Հա

Քաղաքական

28/07/2018 - 17:20

Փաստաբանը բացատրեց, թէ որ դէպքում երկրորդ նախագահը պէտք է զրկւեր անձեռնմխելիութիւնից

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի պաշտպանները պատրաստւում են բողոքարկել նրա կալանաւորման որոշումը. ըստ նրանց` այն ապօրինի է:

«alikonline.ir» - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի պաշտպանները պատրաստւում են բողոքարկել նրա կալանաւորման որոշումը. ըստ նրանց` այն ապօրինի է: Գրում է «yerkir.am»-ը:

Քոչարեանի պաշտպան Արամ Օրբէլեանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը յայտնեց, որ Քոչարեանին մեղսագրւող արարքի յանցակազմն անհասկանալի է:

«Մինչեւ վերջ չեմ հասկանում, նա մեղադրւում է զէնք կիրառելո՞ւ, արտակարգ դրութիւն մտցնելո՞ւ, թէ այլ արարքի մէջ, չէ՞ որ անձը պէտք է կոնկրետ յանցանքի համար մեղադրւի, պէտք է հասկանալ այդ արարքը, որ պաշտպանւել»,- ասաց նա: Փաստաբանի գնահատմամբ` Մարտի 1-ի գործը բաւարար ուսումնասիրւած եւ մշակւած չէ քննչական մարմինների կողմից, կամ էլ լաւ ուսումնասիրւած է, սակայն դատարան են ներկայացւել միայն այն ապացոյցները, որոնք ինչ-որ կապ կարող են ունենալ Ռոբերտ Քոչարեանի հետ:

Ըստ Օրբէլեանի` ներկայացւած ապացոյցներից որեւէ մէկը վերաբերելի չէ երկրորդ նախագահին: «Ապացոյցների մէջ մենք չենք տեսնում որեւէ ուղղակի ապացոյց, որն առնչւում է Քոչարեանին: Չենք կարողանում հասկանալ այն կոնկրետ արարքը, որը մեղսագրւում է Քոչարեանին»,-նշեց նա:

Պաշտպանի խօսքով` Քոչարեանին առաջադրւած 300.1 յօտւածի (Սահմանադրական կարգը տապալելը) եւ ներկայցւած ցուցմունքների միջեւ որեւէ կապ չկայ:

Անդրադառնալով երկրորդ նախագահին սահմանադրութեամբ տրւած անձեռնմխելիութեանը, Օրբէլեանն ասաց. «Եթէ անձը չի կատարել որեւէ յանցագործութիւն անձեռնմխելիութեան դրոյթը չի գործում, եթէ դատարանը կը հաստատի, որ անձը յանցագործութիւն է կատարել, այդ ժամանակ միայն իմունիտետը չի կարող կիրառւել, իսկ եթէ պարզւի, որ յանցանք չի կատարել` իմունիտետն ընդհանրապէս կիրառելու կարիք չի լինի»:

Օրբէլեանը, վկայակոչելով միջազգային փորձը , նկատեց, որ ոչ ֆունկցիոնալ իմունիտետի դէպքում շատ պարզ կանոն է գործում. տւեալ անձը տւեալ գործողութիւնը կատարելիս գործել է, որպէս պետութեան նախագա՞հ, թէ՞ որպէս քաղաքացի: «Եթէ նա, որպէս նախագահ հրամաններ է տւել, հրամանագրեր ստորագրել դրանք իր ֆունկցիաներից է բխել, եթէ նոյն անձը, մի օր սրճարանում անձի ծեծի, նշանակում է իր կարգավիճակից չբխող գործողութիւն է կատարել եւ ենթակայ է հետապնդման»,- բացատրեց նա:

Նշենք, որ ՀՀ նախկին եւ գործող Սահմանադրութիւններում յստակ ամրագրւած է Հայաստանի Հանրապետութեան նախագահի անձեռնմխելիութեան վերաբերեալ դրոյթը: Մասնաւորապէս` ՀՀ Սահմանադրութեան 140-րդ յօդւածի 2-րդ մասի համաձայն՝ Հանրապետութեան նախագահն իր լիազօրութիւնների ժամկէտում եւ դրանից յետոյ չի կարող հետապնդւել եւ պատասխանատւութեան ենթարկւել իր կարգավիճակից բխող գործողութիւնների համար: 3-րդ կէտով էլ սահմանւած է, որ իր կարգավիճակի հետ չկապւած գործողութիւնների համար Հանրապետութեան նախագահը կարող է պատասխանատւութեան ենթարկւել միայն իր լիազօրութիւնների աւարտից յետոյ:

Յիշեցնենք, որ յուլիսի 26-ին Ռոբերտ Քոչարեանը հրաւիրւել էր ՀՀ յատուկ քննչական ծառայութիւն՝ Մարտի 1-ի գործով, որպէս վկայ հարցաքննւելու: Աւելի ուշ, երկրորդ նախագահին մեղադրանք առաջադրւեց ՀՀ քրէական օրէնսգրքի 300.1-ին յօդւածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա, այլ անձանց հետ նախնական համաձայնութեամբ տապալել է Հայաստանի Հանրապետութեան սահմանադրական կարգը:

Երէկ էլ Երեւանի ընդհանուր իրաւասութեան դատարանի դատաւոր Վաչէ Մարգարեանը 7 ժամ տեւած քննութիւնից յետոյ բաւարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանին կալանաւորելու վերաբերեալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդութիւնը։ ՀՀ երկրորդ նախագահը կալանաւորւեց 2 ամիս ժամկէտով։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։