Հա

Քաղաքական

28/07/2018

Պայթիւնավտանգ «դոմինոյի էֆեկտ». ի՞նչ պիտի չանեն Հայաստանի նոր իշխանութիւնները

Արցախեան պատերազմից յետոյ «թաւշեայ յեղափոխութիւն»-ը հայ ժողովրդի առաջին յաղթանակն էր։ Փորձագէտները համոզւած են, որ այն օգնեց յաղթահարել սեփական ուժերի հանդէպ թերահաւատ մօտեցումը։ 

«alikonline.ir» - Արցախեան պատերազմից յետոյ «թաւշեայ յեղափոխութիւն»-ը հայ ժողովրդի առաջին յաղթանակն էր։ Փորձագէտները համոզւած են, որ այն օգնեց յաղթահարել սեփական ուժերի հանդէպ թերահաւատ մօտեցումը։ «Sputnik» Արմենիայում գրում է Լաուրա Սարգսեանը:

Հայաստանի «թաւշեայ» իշխանութիւնները պէտք է երկրի բնակչութեան ցնծութիւնը պահեն ոչ միայն կոռուպցիոն բացայայտումներով։ Առաջին հերթին նրանք պէտք է չհիասթափեցնեն ժողովրդին ու չկորցնեն մեծ վստահութիւնը։ Հակառակ դէպքում դոմինոյի էֆեկտը, որի առաջին խաղաքարը «թաւշեայ յեղափոխութիւնն» էր, կարող է իրենց դէմ անդրադառնալ։ Այս մասին «Sputnik» Արմենիայի թղթակցի հետ զրոյցում ասաց էթնոսոցիոլոգ Միհրան Գալստեանը։ «Բնակչութիւնը դեռ ցնծութեան մէջ է։ Սակայն փոփոխութիւնների ֆոնին նաեւ մեծացել են ակնկալիքներն իշխանութիւններից։ Հայաստանի այսօրւայ բնակիչներն աւելի խիզախ ու վստահ են»,- ասաց Գալստեանը։

Նրա կանխատեսմամբ` ցնծութիւնը մինչեւ ընտրութիւնները կը տեւի։ Հիմա հասարակութիւնը կենտրոնացած է կոռուպցիոն բացայայտումների վրայ, նրանք գրեթէ ամէն օր առցանց ռեժիմով նոր չափաբաժնի են սպասում։

«Մարդիկ բառացիօրէն գամւած են սոցիալական կայքերին` նոր բացայայտումների ակնկալիքով. ո՞ւմ կը ձերբակալեն, ո՞վ է աւելի շատ թալանել երկիրը եւ այլն։ Նրանք արդէն կախւածութիւն ունեն»,- ասաց Գալստեանը։

Նրա խօսքով` դա կարող է բացասական հետեւանքներ ունենալ, մասնաւորապէս` կարող է բերել հասարակութեան ու վերնախաւի միջեւ պառակտմանը։ Իշխանութիւնը միայն խիստ բացասական է ընկալում նախկին իշխանութեանն ու դրա հետ կապւած մարդկանց։ Սակայն մեր զրուցակիցը նշեց, որ պէտք չէ մոռանալ` նախկին վերնախաւում կային մարդիկ, որոնք նոյնպէս ազնիւ ճանապարհով էին ամէն ինչի հասել։

«Դոմինոյի էֆեկտը» անդրադարձել է նաեւ մշակոյթի, արւեստի ու էստրադային գործիչների վրայ։ Տպաւորութիւն է` ժողովուրդը չի կարող ներել նրանց, ովքեր յեղափոխութեան ծանր օրերին ցուցարարներին կողքին չէին։

«Ժողովուրդը սպասում էր, որ նրանք իր կողքին կը լինեն, իսկ նրանք սպասում էին յեղափոխութեան աւարտին, որ կողմնորոշւեն` ինչ է կատարւում, ում կողմից են»,- ասաց Գալստեանը։

Էթնոսոցիոլոգը կարծում է, որ գործող իշխանութիւնները պէտք է պահպանեն բնակչութեան վստահութիւնը։ Դա այսօր նրանց ունեցած միակ բանն է, որը կարող է օգնել նրանց մնալ իշխանութիւն։

Հոգեբան Խաչիկ Գասպարեանը չգիտի` որքան կը տեւին ցնծութեան ալիքը։

«Արցախեան պատերազմից յետոյ սա հայ ժողովրդի առաջին յաղթանակն է։ Երկար տարիներ այսպիսի յոյզեր չեն եղել։ Գործազրկութեան, տնտեսական ճգնաժամի ու վատ սոցիալական վիճակի ֆոնին մարդիկ տարիներ շարունակ ընկճւած էին»,- ասաց Գասպարեանը։

Ինչպէս եւ Գալստեանը, Գասպարեանը եւս վստահ է, որ իշխանութիւնները պէտք է ցանկացած գնով չհիասթափեցնեն ժողովրդին ու չկորցնեն վստահութիւնը։

Վերջին իրադարձութիւնները վերադարձրել են հայ ժողովրդին յաղթողի, մարտիկի ոգին, ազատել են նրան փոքր երկիր ունենալու բարդոյթից, որտեղ անհնար է խնդիրներ լուծել։ Նա կարծում է, որ այս տեսակէտից տեղի ունեցածը պատմական նշանակութիւն ունէր։

Փորձագէտը համոզւած է, որ կոռուպցիոն բացայայտումները ոչ ոքի չեն զարմացնում, քանի որ մարդիկ միշտ իմացել են կոռուպցիայի մասին։ Հոգեբանը կարծում է, որ փոխւել է ժողովրդի վերաբերմունքն իր, երկրի նկատմամբ։

«Իւրաքանչիւր բացայայտման հետ մարդկանց մէջ ամրանում է այն հաւատը, որ յաղթանակն արդարացի է»,- ասաց Գասպարեանը։

Սակայն այդ ամէնը իշխանութիւնների համար լարւած ֆոն է ստեղծում։ Մարդիկ, հաւատալով կառավարութեան «ամենակարողութեանը», կարծում են, որ իշխանութիւնները կարող են մէկ օրում լուծել բոլոր խնդիրները։ Գասպարեանի կարծիքով` կարեւոր է բացատրել մարդկանց, որ հնարաւոր չէ միայն բացայայտումների հաշւին լուծել բարդ տնտեսական հարցերն ու լաւացնել կեանքի որակը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։