Հա

Քաղաքական

28/07/2018

Փնտրւում է Հայաստանի Հանրապետութիւնը

Այս պատմութիւնը ո՛չ Ռոբերտ Քոչարեանի մասին է, ո՛չ Սերժ Սարգսեանի, ո՛չ Լեւոն Տէր-Պետրոսեանի, ո՛չ Արմէն Սարգսեանի, ո՛չ էլ Նիկոլ Փաշինեանի, որի անունը վերջինն եմ գրում, ոչ թէ որովհետեւ ամենաչսիրւածն է, այլ քանի որ միւսները նախագահ են: Ի դէպ, նախագահը նախկին չի լինում, այսինքն` երբ «Երկիր Մեդիա»-ի եթերում Գեղամ Մանուկեանը Ռոբերտ Քոչարեանին դիմում է՝ պարո՛ն նախագահ, պէտք չէ գունատւել, կատաղութիւնից եղունգները կրծոտել, բարձր հայհոյել, սառը թան խմել… Եթէ մարդը գոնէ մէկ անգամ եղել է նախագահ (դիտմամբ չօգտագործեցի ընտրւել բառը), ուրեմն նա միշտ նախագահ է, ճիշտ` օլիմպիական չեմպիոնների պէս, որոնք նոյնպէս նախկին չեն լինում:

ՅՈՎԻԿ ԱՖԵԱՆ

 

Այս պատմութիւնը ո՛չ Ռոբերտ Քոչարեանի մասին է, ո՛չ Սերժ Սարգսեանի, ո՛չ Լեւոն Տէր-Պետրոսեանի, ո՛չ Արմէն Սարգսեանի, ո՛չ էլ Նիկոլ Փաշինեանի, որի անունը վերջինն եմ գրում, ոչ թէ որովհետեւ ամենաչսիրւածն է, այլ քանի որ միւսները նախագահ են: Ի դէպ, նախագահը նախկին չի լինում, այսինքն` երբ «Երկիր Մեդիա»-ի եթերում Գեղամ Մանուկեանը Ռոբերտ Քոչարեանին դիմում է՝ պարո՛ն նախագահ, պէտք չէ գունատւել, կատաղութիւնից եղունգները կրծոտել, բարձր հայհոյել, սառը թան խմել… Եթէ մարդը գոնէ մէկ անգամ եղել է նախագահ (դիտմամբ չօգտագործեցի ընտրւել բառը), ուրեմն նա միշտ նախագահ է, ճիշտ` օլիմպիական չեմպիոնների պէս, որոնք նոյնպէս նախկին չեն լինում:

Վտանգ չէ՞ք զգում: Չէ, ես հասկանում եմ, որ բոլոր մեղաւորները պէտք է պատժւեն՝ անկախ անունից ու նախկին կամ ներկայ կարգավիճակից, բայց, այնուամենայնիւ, դուք համարում էք, որ Մարտի 1-ի գործը, Քոչարեանին կալանաւորելով, բացայայտւե՞ց: Լաւ, իսկ ի՞նչ էր անում Սերժ Սարգսեանը 2008-ի մարտի 1-ին, նա ընտրւած նախագահը չէ՞ր, ՀՀԿ-ն արդէն ողջ իշխանութիւնն իրենով չէ՞ր արել, մանաւանդ` ուժային կառոյցներում: Իսկ Լեւոն Տէր-Պետրոսեա՞նը, նա ի՞նչ էր անում այդ թւականի այդ օրը ու նախքան այդ օրը: Եթէ Քոչարեանը կալանաւորւում է, միւս երկուսը գոնէ հարցաքննութեան պէ՞տք է հրաւիրւեն: Ընդ որում` եթէ Քոչարեանը գլխաւոր մեղաւորն է, ապա նրա ենթադրեալ յանցանքը կոծկելու համար Սերժ Սարգսեանն իր նախագահութեան 10 տարիներով աւելի մեղաւոր չէ՞: Բայց թողնենք այս ամէնը դատարանին, որն ասում են` այլեւս թաւշեայ է, ներողութիւն, անկախ է: Բացի այդ՝ այս պատմութիւնը Մարտի 1-ի մասին էլ չէ, սա պետականութեան մասին պատմութիւն է:

Երբ պարզ դարձաւ, որ ՅՔԾ-ն (Յատուկ քննչական Խառայութիւն-ԽՄԲ.), առանց Քոչարեանին տեղեակ պահելու, մինչ նա կը ժամանէր հարցաքննութեան, յիշեցնեմ՝ վկայի կարգավիճակով, փոխել է երկրորդ նախագահի կարգավիճակը՝ վկայից դարձնելով մեղադրեալ, ես անհամբեր սպասում էի մէկ յայտարարութեան, որի տակ կը լինէին` Արմէն Սարգսեան, Սերժ Սարգսեան, Լեւոն Տէր-Պետրոսեան ստորագրութիւնները: Ընդ որում` այդ յայտարարութիւնը ոչ թէ պէտք է պաշտպանէր Քոչարեանին, ոչ թէ պէտք է մեղադրէր ՅՔԾ-ին, ոչ թէ պէտք է ուղղորդէր դատական գործընթացը, այլ պէտք է մտահոգութիւն լինէր ՀՀ նախագահի ինստիտուտից: Իսկ ՀՀ նախագահը, համաձայն ՀՀ Սահմանադրութեան 140-րդ յօդւածի 1-ին կէտի, անձեռնմխելի է: Ես մինչեւ հիմա սպասում եմ այդ համատեղ յայտարարութեանը, թէեւ հասկանում եմ, որ մենք Միացեալ Նահանգները չենք, որտեղ նախագահները միմեանց ինչ ասես ասում են, բայց առիթի դէպքում իրար կողքի կանգնում, ժպտում ու լուսանկարւում, պէտք եղած դէպքում էլ համատեղ յայտարարութիւններ անում կամ ուղերձներ յղում:

Մենք սիրոյ յեղափոխութիւն ենք արել՝ ատելութեան պաշարով: Մեզանից որեւէ մէկին սէրը պէտք չէ, մեր մէջ ատելութիւնն այնքան է կուտակւած, որ մարմինն արդէն չի կարողանում պահել ու յորդում է դուրս: Մենք ենթարկւում ենք կոչերին՝ ոչինչ չենք ջարդում, փշրում, տրորում, ապականում, բայց երազում ենք ամէն ինչ ջարդելու, փշրելու, տրորելու ու ապականելու մասին: Ու այսպիսին դարձել ենք ոչ թէ վերջին տասը տարում, երբ Սերժ Սարգսեանն էր իշխում, ոչ թէ վերջին քսան տարում, երբ Սերժ Սարգսեանն ու Ռոբերտ Քոչարեանն էին իշխում, այլ անկախութիւնից ի վեր: Մենք ատել ենք ե՛ւ Տէր-Պետրոսեանի օրօք, երբ տանկերը դուրս եկան Երեւանի փողոցները, ու լրատւամիջոցներ էին փակւում, կուսակցականներ հալածւում, ե՛ւ Քոչարեանի օրօք, երբ տանկերը կրկին դուրս եկան Երեւանի փողոցները, ու մարդիկ զոհւեցին, ե՛ւ Սարգսեանի օրօք, երբ տանկերը չօգնեցին պահել 800 հեկտար հող, աւելին՝ մենք ատում ենք նաեւ Արմէն Սարգսեանի օրօք, քանի որ հիմա մենք միայն ենթարկւում ենք հրամանին՝ առանց կատարելու այն:

Եւ ուրեմն` ո՞վ է մեղաւոր, որ մենք այսպիսին ենք, Քոչարեա՞նը, Սերժ Սարգսեա՞նը, Տէր-Պետրոսեա՞նը, գուցէ երեքն է՞լ: Ու մի՞թէ տանկերը համատարած ատելութիւնից չեն դուրս գալիս փողոց, մի՞թէ ատելութեան պատճառով չեն լինում կրակոցներ ու զոհեր, մի՞թէ ատելութիւնը չէ մեղաւոր, որ մենք տարիներ շարունակ վրէժ ենք ուզում՝ քամւելու համար՝ բառերով սիրելով, բայց աչքերով ատելով: Հիմա ո՞վ է մեղաւորը…

Ես շարունակում եմ սպասել բոլոր նախագահների համատեղ յայտարարութեանը, այն կարող է լինել միայն մէկ բառ, ասենք՝ ներողութիւն, կարող է լինել աւելի երկար, նրանք կարող են կանգնել կողք կողքի ու ուղիղ եթեր մտնել, կարող են չկանգնել կողք կողքի ու գրաւոր խօսել: Բայց պէտք է խօսեն, քանի որ վտանգւած է պետականութիւնը, այն կորել է, փնտրում են, հնարաւոր է գտնեն, իսկ նրանք կապ ունեն այդ պետականութեան հետ, հէնց` ունեն, ոչ թէ ունէին:

«yerkir.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։