հերթական փոթորիկը` մէկ բաժակ ջրում, կը հանդարտւի միայն ճակատին ասւած նման ակնարկներից յետոյ։ Սպասենք։

Յարակից լուրեր