Հա

Քաղաքական

30/07/2018

Արմէն Սարգսեան. «Երկրում պէտք է օրինականութիւն ստեղծւի, որպէսզի երկիրը երկիր դառնայ»

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանին եւ նախկին իշխանութիւնների այլ ներկայացուցիչների՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը «խիստ մտահոգիչ է եւ կարող է մեկնաբանւել որպէս քաղաքական հալածանք», յայտարարել է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը:

«alikonline.ir» - Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանին եւ նախկին իշխանութիւնների այլ ներկայացուցիչների՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը «խիստ մտահոգիչ է եւ կարող է մեկնաբանւել որպէս քաղաքական հալածանք», յայտարարել է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը: 

Թէպէտ 2008 թւականի յայտնի իրադարձութիւնների ֆոնին գործող իշխանութիւնների հետ կոալիցիա կազմած ուժի այս յայտարարութիւնը քննարկւեց ու քննադատւեց շատերի կողմից՝ Արցախի  խորհրդարանի «Դաշնակցութիւն» խմբակցութեան ղեկավար Արմէն Սարգսեանը յայտարարում է՝ ամբողջութեամբ կիսում է տարածւած հաղորդագրութեան բոլոր մտահոգութիւնները։ «Առաջին լրատւական»-ի հետ զրոյցում մեկնաբանելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանին կալանաւորելու փաստը, Սարգսեանն ընդգծեց.«Առաջին հերթին մեզ համար ընդունելի է ու կարեւոր, որ ամէն ինչ կատարւի օրինականութեան սահմաններում եւ քաղաքական որեւէ նշոյլ չլինի այդ մեղադրանքի մէջ։ Մենք պահանջում ենք, որ ցանկացած բնագաւառում բոլորի նկատմամբ օրէնքը հաւասար լինի»։ 

Սարգսեանը նշում է.«Եթէ անդրադառնում ենք Ռոբերտ Քոչարեանին, պէտք է անդրադառնանք բոլորին՝ այդ թւում Լեւոն Տէր-Պետրոսեանին՝ 96 թւականի դէպքերի հետ կապւած, Սերժ Սարգսեանին տարբեր հարցերի հետ կապւած, գիւղապետից մինչեւ վերեւ։ Ինչ անում ենք՝ պէտք է անենք օրինականութեան սահմաններում՝ առանց քաղաքական որեւէ նշոյլի։ Մեր բոլորի՝ հայ ժողովրդի յոյսն ու ուրախութիւնը այս փոփոխութիւնների այն է, որ յաղթի օրինականութիւնը եւ ոչ քաղաքական հայացքները»։ 

Արցախի խորհրդարանի պատգամաւորի խօսքերով՝ չպէտք է այնպէս լինի, որ որեւէ մէկի մօտ կասկած առաջանայ, որ քաղաքական հետապնդում կայ. «Գերագոյն մարմնի յայտարարութիւնը շատ պարզ է։ Կը սպասենք դատարանի որոշումը, բայց միայն դատարանի որոշումը չէ կարեւոր, այլ դրան յաջորդող քայլերը։ Տեսնենք՝ արդեօք նոյն հարթութեան վրայ են դասելու ՀՀ երեք նախագահներին։ Լինի նախագահ, թէ համայնքի ղեկավար՝ ով գողացել է երկրից, պէտք է օրինականութեան սահմաններում պատժւեն, մեր պահանջը դա է, մենք դրա կողմնակիցն ենք»։ 

Դիտարկմանը՝ թէ Քոչարեանին առաջադրւած է 2008 թւականի մարտի մէկի իրադարձութիւնների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու յօդւած, արդեօք ինքն այժմ պահանջում է, որ առաջին եւ երրորդ նախագահներն էլ անցնեն նոյն յօդւածով, Արմէն Սարգսեանը պատասխանեց. «Ինչու՞ նոյն յօդւածով, 97 թւականին՝ ինձնից աւելի լաւ գիտէք, թէ սահմանադրական կարգն ով է տապալել, մէկը կարող է դրա համար, միւսը ֆինանսական չարաշահումների համար։ Երկրում պէտք է օրինականութիւն ստեղծւի, որպէսզի երկիրը երկիր դառնայ»։ 

Հետաքրքրւեցինք, թէ լինի դատարանի որոշում՝ առ այն, որ երկրորդ նախագահը տապալել է սահմանադրական կարգը, ինչի արդիւնքում զոհւել է տաս անմեղ քաղաքացի, արդեօք նա պէտք է շարունակի մնալ Արցախի հերոս եւ այդ դէպքում կը փարատւեն իրենց մտահոգութիւնները, Արմէն Սարգսեանը պատասխանեց. «Կը լինի որոշում՝ կը քննարկենք այդ հարցը։ Կան համապատասխան մարմիններ, դրանով պէտք է իրենք զբաղւեն։ Նոյն ձեւով Մանուէլ Գրիգորեանն է, որի գործը գտնւում է դատարանում, ժողովրդի տրամադրութիւնները բոլորս լաւ գիտենք։ Ժամանակին ձերբակալւեց Արցախի հերոս Սամուէլ Բաբայեանը, յետոյ դուրս եկաւ։ Ասեկոսեների վրայ կարծիք չեմ ուզում արտայայտել, դա արհեստավարժութեան նշոյլ չէ։ Կը սպասենք՝ ամէն ինչ իր տեղը կընկնի»։ 

Արդեօք Դաշնակցութիւնը կը շարունակի Երեւանում կոալիցիա կազմել իշխանութիւնների հետ եւ միւս կողմից մտահոգութիւն յայտնել Քոչարեանին կալանաւորելու հետ կապւած, հարցին ի պատասխան, մեր զրուցակիցն արձագանգեց. «Եթէ ուշադիր նայէք Գերագոյն մարմնի յայտարարութեանը, ապա յստակ ձեւակերպումները կան, պէտք է գործել օրէնքի սահմաններում, ասում ենք՝ պէտք է այնպէս անել, որ սա չդիտւի քաղաքական հետապնդում։ Ընդհանրապէս պէտք չէ ընկնել ծայրայեղութիւնների գիրկը՝ մարդուն լաւը պէտք է լաւ ասել, վատը՝ վատ։ Եթէ պատժում ես վատի համար՝ պէտք է ասես սա սխալ է ու համապատասխան որոշում կայացնես, իսկ եթէ լաւ բան է անում՝ ասես , բայց սխալները չմոռանաս։ Մարդուն չի կարելի միայն սեւացնել կամ արդարացնել։ Երբ ժողովուրդը դա գիտակցի՝ ամէն բան իր տեղը կընկնի»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։