Հա

Քաղաքական

27/07/2018 - 01:20

37 թիւն է դառնում. շինծու մեղադրանք. Քոչարեանը` իրեն ներկայացւած մեղադրանքի մասին

«Ես ապշել եմ իմ մեղադրանքի բովանդակութիւնից՝ 0-ական մակարդակի մեղադրանք, 37 թիւն է դառնում: Աբսալիւտնո շինծու մեղադրանք, դուք էլ էք զարմացել, բոլորն են զարմացած:

«alikonline.ir» - «Ես ապշել եմ իմ մեղադրանքի բովանդակութիւնից՝ 0-ական մակարդակի մեղադրանք, 37 թիւն է դառնում: Աբսալիւտնո շինծու մեղադրանք, դուք էլ էք զարմացել, բոլորն են զարմացած: Ինձ մեղադրանք առաջադրելուց առաջ ԿԸՀ  բոլոր անդամները հիմա պէտք է նստած լինէին»,- այսօր «Երկիր Մեդիա» հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցում յայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը: Նա վստահ է` Մարտի մէկի վերաբերեալ քրէական գործի նախաքննութիւնը ռումբ է՝ դրւած պետականութեան տակ, որը հաստատ պայթելու է: Քոչարեանի պնդմամբ, իրաւական համակարգը շատ մեծ վտանգի տակ է:

Քոչարեանը շարունակում է` ներկայիս իշխանութիւնը յաւերժական չէ եւ ամէն նոր եկած իշխանութիւն իր հերթին վերանայելու է քրէական գործը, ինչի հետեւանքով մարտի մէկը անեծք է լինելու ժողովրդի գլխին, եթէ այս ձեւով փորձեն բացայայտել։

«Սա բացայայտում չէ, իրենք նշանակել են մեղաւորներին եւ այդ նշանակման համար ձեւակերպումներ են ընտրում, թէ ինչ ձեւով դրանք իրար կցեն, որ այդ մեղադրանքը ապահովեն»,- յաւելել է Քոչարեանը։

Նրա խօսքով` այս ամէնի մէջ անտեղի ու անհիմն շահարկւում է բանակը, լուրջ ճանապարհ անցած զինւորականները մեղադրւում են չգիտես ինչում:

«Սա լուրջ հարց է, սա Մանուէլ Գրիգորեանի սգուշիոնկա-տուշոնկա հարցը չի: Այս իշխանութիւնը ճանապարհներ փակելով եկել է իշխանութեան ու ծայրայեղ որոշումներ է կայացնում: Միայն ՀՔԾ ղեկավարի փոխւելուց յետոյ այսպիսի որոշումներ առաջ եկան»,- ասաց նա` տարակուսելով, որ մինչ այժմ որեւէ բան չի բացայայտւել, որեւէ խախտում ու պատասխանատւութեան ենթարկւած չի եղել:

Քոչարեանի կարծիքով` Նիկոլ Փաշինեանը մտածում է առաջիկայ ընտրութիւններին իր հնարաւոր մասնակցութեան մասին, եւ ցանկանում է դա կանխել:

«Սա այն դէպքն է, որ երբ դու քաղաքականութեամբ չես զբաղւում, քաղաքականութիւնն է սկսում քեզանով զբաղւել: Ուզում են չէզոքացնել իմ մասնակցութիւնը հետագայ գործընթացներին: Ով գալիս է իշխանութեան, յանձինս ինձ` վտանգ է տեսնում: Ինձ մինչեւ հիմա կապում են Սերժ Սարգսեանի հետ, մենք լուրջ ճանապարհ ենք անցել, այո, բայց վերջին տարիներին այդ կապը խզւել է: Մենք իրար տեսել ենք վերջին տարիներին 2 անգամ»,- ասաց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։